Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Рус Eng

Իսկ դուք պատասխան ունե՞ք

Վերլուծություն

26 Օգոստոսի 2023, 21:16

2021թ. մայիսի 20-ին Արցախի ԱԺ երեք՝ ՀՅԴ, Արդարություն և ԱԺԿ խմբակցությունները հայտարարություն տարածեցին և վերահաստատեցին 2020թ. նոյեմբերի 10-ին ձևակերպած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ հավելելով, որ նա Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին չպետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ կուսակցությանը: Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ են մտադիր անել, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտա, ընդդիմադիր պատգամավորը պատասխանել էր հստակ և շատ անկեղծ. «Օր ու արև չենք տալու»։ 

Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է Ստեփանակերտի «խորհրդավոր ընթրիքի» կոչնականների ինքնությունը՝ նախկին նախագահների Արկադի Ղուկասյան և Բակո Սահակյան, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան, ԱԺ ՀՅԴ և ԱԺԿ խմբակցությունների ղեկավարներ Արթուր Մոսյիյան և Աշոտ Ղուլյան,  (հետաքրքիր է, թե ինչո՞ւ նրան չեն ներկայացրել որպես ԱԺ երկարամյա նախկին նախագահ), «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյան, և ևս մեկ անձ, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ: Իրավիճակը ներկայացվում է այնպես, որ ոչ ոք Արայիկ Հարությունյանից հրաժարական չի պահանջել, նման մտադրության մասին նա ինքն է հայտարարել, ինչին, ի մասնավորի, դեմ է եղել նախկին նախագահ Բակո Սահակյանը:

Որպես կանոն՝ հրաժարականի մտադրության մասին երկրի ղեկավարը  խորհրդակցում է նախ իր քաղաքական թիմի հետ, ապա՝ տեղեկացնում Անվտանգության խորհրդի անդամներին, կառավարությանը: Եվ եթե խորհդատվություններում ձևավորվում է միասնական կարծիք կամ մեծամասնությունը համաձայնում է, որ նախագահը պետք է հեռանա, նա այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովին: Նման քննարկումներ Ստեփանակերտում, դատելով մամուլի հրապարակումներից և առանձին գործիչների հայտարարություններից, չեն կայացել: 

Խնդիրը նախապատմություն ունի: Բանն այն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ խմբակցությունների հայտարարությանը նախնական համաձայնություն էր տվել նաև «Միասնական հայրենիք» կուսակցությունը, բայց արդեն հրապարակման պատրաստ տեքստը չէր ստորագրել, ինչպես նաև չէր միացել 2021թ. մայիսի 20-ի հայտարարությանը: Փաստացի, նախագահի հրաժարականի պահանջ ներկայացրել է ութ պատգամավոր: Երեքը՝ ՀՅԴ-ից, երեքը՝ «Արդարությունից», երկուսը՝ ԱԺԿ-ից: Բոլորովին այլ իրավիճակ կլիներ, եթե նրանց միանային «Միասնական» հայրենիք խմբակցության 9 պատգամավորները: 

Քանի որ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը խորհրդարանում նույնիսկ պարզ մեծամասնություն չունի, կստացվեր, որ ԱԺ-ում ձևավորվել է Միասնական հայրենիք-ՀՅԴ-Արդարություն-ԱԺԿ քաղաքական կոալիցիա, որ կարող էր սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով նախագահին անվստահություն հայտնել: Բայց այդ դեպքում պետք է լուծարվեր նաև Ազգային ժողովը: Այդպիսին է Արցախի սահմանադրությունը: Ավելի քան երկամյա տառապանքից հետո ընդդիմությունը նոու-հաու է բերել. ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որ ռազմական դրության պայմաններում նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ոչ ոք «անակնկալից» ապահովագրված չէ, խորհրդարանը ոչ միայն չի ցրվում, այլև գործող նախագահի լիազորությունների մնացած ժամկետով Արցախի նախագահ ընտրելու իրավասություն է ստանում: 

Ինչո՞ւ է այս, իմ կարծիքով հակասահմանադրական փոփոխությունը կատարվել: Որպեսզի ապահովվի իշխանության անցնցում տրանզիտ՝ Արայիկ Հարությունյանից նրան, ում շուրջ համաձայնության կգա «մեծ ութնյակը»՝ քաղաքական դասավորությունից դուրս թողնելով «Միասնական հայրենիք» կուսակցությանը: Պարզ ասած՝ նոր իշխանություն ձևավորվի կոնսենսուս-մինուս Սամվել Բաբայան սկզբունքով: Հիմա որքանո՞վ է դա նպատակահարմար այսօրվա իրավիճակում: Ըստ էության, խնդիր է(ր) դրված կրկնել 2007թ. նախագահի միասնական թեկնածուի նախադեպը: Բայց այն ժամանակ Սամվել Բաբայանն Արցախում չէր, չկար «Միասնական հայրենիք» կուսակցություն: 

