Հարցազրույց

Ագրարային քաղաքականություն չկա, գյուղատնտեսության պատշաճ կառավարում չի արվում. Բաբկեն Պիպոյան

Radar Armenia-ի զրուցակիցն է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

-Հուլիսին Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը կազմել է 3.4%, ինչը տեղավորվում է ԿԲ թիրախային միջակայքում։ Միևնույն ժամանակ, որոշ սեզոնային ապրանքների գներ, օրինակ, բանջարեղենի և մրգերի, զգալի տատանումներ են ապրել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հակադրությունը, ո՞ր գործոններն են առաջնային ազդում այս տատանումների վրա։

-Գլոբալ գնահատական տալը սխալ է, որովհետև ամեն ապրանքի համար պետք է առանձին վերլուծություն անել։ Եղան օրեր, երբ ծիրանի արտահանման խնդիր առաջացավ։ Այդ օրերին շուկայում ծիրանի գինը նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազեց, ապա, մի քանի օր հետո, նորից վերականգնվեց, և ինչ-որ պահի անգամ ավել եղավ, քան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հիմա այս 2 թվերը եթե մենք միջինացնենք, արդյունքում անցյալ տարվա համեմատ մի տոկոս ավել կստանանք, բացատրությունը կտանք այս իմաստով։ Գումարած դրան՝ գյուղատնտեսական ապրանքների գների կարգավորման մեխանիզմներ չկան, մասնավորապես, երբ գյուղացին տուժում է, պետությունը նրա կողքին չէ, երբ գյուղացին կարող է ունենալ շահույթներ, պետությանն ասում է՝ երբ ես պրոբլեմ ունեի, մենակ էի, ոչ մեկը չասեց՝ ինչու ես ինքնարժեքից էժան վաճառում։ Հիմա, երբ մի փոքր ավել եմ վաճառում, եկել, հարցնում եք՝ ինչու է ապրանքն ավելի թանկ, քան՝ նախորդ տարի։ 

Ագրարային քաղաքականության բացակայությամբ պայմանավորված՝ չի պլանավորվում գյուղատնտեսության պատշաճ կառավարումը։ Մի տարի բերքը քիչ է լինում, ապրանքի գինն աճում է, կամ նույն գնով վաճառում են հաջորդ տարի, հետո ասում են՝ լավ գնով էր անցած տարի։ Այդ նույն ապրանքը շուկայում ավելի շատ է լինում, սկսում է գերազանցել պահանջարկը, բնականաբար, ընկնում է։ Ուստի, գլոբալ ձևակերպել որոշ ապրանքներով՝ սխալ է, ամեն ապրանքի համար պետք է վերցնել առանձին։

-Վերջին տվյալներով՝ կարագի գներն աճել են 12.6%-ով, բանջարեղենի գները նվազել 21.7%-ով, ձվի գները նվազել են 8.3%-ով։ Ի՞նչ ուղերձ է սա տալիս սպառողական շուկայի կայունության մասին։

-Կարագը միջազգային շուկայում որոշակի գնի փոփոխությունների է ենթարկվում, այլ հարց է, որ մեր երկրում տատանումները միշտ չէ, որ սինխրոն են միջազգային շուկայի գների հետ։ Ավելի ճիշտ, սինխրոն են մի դեպքում, երբ կա գնաճ, ու հետո զսպվում է, մեզ մոտ զսպումներն աշխատում են շատ ավելի դանդաղ մեխանիզմներով։ Այստեղ, թերևս, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անելիքը մի քիչ ավելի շատ է։ Ինչ վերաբերում է բանջարեղենին և մնացածին, արդեն ագրարային քաղաքականությունն է, որովհետև իրականում մենք ագրարային պատշաճ քաղաքականություն չենք վարում։ Իսկ առանց դրա՝ ոլորտում ցանկալի արդյունքներ ապահովելը հնարավոր չէ։ Արդեն հացահատիկի, մսամթերքի ոլորտում ակտիվ են խայտառակ չարաշահումները։ Շատ ավելի ցանկալի կլիներ՝ լինեին կոշտ գնահատականներ, որովհետև կա վարկած, որ մի պահ մեր երկրում ձուն վաճառվել է ավելի էժան, քան ինքնարժեքն է։ Այլ խնդիր էլ կա՝ արտադրության ավելցուկը, վերամշակման գործարան չկա։ Այսինքն, կա ավել ձու, որ չի սպառվում, և կամ պիտի թափվի, կամ էժան ծախվի։

-Ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորումները, ԱՄՆ առևտրային քաղաքականությունը և էներգակիրների գների տատանումները կարո՞ղ են ազդել գնաճի վրա, և որոնք են հիմնական ռիսկերը, որոնք կարող են գնաճը դուրս բերել ԿԲ-ի թիրախային միջակայքից։

-Այնքան բարդ հարց եք տալիս։ Բնականաբար, չի կարող ռուս-ուկրաինական պատերազմը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունը այս կամ այն խնդրում որոշակի ազդեցություն չունենա։ Բայց պրոբլեմը ինչո՞ւմ է։ Երկրաբանության պլանավորման ենթակա խնդիրները։ Պետք է գնալ ռազմավարական պլանի ձևերով՝ A ելքի դեպքում անեք սա, B ելքի դեպքում՝ նա։ Հիմա, երբ խոսում ենք ռուս-ուկրաինական պատերազմից, կային կանխատեսումներ, որ այն կտևի 6 ամիս, մի տարի կամ ավել, և հիմա պատկերացնո՞ւմ եք՝ սխալ կանխատեսումով տնտեսություն պլանավորել։ Այսինքն, պետք է իրականացնել այնպիսի պլանավորում, որ յուրաքանչյուր սցենարի պարագայում ունենաս համապատասխան լուծում։

Լիլիթ Աբրահամյան