Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է նպաստել վարկային դրական միտումներին․ այս մասին գրել է Fitch Ratings միջազգային գործակալությունը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
-Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ըստ Fitch Ratings-ի, կարող է միջնաժամկետ առևտրային ընդլայնման և տնտեսական աճի վրա դրական ազդեցություն ունենալ։ Ըստ Ձեզ՝ որո՞նք կարող են լինել այդ դրական ազդակները։
-Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառություն չկա, մոտ ապագայում էլ քիչ հավանական է, հաշվի առնելով վերջին 30 տարվա թշնամանքը։ Անշուշտ, դրան հասնելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Եթե խոսքը վերաբերում է տարանցիկությունից գումար աշխատելուն, Հայաստանը գումար կարող է աշխատել տարբեր երկրներից, իսկ Նախիջևան-Ադրբեջան տարանցիկությունը շատ փոքր ծավալ է, որ Հայաստանին բավական օգուտներ բերի տրանզիտ վճարների տեսանկյունից։ Հայաստանը կարող է շահել, եթե այդ ճանապարհից օգտվեն Միջին Ասիայի երկրները, օրինակ, Չինաստանը, Հնդկաստանը, որոնք իրենց բեռները Հայաստանի տարածքով տեղափոխեն դեպի Եվրոպա։ Դա անելու համար Հայաստանը պետք է բանակցի այդ երկրների հետ, արտոնյալ պայմաններ տրամադրի, երկարաժամկետ համագործակցության ձևաչափեր մշակի։ Պետք է նկատի ունենալ, որ Չինաստանը արդեն իսկ Վրաստանում նման ենթակառուցվածքներ նախապատրաստում է։ Վարձակալել է Վրաստանի նավահանգիստներից մեկը՝ դեպի Եվրոպա բեռների փոխադրում կազմակերպելու համար, հետևաբար, քիչ հավանական է, որ Հայաստանում բեռնափոխադրում լինի Չինաստանի համար։ Դա կարող է որպես այլընտրանք լինել։ Իսկ թե ինչպես են իրենց համագործակցության կամ փոխադրման աշխատանքները կազմակերպելու այս պահին, դժվար է կանխատեսել․ դա կախված է ինչպես Հայաստանի աշխատանքից, այնպես էլ՝ նրանց ծրագրերից, որը պետք է համադրվի։
-Կարո՞ղ է խաղաղությունը նպաստել ֆինանսական կայունության և ներդրումային վստահության բարձրացմանը, և ի՞նչ ռիսկեր կարող են դեռ խոչընդոտել այս գործընթացին։
-Այս պահին վաղ է խոսել ֆինանսական մուտքերից, որը կարող է ապահովվել, սակայն արձանագրենք, որ այս համաձայնագրի ստորագրման թիվ մեկ նպատակը ոչ թե տնտեսական է եղել, այլ՝ անվտանգային։ Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բազմիցս ենթարկվում էր ագրեսիայի, և ադրբեջանական կողմը հայտարարում էր՝ ուժով կարող է վերցնել այդ միջանցքը։ Հայաստանյան իշխանություններն այս փաստաթուղթը ստորագրելով փորձում են կանխել ադրբեջանական ագրեսիան։ Այնպես չէ, որ Հայաստանը չէր կարող 42 կմ ճանապարհ կառուցել ինքնուրույն կամ գումար չուներ, խնդիրը գերտերություններից մեկին այստեղ բերելն ու շահագրգռելն է, որ փորձի զսպել Ադրբեջանի կամ Թուրքիայի հնարավոր ագրեսիան։ Սա է հայկական կողմի շարժառիթը, կարճաժամկետ նպատակը։
Հիշեցնեմ՝ «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթով Հայաստանն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խոստացել էր տրամադրել ենթակառուցվածքներ Ադրբեջան-Նախիջևան կապի համար, որը պետք է վերահսկեին ռուսները։ Հիմա մեկ այլ փաստաթղթով ևս կա ճանապարհ, որը պետք է վերահսկի հայ-ամերիկյան ընկերություն։ Մենք խնդիր ունենք ռուսական-ամերիկյան փաստաթղթերի ներդաշնակեցման հետ, նկատի ունենալով նաև, որ Ռուսաստանը շահագրգռված է նույն ենթակառուցվածքներով, երկաթուղու բացմամբ, քանի որ Հայաստանի թիվ 1 ներդրողն է՝ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, և այդ երկաթուղու բացման պարագայում Ռուսաստանը կարող է իր ապրանքները փոխադրել հենց երկաթուղու միջոցով։ Հետևաբար, պետք է աշխատել և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ իրանական կողմի հետ՝ հաշվի առնելով, որ արդեն Մեղրիում կառուցվում է 32 կմ-անոց ճանապարհ, որը խաչվելու է այդ կառուցվելիք ճանապարհի հետ։ Նրանց շահերը ևս պետք է հաշվի առնել։
Լիլիթ Աբրահամյան