Այսօր Սամվել Բաբայանը Ստեփանակերտում է, նրա գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն է: Եվ եթե նպատակն իրոք համախոհ իշխանության ձևավորումն է, ապա գաղափարի հեղինակներն ինչպե՞ս են պատկերացնում Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահի, նրա ձևավորած կառավարության գործունեությունը, եթե ԱԺ գրեթե մեկ երրորդը ներկայացնող քաղաքական ուժի առաջնորդը «խորհրդավոր ընթրիքի» սեղանին կոչնական չէ: 

Սա համախոհությո՞ւն է: Ընդդեմ Սամվել Բաբայանի՝ այո՛, բայց դա Արցախի քաղաքական ամբողջության և հանրային համերաշխության ուղղակի մասնատում է «համախոհականների» և «բաբայանականների» միջև:  Տրամաբանական է թվում, որ եթե Արայիկ Հարությունյանը «մեծ ութնյակին» նույնիսկ խոստացել է հրաժարական տալ, ապա «երդմնազանց է եղել»՝ իրավիճակի խորքային վերլուծությունից հետո գալով ստույգ եզրակացության, որ այդ դեպքում ունենալու ենք ավելի մասնատված հանրություն: 

Քաղաքականությունից փորձել «արտաքսել» մի գործչի, որ 2019 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու հարցով 25 հազար ստորագրություն է հավաքել, իսկ մեկ տարի հետո խորհրդարանական ընտրությունների մրցապայքարում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, այլ կերպ չես անվանի, քան ներքին դիմակայության հրահրման ուղղակի ազդակ, նույնիսկ՝ դրդիչ: Իր «երդմնազանցությամբ» Արայիկ Հարությունյանը կանխել է ներքաղաքական ավելի վտանգավոր ճգնաժամը: Քաղաքական գործչի նկատմամբ վերաբերմունքը չի կարելի պայմանավորել անձնական համակրանքով կամ հակակրանքով: 

Դու կարող ես Սամվել Բաբայանի հետ անձնական խնդիրներ, նրա դերի և վաստակի մասին սեփական կարծիքն ունենալ, չկիսել տեսակետը, որ 1992թ. ամռանը հենց նա է Արցախը փրկել: Դա պատմա-քաղաքական բանավեճի, ճշգրտումների թեմա է, իսկ մենք գործ ունենք իրականության, գետնի վրա առկա իրողությունների հետ: Եվ երբ ասում են, որ Սամվել Բաբայանը «չունի նախկին հեղինալությունը»՝ հարց է ծագում. «Իսկ ո՞վ ունի 2020թ. մարտ ամսվա դրությամբ քաղաքական ռենոմեն, վստահության պաշարը»: Ոչ ոք չունի: Ո՞վ է պահպանում հանրային այն աջակցությունը, որ ուներ պաշտոնավարման տարիներին: (Եվ դեռ հարց է՝ դա իրակա՞ն աջակցություն կամ վստահություն էր, թե՞ զբաղեցրած դիրքից ածանցված վերաբերմունքի դրսևորում): 

Խմբակային և «խորհրդավոր ընթրիքի» միջավայրում փոխանակվող սիրալիրությունները դեռևս վկայություն չեն, թե «մեծ ութնյակն» ինքը գաղափարա-քաղաքական «մի մարմին-մի հոգի է»: Ոչ ոք երաշխավոր չէ, որ իշխանափոխության գալու դեպքում «միասնական թիմը», որ ռուսների ասած՝ ակնհայտորեն «սպիտակ թելերով է կարված» մի վճռական պահի չի կազմաքանդվի: Մանավանդ, ինչքան հասկացվում է, նրանք միասնական  են միայն մի՝ «հականիկոլականության» հարցում: Բայց արդյոք դա՞ է Արցախի գերխնդիրը:

Իսկ ի՞նչ  է տալիս Արցախին այդ համախոհությունը: Միայն մի «խորհրդանիշ»՝ դառնալ Հայաստանը «թուրք-նիկոլականությունից ազատելու սուրբ գործի առաջամարտիկ»: Իհարկե, իր կորստից հետո: Բայց հարցերի հարց է՝ կորուսյալ Արցախով Հայաստանում իշխանափոխություն հնարավո՞ր է: Դատելով սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթի հրապարակումներից՝ ոչ, բացառված է: Արցախի կորուստն, ընդհակառակը, ավելի է ամրապնդելու այն նարատիվը, որ «արցախցիները փախել են պատերազմից, հիմա էլ նպատակ են դրել հանձնել Սյունիքը և Հայաստանը զրկելով ինքնիշխանությունից՝ վերածել ռուսական գուբեռնիայի»: 

Քաղաքականությամբ զբաղվող անհատները և խմբերը նախ պետք է «շոշափեն հանրության զարկերակը»: Բավական չէ ասել՝ «Լաչինի միջանցքը Նիկոլն է փակել»: Պետք է կարողանալ ամենից առաջ Արցախի հանրության պատասխանը տալ. «Իսկ դուք որտե՞ղ էիք և ի՞նչ եք արել»: Իսկ այդ հարցն արդեն խմորվում է և մի օր «պայթելու է»: Գուցե թե ոչ այնքան Վերածննդի հրապարակում, որքան «խորհրդավոր ընթրիքի սեղանին»:  Իսկ դուք պատասխան ունե՞ք, պարոնայք:

Վահրամ Աթանեսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում