Հարցազրույց

Իշխանությունը այլևս հապաղելու իրավունք չունի. Անահիտ Ադամյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։

-Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքը։ Այս մեխանիզմն արդյունավե՞տ է եղել նախկինում։

-Ռուսաստանը պատերազմն սկսել է մեկ նպատակով՝ հեղաշրջում անել Կիևում և իր դրածոյին բերել իշխանության, որպեսզի ժամանակի ընթացքում Ուկրաինան ու Բելառուսն ունենան նույն կարգավիճակը: Խաղաղության գնալու՝ ՌԴ պայմանները հենց դա են վկայում: Ցավալի է, բայց Ուկրաինայի դեմ պատերազմը պատժամիջոցներով հնարավոր չէ կանխել:

-Դոնալդ Թրամփը նշում է, որ Պուտինի հետ ունեցել է «հիանալի զրույցներ», սակայն դրանք չեն հանգեցրել հրադադարի։ Ի՞նչ կարող ենք եզրակացնել այստեղից։

-ԱՄՆ նախագահը արձանագրել է նաև իր խոր հիասթափությունը: Երևի նա վերջին մարդն է աշխարհում, որ դեռ հավատում է Պուտինի հետ զրույցներով պատերազմի հնարավոր ավարտին: Պուտինին պետք չէ դադարեցնել պատերազմը, որքան էլ երկկողմանի զոհեր լինեն: Նախ, Մոսկվան պատերազմի մսաղացի մեջ է նետում ՌԴ քաղաքացիներին, պայմանագրեր է կնքում կալանավորների հետ ու թեթևացնում բանտերը, ապավինում է հյուսիսկորեացիներին ու աֆրիկացիներին: Զորահավաք չի հայտարարում և խուսանավում է երկրում բողոքի ալիքից՝ անիմաստ մարդասպանության համար: Երկրորդ, ՌԴ քարոզչամեքենան սլավոնների սպանությունը սլավոնների ձեռքով ներկայացնում է … հայրենական պատերազմ։ Իրականում հենց Ռուսաստանն է հայտարարում, որ Ուկրաինա պետություն չկա, Լենինն է հնարել, ուկրաինացի ազգ չկա, և ուկրաինացիների պայքարը հանուն ինքնության է: Իր վիթխարի տարածքների մեծ մասում բնակչություն չունեցող երկրին միանշանակ նոր տարածքներ պետք չեն, անգամ՝ բնական հանածոները հաշվի առնելով: Պատերազմի սկզբում խնդիրը Օդեսան գրավելն էր, հիմա Ռուսաստանը պայման է դնում, որ գրաված տարածքներից դուրս չի գալու, ավելին՝ չգրավածն էլ է ուզում։ Ասում է, որ Ուկրաինան իրավունք չունի անդամակցել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ ԵՄ-ին, ոչ էլ կարող է պահել իր բանակը… Եթե անգամ այս պայմանները ընդունվեն, Կրեմլը չի կարող խաղաղության համաձայնագիր կնքել Վլադիմիր Զելենսկու հետ, որովհետև նա «լեգիտիմ չէ»… Նվազագույնը տարօրինակ է, որ ՌԴ նախագահն իրեն համարում է լեգիտիմ, իսկ ժողովրդավարական ընտրություններով ընտրված Զելենսկուն՝ ոչ։ Այս իրավիճակում Դոնալդ Թրամփը մինչև իր պաշտոնավարման ժամկետը կարող է «հիանալի զրույցներ» ունենալ, միևնույն է, հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը թիրախավորելու է խաղաղ բնակչությանը…

-Ըստ Թրամփի նոր հայտարարության՝ եթե ռուսները չգնան ուկրաինացիների հետ գործարքի, ամերիկացիները պատժամիջոց են սահմանելու նաև այն երկրների դեմ, որոնք ռուսական նավթ կգնեն։ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները՝ հաշվի առնելով մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից։

  -Ազդեցության մասին հնարավոր է խոսել, երբ պատժամիջոցները սահմանվեն: Բայց սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանությունը բավականին ժամանակ արդեն կորցրել է և այլևս հապաղելու իրավունք չունի՝ վերացնելու տնտեսության կախվածությունը ռուսական մոնոպոլիաներից ու ոչ թե հայտարարությունների, այլ իրականում դիվերսիֆիկացնելու տնտեսությունը: Ռուսաստանը աշխարհի միակ երկիրը չէ, որ էներգակիրներ ունի: ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին «Հանրապետություն» կուսակցությունը խոսում է 2018-ից առայսօր՝ կարևորելով անվտանգությունն ու աշխատատեղերը, շեշտադրելով տնտեսության զարգացումն՝ իբրև ինքնիշխանության նոր մակարդակի հաստատում: Մենք չենք կարող զարգացած երկիր լինել, երբ մեր տնտեսությունը մնում է սպասարկման ոլորտի, շինարարության ու զբոսաշրջության հույսին, մեզ պետք է արդյունաբերություն, մեզ պետք է մարզերի հավասարաչափ զարգացում: Մենք վիթխարի հնարավորություններ ունենք հանքարդյունաբերության ոլորտում: Տնտեսության և բյուջեի կառուցվածքի փոփոխությունը մնում է օրակարգում: Միայն նոր տեխնոլոգիաների ու ներդրումների պարագայում մենք կարող ենք մրցունակ ապրանքների արտահանման հնարավորություն ունենալ: Հայաստանում պետք է լինեն լաբորատորիաներ, որտեղ ապրանքների որակի համապատասխանությունը կորոշվի միջազգային ստանդարտներին և կտրվեն որակի սերտիֆիկատներ: Դա նաև կխթանի արտադրողներին՝ իրենց արտադրանքի որակը բարելավելու: Սա պետք է երկկողմանի աշխատանք լինի՝ թե իշխանության, թե բիզնեսի ընդառաջ քայլերով: Եթե շարունակենք նույն տեղապտույտը՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ու ՌԴ արտահանումներով, կամ ՌԴ-ից ներմուծումներով, առանց պատժամիջոցների էլ մեր տնտեսությունը բարեհաջող ինքն իրեն կսպառի՝ մշտապես կախման մեջ լինելով Կրեմլի տնտեսական սահմանափակումներից… Խնդիրը միայն նավթը չէ, միայն հնարավոր պատժամիջոցները չեն, պետությունը պետք է զարգացման ծրագիր ու հեռանկար ունենա, ՀՀ իշխանությունները դեռ առաջնորդվում են «օրը բացվի, բարին հետը» կարգախոսով՝ ապահովելով օրընթաց խնդիրների այս կամ այն կերպ լուծումը: Սա իրականում տեղապտույտի փիլիսոփայություն է, որը չի ապահովում ոչ խաղաղություն, ոչ անվտանգություն, ոչ զարգացում, ոչ նոր աշխատատեղեր, իմա՝ չենք ունենում ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ տնտեսական, ոչ ժողովրդագրական անվտանգության երաշխիքներ:

 

Լիլիթ Աբրահամյան