Կիրակի օրը Իսրայելի տարբեր քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով դադարեցնել Գազայի պատերազմը և համաձայնագիր կնքել «Համասի» կողմից պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։
Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ։
-Իսրայելում գործադուլներն ու լայնածավալ ցույցերը պահանջում են ոչ միայն պատերազմին վերջ տալ, այլև՝ անմիջապես ազատ արձակել Գազայում «Համասի» կողմից պահվող պատանդներին։ Ինչպե՞ս կբնութագրեք հասարակական տրամադրությունները․ գերակշռում է պատանդների վերադարձի պահա՞նջը, թե՞ խաղաղության հասնելու կոչերը։ Ի՞նչ ելք կունենա այս ամենը։
-Այո, հասարակական լուրջ շարժումներ են սկսել Իսրայելում՝ 2 օր առաջ 400 բնակավայրում բողոքի ցույցեր են։ Հիմնական պահանջը՝ ընկերներին ետ վերադարձնեն, և խաղաղություն հաստատվի։
-Ցուցարարները փակել են մայրուղիներ, այդ թվում՝ Թել Ավիվի գլխավոր ճանապարհը։ Արդյո՞ք այս բողոքի ալիքը կարող է վերաճել ավելի համակարգված շարժման, որը կառավարությանը կստիպի վերանայել Գազայում ռազմական գործողությունները։
-Հիմնական պահանջը գերիների վերադարձն է ու խաղաղությունը։ Բայց վարչապետն իր հաշվարկներն ունի․ 2026 թվականի աշնանը տեղի են ունենալու ընտրություններ, և եթե նա շարունակի պատերազմը, կարող է ընտրություններն ուղղակի չեղարկել։ Սրանից է ժողովուրդը վախենում։ Բայց եթե համընդհանուր գործադուլների և բողոքի ակցիաների վերածվի, Նեթանյահուն հասարակ պատասխան ունի․ ասում է՝ սա բնակչության միայն մի մասն է, իսկ մյուս մասը մեր թիկունքին է։
-Անվտանգության կաբինետը վերջերս հաստատեց Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը։ Ձեր կարծիքով՝ այս որոշումը որքանո՞վ է հակասում հասարակական պահանջներին և կարո՞ղ է խորացնել ներքին ճգնաժամը։
-Գազայի գոտու այս որոշումը մի քանի նպատակ ունի։ Նախ, նրանք մեսիջներ ուղարկեցին միջազգային խաղացողներին, որոնք շտապում էին ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Երկրորդ մեսիջը «Համասին» էր․ եթե զենքը վայր չդնես և պատանդներին բաց չթողնես ու հեռանաս Գազայից, մենք ամբողջությամբ կգրավենք այն։ Իսկ պաղեստինցիների, հատկապես՝ «Համասի» համար հողերի պաշտպանությունը ծայրահեղ մեծ նշանակություն ունի։ Նրանք, ի տարբերություն արցախահայերի, գետնի տակից էլ դուրս են գալիս և պայքարում Իսրայելի ռազմական մեքենայի դեմ։ Իսկ Արցախում մեկ օր նույնիսկ չդիմացան։
-Պատանդների ճակատագիրը շարունակում է սրել ներքին լարվածությունը․ ենթադրվում է՝ մոտ 20 հոգի դեռ ողջ է։ Ի՞նչ ազդեցություն ունի այս տեղեկությունը հասարակության և, հատկապես, ցույցերի ինտենսիվության վրա։
-Պատանդները կմախքների են նման, մարդկանց ընդհանրապես հաց էլ չեն տալիս ուտելու։ Լարվածությունն այժմ մնում է, բայց հասարակությունը ամբողջությամբ դուրս չի գալիս։ Շատերը այս պատերազմի պատճառով աշխատանք են կորցրել, և նրանք, ովքեր պատերազմի ընթացքում աշխատանք են գտել, չեն ջանում գործը թողնել ու վազել ցույցերի։ Ասում են՝ 20 հոգի դեռ ողջ է, բայց դա էլ կասկածելի է։
Լիլիթ Աբրահամյան