Հարցազրույց

Դիմել բժշկի՞ն, թե՞ ChatGPT-ին. ինչ է փոխել արհեստական բանականությունը պրակտիկ բժշկության ոլորտում

Radar Armenia-ի զրուցակիցը բժիշկ, ՀՀ ԱՆ ԱԱԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանն է։

– Ի՞նչ փոփոխություններ է բերել արհեստական բանականությունը պրակտիկ բժշկության ոլորտում։

– Այսօր բժշկական կոնֆերանսների և հետազոտությունների մի մեծ ճյուղ արդեն նվիրվում է արհեստական բանականության հնարավորություններին և դրանց ապագա կիրառությանը։ Ասել, թե այժմ այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, մասնավորապես, Հայաստանում, դեռ վաղ է, բայց ԱԲ-ն անսահման հնարավորություններ է ընձեռնում։ Ամենապարզ օրինակը՝ ներմուծում ես պացիենտի տվյալներն ու գանգատները, և ծրագիրը տալիս է հնարավոր ախտորոշումների տարբերակներ։ Որքան տվյալներ են ավելացվում, այնքան այն ավելի հստակ արդյունք է տալիս՝ նույնիսկ տոկոսային հավանականությամբ։ Կան դեպքեր, երբ առաջարկում է անցկացնել կոնկրետ հետազոտություններ, կամ հակառակը՝ նշում է, որ անհրաժեշտ չէ։

Արհեստական բանականությունն առաջին հերթին ներմուծվում է ախտորոշման ոլորտ։ Կան երկրներ, որտեղ, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիան կատարվում է ԱԲ-ի միջոցով. եթե արդյունքները «մաքուր» են, ծրագիրն անմիջապես արձանագրում է դա։ Եթե առկա է պաթոլոգիա, այն նկարագրում է, ապա, ավելի մանրամասն ուսումնասիրության համար, տվյալը փոխանցվում բժշկին։ Այս պահին աշխարհում դեռ ոչ մի տեղ ԱԲ-ին ամբողջությամբ չեն վստահում։ Հետագայում այն ներթափանցելու է նաև բուժման պրակտիկա, ներառյալ՝ վիրաբուժության։

– Այսօր շատերը առողջական խնդիրները քննարկում են արհեստական բանականության բոտերի՝ ChatGPT-ի, DeepSeek-ի հետ։ Սա ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի։

– Անշուշտ, այդ բոտերը կարող են օգտակար լինել, բայց դրանք նախատեսված չեն բժշկական օգտագործման համար։ Երբ ես խոսում եմ բժշկական ծրագրերի մասին, նկատի ունեմ պրոֆեսիոնալ լուծումները։ ChatGPT-ն չի կարող համարվել պրոֆեսիոնալ բժշկական գործիք։ Ես դեմ չեմ, երբ մարդիկ տեղեկանում են, հարցեր են ուսումնասիրում ու պատրաստված գալիս բժշկի. դա նույնիսկ ողջունելի է։ Սակայն այդ ծրագրերը չեն կարող որևէ կերպ ծառայել որպես ախտորոշման կամ, առավել ևս, բուժման հիմք։ Ես ինքս մի քանի բան փորձել եմ ու տեսել ակնհայտ սխալ պատասխաններ։ Նման սխալները կարող են բերել անդառնալի հետևանքների։

– Ձեր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ մարդիկ վստահել են նմանատիպ բոտերին։

– Գալիս են, ինչ-որ բան եմ բացատրում, ասում են՝ «Ձեզ հետ համաձայն չեմ, ChatGPT-ն ուրիշ բան է ասել»։ Ես էլ պատասխանեմ՝ «այդ դեպքում գնացեք, թող ChatGPT-ն էլ Ձեզ բուժի կամ վիրահատի»։ Ժպտում ենք, թեման փակվում է։

– Կա՞ն դեպքեր, երբ այս բոտերը կարող են փոխարինել բժշկին՝ ամբողջությամբ կամ մասամբ։

– Օրինակ, 60-ամյա կինը, որն ունի շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ավելորդ քաշ, մոտն արյունային արտադրություն է նկատվում։ Ներկայացնելով այս պատկերը՝ ChatGPT-ն, ամենայն հավանականությամբ, կասի, որ հնարավոր է՝ առկա է վտանգավոր վիճակ, օրինակ, արգանդի քաղցկեղ։ Այսինքն, կհորդորի դիմել բժշկի։ Բայց այս ամենը հնարավոր էր հասկանալ նաև առանց ԱԲ-ի։ Ցանկացած գործիք, որն օգնում է ժամանակին արձագանքել և բժշկին դիմել, լավ է։ Բայց խելացի մարդն, իմ կարծիքով, այսօր իր բուժման ողջ պատասխանատվությունը նման բոտին չի հանձնի։ Դա դրա համար չէ, և այս դեպքում սխալի հավանականությունը շատ բարձր է։

– Ի՞նչ խորհուրդ կտաք՝ ո՞ր դեպքերում կարելի է դիմել նման բոտերին, և որ դեպքերում՝ բացառապես բժշկի։

– Երբ մարդիկ պարապ են, շփման կարիք ունեն, և կողքին մարդ չկա, դա շատ լավ տարբերակ է (ծիծաղում է)։ Թարմ ականջ է. ինչ ուզես, ասա, որքան ուզես, ասա, երբեք չի պատասխանի՝ «կներեք, զբաղված եմ»։ Չի մերժի, չի «ցրի»։

– Շատերը նշում են, որ թեթև առողջական խնդիրների դեպքում նման բոտերը բավականին օգտակար են։ Օրինակ, ալերգիկ ցան է եղել, շփվել են ChatGPT-ի հետ, այն օգնել է պարզել պատճառը։ Նման դեպքում մարդը ինչո՞ւ պետք է դիմի բժշկին։

– Դուք ճիշտ եք՝ մի բացառությամբ։ Դա կարող էր նման լինել որևէ աուտոիմուն հիվանդության կամ այլ մաշկային խնդրի։ Եթե մարդը հիմնվի ChatGPT-ի տված խորհուրդների վրա և սկսի ինքնաբուժում, կարող է վիճակը վատթարացնել։ Իսկ երբ բարդություններ սկսվեն, ի վերջո, ստիպված կլինի գնալ բժշկի։ Այդ ռիսկը վերցնե՞լ, թե՞ ոչ, արդեն անձնական ընտրություն է։

Անժելա Պողոսյան