Վերլուծություն

Ռուսաստանն իր ձե՞ռքն է վերցնում Արցախի կառավարումը. «Я устал» ելցինյան ոճի դրամայի սպասումով

Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար՝ ինչպես և սպասվում էր, բավականին լայն լիազորություններով։

Այդ նպատակով Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է կատարել  Արցախի պետնախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին հրամանագրում և սահմանել ոլորտները, որ պետք է համակարգի նորանշանակ նախարարը։ Ցանկը բավական պատկառելի է. ի թիվս այլ նախարարությունների՝ պետնախարարը համակարգելու է ԱԳՆ-ն, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները։ Բացի այդ՝ նրա համակարգման ոլորտում է լինելու ՊԵԿ-ը, ՊՎԾ-ն ու մի շարք կոմիտեներ։ Այսինքն՝ Ռուբեն Վարդանյանը համակարգելու է Արցախի քաղաքական ու տնտեսական ամբողջ սպեկտորը։

Ռուբեն Վարդանյանը հանրությանը հայտնի է որպես ռուսաստանահայ գործարար, մեծահարուստ։ «Ֆորբս» պարբերականի տվյալներով՝ նա ՌԴ ամենահարուստ հայերի առաջին հնգյակում էր։ Անձնապես էլ բազմիցս հայտարարել է նախկինում, որ քաղաքական հավակնություններ չունի։ Ավելին՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու ժամանակ Վարդանյանը պնդում էր՝ զբաղվելու է հանրային գործունեությամբ։ Բայց այժմ կարծես պլանները փոխվել են և նա դարձել է Արցախում թիվ 2-րդ պաշտոնյան։ Նկատի ունենալով նրա համակարգման ոլորտների բազմազանություն ու կարևորությունը՝ Վարդանյանը Արցախում քաղաքական թիվ մեկ դեմքն է դառնում։ Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու, ապա Արցախ տեղափոխվելու, հիմա էլ լայն լիազորություններով պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու որոշումը պատահական չէր։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայվել, և սրանով ՌԴ-,ն ըստ էության, դարձել է Արցախի անվտանգության երաշխավորը։ Բայց սա, կարծես թե, բավարար չէ, եթե հաշվի առնենք փաստը, որ ռուս խաղաղապահ զորախմբի հետագա ներկայությունն Արցախում կախված է նաև Ադրբեջանից, և հինգ տարին մեկ, եթե կողմերն առարկություն չներկայացնեն, նրանց ներկայությունը պետք է երկարաձգվի։

Այժմ, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ «գործուղվելու» արդյունքում Ռուսաստանը կարծես ամբողջական վերահսկողության տակ է վերցնում Արցախի պետական կառավարման համակարգը։ Ու թեև, Արցախի սահմանադրության համաձայն, այնտեղ նախարարներ նշանակել-ազատելու իրավասությունը դեռ նախագահին է վերապահված, սակայն պարզ է, որ կադրային քաղաքականությունն ու ընդունվելիք որոշումներն այսուհետ կայացնելու է Ռուբեն Վարդանյանը, իսկ Արայիկ Հարությունյանը կամաց-կամաց վերածվելու է «անգլիական թագուհու», միգուցե՝ շուտով իր տեղը զիջելով Վարդանյանին, ասենք՝ «я устал» ելցինյան ոճով։

Հարկ է նկատել, որ Վարդանյանին վերապահված ոլորտների մեջ ընդգրկված չեն Արցախի ուժային կառույցները՝ պաշտպանության բանակ, ոստիկանություն, ԱԱԾ և այլն։ Հաշվի առնելով ԱԽ քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը և ռուս խաղաղապահների գործուն ներկայությունը Արցախում՝ կարելի է գնահատել, որ ռուսական կողմն այս հարցը ևս լուծել է։ Այլ կերպ ասած՝ Արցախում ունենք երկու հստակ բևեռներ. մի կողմից՝ քաղաքական ու ֆինանսատնտեսական, մյուս կողմից՝ ուժային կառույցներ, որոնց ղեկավարումը, մեծ հաշվով, իրականացվելու է նույն կենտրոնից, պարզապես՝ տարբեր մարդկանց միջոցով։ 

Արցախում, այսպիսով, աստիճանաբար հաստատվում է ռուսական պրոտեկտորատ. իսկ Հայաստանում մարդիկ կան, որ դեռ պնդում են, թե Ռուսաստանը չի կարողանում Ադրբեջանին զսպել։ Հապա՝ ինչո՞ւ Ադրբեջանը մի ծպտուն իսկ չի հանում ռուսական հովանավորությունը վայելող այս պաշտոնյաների նշանակման հարցով։ Ո՞վ կարող է պատասխանել։