Վերլուծություն

Բրյուսելյան «հումանիտար» հանդիպումը չի չեզոքացնի Մոսկվայի առաջատարությունը

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ բրյուսելյան հանդիպմանը նախորդած ակնկալիքները միանշանակ չէին։ Որևէ հստակ տեղեկություն չկա այն մասին՝ նախատեսվո՞ւմ էր ստորագրել փաստաթուղթ, թե՞ ոչ։  Այդ սպասումները և կանխատեսումները պայմանավորված էին նաև հանդիպման վայրով և կազմակերպող կողմով. ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսել, կազմակերպիչ՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշել։ Հավաքական Արևմուտքի ռազմաքաղաքական կենտրոնի և ընդգծվող առաջնորդի դերակատարությունն այդ բանակցություններում շահարկումների տեղիք էր տալիս, հատկապես ռուսական քաղաքական կողմնորոշում ունեցող շրջանակների կողմից՝ դրանք ստվերելու հստակ նպատակով։ Նման շրջանակներից եկող շեշտադրումները ակնհայտ են դարձնում Հվ. Կովկասում Արևմուտքի ազդեցության հնարավոր աճի նկատմամբ անհանգստությունները։

Լիովին պարզ է, որ և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ հավաքական Եվրոպան աշխարհաքաղաքական զարգացումներում առաջնորդվում են սեփական ազգային-պետական ու տարածաշրջանային շահերով, հետևաբար, պետք է այդ քաղաքագիտական ճշմարտությունը նկատի ունենալ՝ ցանկացած նախաձեռնություն գնահատելիս։ Բրյուսելում հանդիպում կազմակերպելը Արևմուտքի համար ինքնանպատակ չէր։ Ավելին, միտված էր Հարավային Կովկասում Մինսկի խմբի փաստացի անգործության պայմաններում եվրոպական նախաձեռնողականության գործոնի թուլացումը բացառելուն։ Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել բուն հանդիպումը և դրա արդյունքները։

Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման ամփոփումները թույլ են տալիս պնդել, որ եվրոպական միջավայրում կազմակերպված հանդիպմանը հումանիտար ու մարդասիրական բնույթի հարցերն ավելի մեծ տեղ են զբաղեցրել։ Իհարկե, սա, առավելագույնը, լրացնող գործոն է խաղաղության համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման օրակարգին։

Նախագահ Միշելի հայտարարությունը, որ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները ցանկություն են հայտնել արագորեն մոտենալ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, խոսում է առկա որոշ նրբությունների մասին։ Նախ, այդպիսով լայն հանրության համար պահպանվում է եվրոպական քաղաքակրթության խաղաղասիրական կերպարը, մյուս կողմից՝ թույլ տալիս՝ տարածաշրջանում ներկայանալի մնալ և ասպարեզն ամբողջովին չթողնել ՌԴ-ին և Թուրքիային։

Հանդիպման վերաբերյալ հանրային-մասնագիտական տարբեր շրջանակներից հնչում են հարցադրում-մեղադրանքներ, որ Լեռնային Ղարաբաղին և նրա շուրջ իրադարձություններին առարկայական ու հասցեական անդրադարձ չի եղել։ Տպավորություն կա, որ Բրյուսելի հանդիպմանը Լեռնային Ղարաբաղին անդրադարձ չի եղել լռելյայն կոնսենսուսով՝ նկատի ունենալով, որ այդ ուղղությամբ գործնական լուծումների բանալիները պատկանում են Մոսկվային, թեկուզև՝ վերջինիս խաղաղապահների առկայությամբ պայմանավորված։ Այս փաստի օգտին է խոսում ապրիլի 7-ին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի պարզաբանումն այն մասին, որ Փառուխի իրադարձությունների հետագա շոշափումը Բրյուսելում նպատակահարմար չի գտել։ Սա ակնարկ է առ այն, որ այդ խնդրի հասցեատերը ՌԴ-ն է, և ոչ՝ Արևմուտքը, ինչպես նաև մեսիջ է Մոսկվային, որ, այդ թեմայով հետագա քննարկումներից խուսափելով, հրաժարվել է եվրոպական դիվանագիտական միջավայրում կասկածի տակ դնել ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի արդյունավետությունը։

Այժմ, դիվանագիտական առումով, գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Ի թիվս միջազգային այլ խոշոր դերակատարների՝ Մոսկվան ևս ողջունել է բրյուսելյան հանդիպումը։ Ապիլի 8-ին Մոսկվայում՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովն անգամ հայտարարեց, որ այդ հանդիպումն առանձնապես նորություն չի պարունակել և, ըստ էության, եղել է այն խորհրդակցությունների համատեքստում, ինչ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ առաջնորդները պայմանավորվել են։ Առաջիկայում ՀՀ վարչապետի՝ ՌԴ այցի ժամանակ կդրսևորվի ռուսական կողմի առարկայական վերաբերմունքը Հարավային Կովկասում Եվրոպայի միջնորդական ակտիվությանը, և, այդպիսով, տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու քայլերին։ Առաջիկայում առավել հստակ կերևա՝ արդյո՞ք ՌԴ-ն բրյուսելյան հանդիպման իրողությունն ընդունում է որպես ԵՄ-ի հետ Հվ. Կովկասում կոնսենսուսի մեկնակետ կամ սոսկ որպես մեծ պրոցեսի մի էպիզոդ, թե՞ նոր օրակարգ կառաջադրի։ Դատելով ՌԴ ԱԳ նախարարի արձագանքից՝ ռուսական միջամտությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առայժմ սպասողական է՝ սոսկ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված։ Իսկ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի և խաղաղության համաձայնագրի կնքման հարցերում Ռուսաստանն անխուսափելիորեն ակտիվ և, թերևս, առաջնորդող դերակատարություն է պատրաստվում ստանձնել։

Արտակ Խաչատրյան