Ամերիկյան հեղինակավոր Stratfor հետախուզա-վերլուծական հարթակը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած կարճատև պատերազմին, արագ գրանցված հաղթանակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և տարածաշրջանում հնարավոր զարգացումներին։ Վերլուծության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը կբարձրացնի նրա բանակցային ներուժը Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում, և Բաքուն կշարունակի սպառնալ Երևանին՝ ռազմական գործողությունների լծակները պահպանելով: Մինչ այժմ Երևանը հույս ուներ զիջումներ կորզել Զանգեզուրի տարանցիկ միջանցքի (որը կապում է Ադրբեջանն ու նրա Նախիջևան էքսկլավը Հայաստանի տարածքով) հարցում՝ պայմանավորելով հարցը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և կարգավիճակի հետ։ Բայց, նվաճելով Լեռնային Ղարաբաղը, Բաքուն փաստացի անհնարին դարձրեց այդպիսի առևտուրը՝ չեզոքացնելով Հայաստանի այս լծակները խաղաղության բանակցություններում:
Վերականգնելով իր ողջ ինքնիշխան տարածքը և միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Ադրբեջանը կփորձի մեծացնել իր առավելությունը՝ սպառնալով հարձակվել Նախիջևան տանող ցամաքային միջանցքի կամ հարավային Հայաստանի լայն հատվածների վրա։ Մինչդեռ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կձգտի դիմակայել այս ուժեղ սպառազինմանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ենթադրյալ էթնիկ զտումների պատճառով առաջացած վրդովմունքի ֆոնին։ Այնուամենայնիվ, ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների սպառնալիքը, ի վերջո, կդրդի Հայաստանին՝ ընդունել խաղաղության համաձայնագրի ադրբեջանական պայմանները։ Այդ պայմանների թվում կլինեն նվազագույն սահմանափակումների երաշխավորումը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքով բեռների տարանցման համար»։
Այնուհետև վերլուծականը շարունակում է.
«Ցածր հավանականությամբ, ռազմական սցենարի դեպքում Ադրբեջանի գործողությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կարող է լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ: Պատերազմ կարող է բռնկվել, եթե զգալիորեն սրվեն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրետակոծությունները կամ, որ ավելի հավանական է, եթե Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացնի Զանգեզուրի միջանցքը բացելու համար՝ Նախիջևանի հետ տարածքային կապ ստեղծելու նպատակով: Այս մի սցենարը, սակայն, հավանական է՝ կհանգեցնի Արևմուտքի պատժամիջոցներին Ադրբեջանի նկատմամբ և կկրճատի այդ երկրի կառավարության հետ համագործակցությունը: Բայց Բաքուն դժվար թե ձգտի այս սցենարին, քանի որ ցանկանում է խուսափել այն մարտահրավերներից, որոնք բխում են առանց միջազգային հանրության աջակցության տարածքային բռնազավթումից. այս առումով լավագույն օրինակը հենց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան է 1990-ականների սկզբից մինչև 2020 թվականը, որը երբեք չճանաչվեց։ Նույնն էլ Ռուսաստանի շարունակական ագրեսիայի հանդեպ վերաբերմունքն է»։
Այնուհետ, Stratfor-ը եզրակացրել է.
