Արցախ

ԼՂ-ից տեղահանվածների վարկային պարտավորությունների վերաբերյալ մշակվել են լուծումներ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառու ընտանիքին տրամադրված հավաստագիրը կարող է յուրացվել գործող ժամկետանց վարկային պարտավորություններ չունենալու դեպքում։ 

Արցախցիները վերջին շրջանում բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ նշելով, որ առաջարկված բնակապահովման ծրագիրը խնդիրներ ունի, ինչի պատճառով չեն կարողանում օգտվել դրանցից։ 

Խնդիրներից մեկը բազմաթիվ արցախցիների վարկային պարտավորությունների հարցն է, որը խոչընդոտ է հանդիսանում տրամադրված հավաստագրերը օգտագործելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարի մի մասը հիփոթեքային վարկով ձեռք բերելու համար։ 

Radar Armenia-ն հետաքրքրվել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում, և ինչ լուծումներ են առաջարկվում նշյալ խնդրի առնչությամբ։ 

«Անձի վարկային պարտավորություններ ունենալու խնդրի կարգավորման առնչությամբ կենտրոնական բանկի հետ քննարկվել և ԿԲ կողմից մշակվել են լուծումներ, որոնք ներկայումս գտնվում են հաստատման փուլում»․ Radar Armenia-ի հարցմանը պատասխանել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

ԼՂ-ից տեղահանվածները հաճախ նշում են, որ երբ գնում են բանկ՝ վարկ վերցնելու, իրենցից հավելյալ երաշխիք են ուզում։ 

Նախարարությունը սրա առնչությամբ պարզաբանել է. «Համաձայն գործընկեր ֆինանսական կազմակերպություններից ստացված պարզաբանման՝ նման պահանջ առկա չէ»: 

Ինչ վերաբերում է բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջին, նախարարությունից նշում են, որ Հայաստանի քաղաքացիություն ունենալու պարտադիր պահանջը որևէ կերպ չի խաթարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքները․ 

«ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակարանային ապահովումը նպատակ ունի աջակցել ծրագրի պոտենցիալ այն շահառուներին, որոնց աշխատելու, ապրելու և կրթվելու երկարաժամկետ պլանները կապված են ՀՀ-ի հետ»,- ասված է հարցման պատասխանում։ 

Նշենք, որ արցախցիների հակափաստարկն այն է, որ բնակապահովման պայմաններում արդեն իսկ կա կետ, որ եթե ընտանիքի 1 անդամը երկրից բացակայի տարեկան 183 օրից ավելի, ընտանիքը կզրկվի բնակարանից, ու ըստ բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիության պահանջն այս իմաստով ավելորդ է։ 

Անժելա Պողոսյան