Հարցազրույց

Հայ հանդիսատեսը երաժշտությունը լսում է սրտով. Ալեքսանդր Ռիբակ

Radar Armenia-ի զրուցակիցն է նորվեգացի երաժիշտ, երգիչ, ջութակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Ռիբակը։

-Դուք ծանո՞թ եք հայկական երաժշտությանը կամ մշակույթին։ Ինչպե՞ս տրվեց որոշումը՝ այցելել հայ հանդիսատեսին։

-Որպես դասական ջութակահար, իմ սիրելի կոմպոզիտորներից մեկը միշտ եղել է Խաչատուրյանը։ Ես հաճախակի եմ լսում «Սուսերով պարը» ու նրա հայտնի վալսը։ Շառլ Ազնավուրն էլ ունի հայկական  արմատներ, այդպես չէ՞։ Նրա ձայնը միշտ դիպել է իմ սրտին։ Անկեղծ ասած, պարզապես որոշել եմ, որ ժամանակն է ողջ աշխարհում հանդիպել իմ երկրպագուների հետ, և, իհարկե, Հայաստանն կարևոր երկրներից մեկն էր այցելելու համար։ Ես այդտեղ երկրպագուների հոծ բանակ չունեմ, բայց  հայ երկրպագուներս շատ աջակցող են, և ուզում էի գալ ու նրանց համար երգել։

-Դուք համերգներ եք ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կարող եք առանձնացնել  տարբեր երկրների լսարանների հետ շփման մեջ, և, այս առումով, ո՞ր երկիրը կամ քաղաքն է ձեզ վրա ամենամեծ տպավորությունը թողել։

 -Իհարկե, որոշ երկրներ ավելի աղմկոտ կամ հանգիստ են լինում, քան մյուսները (Ֆինլանդիան հատկապես աջակցող է)։ Բայց ես ճանաչում եմ Լոս Անջելեսի շատ հայերի և գիտեմ, որ դուք երաժշտություն եք լսում սրտով։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից։ Կա՞ Ձեզ համար ինչ-որ յուրահատուկ բան, որ կցանկանայիք այստեղ տեսնել։

-Իմ առաջնային նպատակն է՝ ելույթներ ունենալ, իսկ եթե ժամանակ ունենամ, գուցե նաև տեսնեմ ձեր մայրաքաղաքի տեսարժան վայրերը և գեղեցիկ ճարտարապետությունը։

-Ի՞նչ կարող է հայ հանդիսատեսը սպասել Ձեր համերգից։ Անակնկալներ լինելո՞ւ են։

-Այն շատ յուրահատուկ համերգ է, քանի որ համադրություն է՝ մտերմիկ դահլիճում միասին երգելու և, ապա, դեմ առ դեմ հանդիպելու համար հանդիսատեսի հետ՝ առանձին-առանձին։ Այո, դա կպահանջի շատ ժամանակ, բայց արժե։ Սակայն այս համերգը յուրահատուկ հետաքրքիր է լինելու, քանի որ այն իմ առաջին մոմե համերգն է՝ շնորհիվ CandleNight-ի։ Այն լինելու է անչափ հետաքրքիր փորձառություն։

-Կա՞ն նախագծեր կամ ժանրեր, որոնցում կցանկանայիք փորձել Ձեզ, և արդյո՞ք մտածում եք հայ երաժիշտների հետ նոր համագործակցության մասին։

-Ամենահոգեհարազատ դուետներից մեկը եղել է սիրելի Սիրուշոյի հետ։ Մեր երգում կարելի է զգալ հայկական հոգին։

-Կարո՞ղ եք կիսվել հայ հանդիսատեսի հետ Ձեր հետագա պլանների մասին։ Նոր համերգներ արդեն կա՞ն պլանավորված։

-Մի քանի տարվա ընդմիջումից հետո աշխատում եմ ալբոմի վրա։ Ուստի սպասեք նորությունների։ Բայց առաջինը՝ հանդիպում-ողջույն և մոմեր Հայաստանում։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ռիբակի CandlNight հայաստանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերին։

Լիլիթ Աբրահամյան