«Հայաստանում կարող են շարունակվել հակակառավարական և հակաադրբեջանական ցույցերը, բայց Փաշինյանը, հավանաբար, կմնա իշխանության, քանի որ ընդդիմությունը չափազանց թույլ է նրան պաշտոնանկ անելու կամ նրա հեռացումն արդարացնելու համար կենսունակ քաղաքական հարթակ առաջարկելու հարցում: Սեպտեմբերի 19-ի գիշերը Փաշինյանի պաշտոնական նստավայրի մոտ հավաքվել էր բազմություն՝ պահանջելով նրա հրաժարականը, միաժամանակ վանկարկելով հակաադրբեջանական և հակակառավարական կարգախոսներ։ Ոմանք պահանջել են նաև անհապաղ պատերազմ հայտարարել Ադրբեջանին և փորձել են ներխուժել շենք։ Միաժամանակ, հայերի մեկ այլ խումբ մեծ ցույց է անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ վանկարկելով տարբեր կարգախոսներ ընդդեմ ռուս զինվորականների, ՌԴ–ի և ՀԱՊԿ–ի, որի անդամ են և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։
Բողոքի ցույցերը Երևանում, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, բայց դժվար թե տապալեն Փաշինյանին, քանի որ նրա ընդդիմախոսները ոչ գրավիչ այլընտրանքներ ունեն՝ հիմնավորելու նրա հեռացումը հայ հանրության առաջ, ու ոչ արժանահավատ ռազմավարություն՝ կապված Ադրբեջանի հետ: Օրինակ, եթե հակառակորդները փորձեն հեռացնել նրան օրինականորեն կամ հեղաշրջման միջոցով՝ պնդելով, որ երկիրը պետք է ստանձնի Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը, դա կհանգեցնի լայնածավալ պատերազմի, որում Հայաստանը, հավանաբար, կպարտվի: Արդյունքում՝ դավադիրները կլինեն ոչ պոպուլյար և դժվար թե մնան իշխանության: Այնուամենայնիվ, հայկական ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մեղադրել Փաշինյանին Լեռնային Ղարաբաղը կորցնելու համար՝ պնդելով, որ Ռուսաստանից նրա հեռանալն է պատճառը, որ Մոսկվան չկարողացավ ապահովել 2020 թվականի հրադադարը»։
Խոսելով Արևմուտք-Հայաստան հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և ապագայի հնարավոր ռազմական գործակցության մասին՝ Stratfor-ն ամբողջացրել է.
«Մինչ Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այդ քայլերը դժվար թե ազդեցիկ լինեն, քանի դեռ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ագրեսիա չի սանձազերծել: Քանի որ ռազմական գործողություններն ամբողջությամբ սահմանափակված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքով և արդեն ավարտված են, արևմտյան կառավարությունները դժվար թե վճռական պատասխան տան, թեև նրանք ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հնարավոր էթնիկ զտումների հետ:
Քիչ հավանական է նաև, որ Արևմուտքը Հայաստանին մեծ աջակցություն կտրամադրի՝ լինի դա ռազմական տեխնիկայի լայնածավալ մատակարարումների, թե զորքերի տեսքով, որը կկասեցնի Ադրբեջանի՝ հայկական տարածքում ապագա գործողությունների սպառնալիքները: Հայաստանին կոնկրետ օգնություն ցուցաբերելու դժկամությունը մեծապես պայմանավորված է համաշխարհային տնտեսության դանդաղեցմամբ և Ուկրաինային աջակցելու վրա Արևմուտքի կենտրոնացմամբ․ սահմանափակումներ, որոնք դժվար թե շուտով վերանան: Բացի այդ, Հայաստանի հրաժարումը՝ ավելի վճռականորեն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց (և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անսասան աջակցությունն Ադրբեջանին) նշանակում է, որ ՆԱՏՕ-ն դժվար թե գործուն կերպով աջակցի Հայաստանին կամ մեկուսացնի Ադրբեջանին:
Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում որոշիչ քայլ է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման հարցում՝ հօգուտ Թուրքիայի և Արևմուտքի։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը Մոսկվայի կողմից 2020թ․ նոյեմբերին կնքված զինադադարով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունք է։ Նրա մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ հայ վերնախավում և լայն հասարակության մեջ աճում է դժգոհությունը Ռուսաստանի հետ երկրի սերտ հարաբերություններից: Թեև քիչ հավանական է, որ Հայաստանը ձգտի արագ դուրս գալ Ռուսաստանի գլխավորած կազմակերպություններից, ինչը կնվազեցնի նրա լծակները Բաքվի հետ շարունակվող խաղաղ բանակցություններում, նման խոսակցությունները, հավանաբար, թափ կստանան առաջիկա տարիներին:
Ռուսաստանը կձգտի հակազդել Հայաստանում իր անկումային ազդեցությանը՝ սերտ հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը և Թուրքիան գիտեն Ռուսաստանի կողմից բխող վտանգները, ներառյալ քաղաքական միջամտությունը, ներխուժումը և տնտեսական պարտադրանքը: Հետևաբար, Երևանն ու Բաքուն ձգտելու են հետևողականորեն նվազեցնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում: Այդ նպատակով Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կձգտի կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, երբ վերջնականապես կնքվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Սա ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կխորացնեն իրենց կապերը Թուրքիայի (և հավանաբար՝ Եվրամիության) հետ Մոսկվայի հաշվին»։