Վերլուծություն

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել

Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանին հաջողվեց տնտեսության ոլորտում տպավորիչ աճ գրանցել։ Սա՝ հակառակ բոլոր սպասումներին, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական տնտեսության մեջ ստեղծված խնդիրները կտեղափոխվեն նաև այստեղ։

Իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հիմնականում առևտրի ու ծառայությունների մատուցման հաշվին։ Բնակության համար Հայաստան տեղափոխված ռուսների, նաև՝ ուկրաինացիների «շնորհիվ» երկրում որոշակի աշխուժություն է։ Պատահական չէ, որ հիմնական աճը արձանագրվել է հենց առևտրի ու ծառայությունների և դրանց հետ փոխկապակցված ոլորտներում։

2022թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 14.2% էր, այս տարվա առաջին եռամսյակին արձանագրվել է 12.2% աճ։ Նաև ակնառու է բյուջեի եկամուտների աճը։ Այս տարվա հունվար-մարտին 22,9 տոկոսով աճել է ծառայությունների ոլորտը, 21 տոկոսով՝ առևտուրը։ Կրկնակի աճ է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում.  2,3 անգամ աճել է արտահանումը, 89 տոկոսով ավելացել է ներմուծումը։

Սակայն ակնհայտ է, որ երկրի տնտեսական այս աճը որքան ոգևորիչ է, այնքան էլ՝ խնդրահարույց։ Երկար հեռանկարում տնտեսական աճի շարունակականության հարցը միանշանակ չէ։ Այս մասին բազմիցս ասել են տնտեսագետները՝ նախազգուշացնելով, որ երբ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, երբ Հայաստան տեղափոխված ռուսներն ու ուկրաինացիները հեռանան, տնտեսական աճի տեմպերը կտրուկ կընկնեն։

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց Հայաստանի տնտեսության պոտենցիալի մասին։ Իսկ մեր երկրի պոտենցիալը փոքր է։ «Մեր տնտեսագետներից անընդհատ լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն, իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան աճում է տնտեսությունը։ Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը, և ուզում ենք, որ մեր զարգացման պոտենցիալն ավելանա»,- կառավարության նիստում ասել էր նա:

Նշենք, որ տնտեսական ներուժը որոշող հիմնական գործոնների թվում են աշխատանքային ռեսուրսները, արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության արտադրական կարողությունները, երկրի տրանսպորտային ցանցերի զարգացումը, սոցիալական ենթակառուցվածքները և գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը։ 

Նախորդ տարիների արտագաղթի հետևանքով երկրի աշխատանքային ռեսուրսները կրճատվել են՝ բացասական հետևանք թողնելով տնտեսության մյուս ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ մեծ թվով օտարերկրացիների գալուց հետո հատկապես տնտեսությունը նոր թափ ստացավ։

Ու հիմա կառավարության համար գերխնդիր պետք է դառնա տնտեսական աճի իրական պոտենցիալի ավելացումը, առանց որի՝ տնտեսական աճի շարունակականությունը հազիվ թե լինի։ Իսկ քանի դեռ հնարավոր է եղած աճը կապիտալիցազնել, պետք է շտապել։