Հարցազրույց

Վաշինգտոնի համաձայնությունների դեմ հանդես եկող ուժերի տեղը քաղաքական աղբանոցն է

Radar Armenia-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

-Պարոն Բաբաջանյան, Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման և ստորագրված հռչակագրի շուրջ հանրային արձագանքը մեծ է։ Ոմանք դա արդեն անվանում են պատմական հաղթանակ, ոմանք՝ ազգային շահերի դավաճանություն, ոման էլ դեռ զգուշավոր են։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստաթուղթը։

- Վաշինգտոնյան հռչակագիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բացում է որակապես նոր և ռազմավարական էջ, որը չափվում է ոչ թե օրերի կամ ամիսների, այլ տասնամյակների և սերունդների հորիզոնով։ Սա բացառիկ և պատմական հնարավորություն է՝ Հայաստանը դուրս բերելու մշտական սպառնալիքների և աշխարհաքաղաքական անկայունության գոտուց՝ ապահովելով մեր պետականության անվտանգային, տնտեսական, էներգետիկ և տեխնոլոգիական կայունության երկարաժամկետ հիմքերը։ Այս փաստաթղթով մենք ստանում ենք ոչ միայն խաղաղության իրականացման ժամանակ հնարավորությունների պատուհան, այլև՝ ռազմավարական մակարդակի գործընկերային աջակցություն, որը մեզ հնարավորություն է տալիս վերջնականապես հստակեցնել և ամրագրել մեր արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և փոխադարձ շահերի վրա։ Վաշինգտոնյան հռչակագիրը Հայաստանի համար ձևավորում է հզոր արտաքին քաղաքական կապիտալ, որը մեր քաղաքական և պետական համակարգերը պարտավոր են վերածել արդյունավետ ներպետական ներուժի՝ ամրապնդելու ազգային ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը և միջազգային սուբյեկտայնությունը։

-Պրն․ Բաբաջանյան, «Վաշինգտոնի գործարքի» ի՞նչն է այն հատկապես նշանակալի դարձնում։

- Սա Հայաստանի համար ոչ միայն փաստաթուղթ է, այլև՝ մեր արտաքին քաղաքականության հստակեցված ռազմավարական ուղենիշ։ Այն ամրագրում է խաղաղության և կայունության իրավական հիմքը, ապահովում է Հայաստանի անվտանգության, պաշտպանության, տնտեսական և տեխնոլոգիական զարգացման նոր երաշխիքներ։ Այն մեզ հստակորեն դուրս է բերում անորոշությունից և տեղափոխում միջազգային հարաբերություններ՝ որպես կանխատեսելի, պատասխանատու և գործընկերության պատրաստ երկիր։

Այս փաստաթուղթը իր բնույթով կտրուկ հեռացնում է Հայաստանը մեկուսացված և անվստահ վիճակից և դնում մեզ նոր քաղաքական և տնտեսական քարտեզի վրա։

-Այս հռչակագիրը կարո՞ղ է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման որոշակիացման սկիզբ դնել, կարո՞ղ ենք ասել, որ այն ավելի հստակ է դառնում։

-Այո, և փոխվում է արմատապես։ Մենք դուրս ենք գալիս մշտական հակամարտության և անվստահության թակարդից, և այդ ճանապարհը ամրագրված է ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ՝ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնություններով և չափազանց կարևոր պայմանավորվածություններով։ Սա մեզ տալիս է անվտանգության նոր երաշխիքներ, տնտեսական ու տեխնոլոգիական գործընկերության նոր դռներ, և, ամենակարևորը, միջազգային դերակատարների աչքում մեզ դարձնում է կանխատեսելի և վստահելի գործընկեր։ Այս փոփոխությունն իր հետ բերում է նաև մեծ պատասխանատվություն՝ պաշտպանելու այս ձեռքբերումն ու այն դարձնելու անշրջելի։

-Ոմանք թերահավատ են, նշում են, որ իրական արդյունքները դեռ պետք է երևան։ Ինչպե՞ս եք գնահատում այս տեսակետները։

-Եթե սա դիտարկենք որպես պարզապես արարողակարգային քայլ, կկորցնենք դրա ամենահիմնական էությունը։ Այս հռչակագիրը կոնկրետ գործընթացների մեկնարկն ապահովող փաստաթուղթ է։ Այն ամրագրված է միջազգային իրավունքի սկզբունքներով՝ սահմանների անքակտելիություն, տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման բացառություն։ Սա ոչ միայն կանխարգելիչ է ապագա վտանգների դեմ, այլև բացում է նոր տնտեսական, հաղորդակցային, տեխնոլոգիական և էներգետիկ հնարավորություններ։ Ի վերջո, սա այն հիմքն է, որի վրա կարող ենք կառուցել ինքնիշխան և մրցունակ Հայաստան։

-Ձեր խոսքով՝ սա արտաքին քաղաքական ահռելի ձեռքբերում է։ Բայց ինչպե՞ս պետք է Հայաստանը երկրի ներսում արձագանքի, որպեսզի այս ձեռքբերումը չմնա միայն թղթի վրա։

-Այստեղ է մեր քաղաքական դասի պատասխանատվության ամբողջ ծանրությունը։ Բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այս համաձայնությանը, Հայաստանի առաջ հեռանկարներ և հորիզոններ բացող այս պայմանավորվածությանը, օտար կենտրոնների գործակալներ են և պետք է նետվեն քաղաքական աղբանոց։ Արտաքին քաղաքականությամբ ձեռք բերված հնարավորությունը պետք է վերածվի ներքին օրակարգի՝ ինստիտուցիոնալ, տնտեսական և անվտանգության ոլորտներում։ Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական համախոհ ուժերի համախումբ, որոնք պատրաստ են այս պայմանագրի տրամաբանությունը ծառայեցնել պետության զարգացմանը, միայն միասնական կամքով և կենտրոնացած գործողություններով կարելի է հասնել այն արդյունքներին, որոնք այս փաստաթուղթի ծավալը ենթադրում է։

Իմ տպավորությամբ՝ այս հարցում ժողովուրդը քաղաքական դասից առաջ է իր հույսերով, իր սպասումներով և իր պատրաստակամությամբ։ Մարդիկ հստակ զգում են, որ սա խաղաղության և զարգացման իրական հնարավորություն է։ Նրանք ուզում են տեսնել իրենց պետությունը ուժեղ, պաշտպանված, աշխարհի տնտեսությանը տնտեսապես ինտեգրված։ Սա ևս մեկ պատճառ է, որ այս փաստաթուղթը դառնա փորձաքար՝ պարզելու, թե որ քաղաքական ուժերն են իրապես հաղորդակից ժողովրդի կամքին և պատրաստ դրա հետ քայլել։