Հարցազրույց

Թեհրանը փորձում է վերստին ամրակայել իր դիրքերը. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը

- Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են կազմակերպել ու քննարկել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիով փոխարինելու հարցը։ Այդ քննարկմանը նաև նա է եղել։ Որքանո՞վ է սա իրագործելի, և ինչու՞ են այդ քայլին գնում։

- Լրատվության հավաստիությունը դեռ հարցական է։ Բայց եթե ենթադրենք, որ դա համապատասխանում է իրականությանը, ապա պետք է մտածել ժամանակ շահելու տեսության մասին։ Կարող է նոր շրջափուլի մասին ենթադրել։ Բայց չեմ կարծում որ էական բան կփոխվի այս պահին։ Եթե Զելենսկին էլ է մասնակցել, ապա համաձայնեցված սցենարի մասին է խոսքը։ Ավելի շուտ՝ ժամանակ շահելու։

- Քանի որ նաև Ուկրաինայի ներկայացուցիչներն են մասնակցել, կարելի է ասել, որ այնտեղ դեմ չեն նման փոփոխության։

- Դրա համար է, որ համաձայնեցված սցենարի մասին կարող է խոսք լինել։ Եթե, իհարկե, հավաստի է լուրը։

- Ի՞նչ նախանշաններ կան ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, եթե նկատի ունենանք նաև Թրամփի՝ 10-օրյա վերջնաժամկետ տալը։

- Կլինեն նոր պատժամիջոցներ, մեկուսացման նոր միջոցներ։ Ուկրաինան կստանա նոր օժանդակություններ։ Պատերազմի երկարատևությունը, կարծես, նպատակ է, որի ընթացքում կլինեն առևտուր, բանակցություն, խստացում, կանգառ և այլ ելևէջներ, մինչև հիմնական համաձայնությունների հանգելը։

- Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին, նշելով, որ գործընթացը պետք է արագացվի, խոսել է նաև «Զանգեզուրի» միջանցքի մասին։ Ի՞նչ էր սա նշանակում, արդյոք այս հարցում պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել։

- Առաջին անգամը չէ, որ Անկարայի ներկայացուցիչները խոսում են գործընթացն արագացնելու մասին։ Վերջնական համաձայնություն, գուցե, չկա. բացառում են ռուսական ներկայության որևէ հնարավորություն։ Հատկապես ամերիկացիները տրամադրված են Հարավային Կովկասում տարբեր ձևաչափերով ներկա լինելու ուղղությամբ։

- Իրանը, կարծես, կրկին որոշ ակտիվություն է սկսել ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Սա ի՞նչ է նշանակում ու ինչի՞ կհանգեցնի։

- Իրանը չի պատրաստվում ամեն ինչ զիջել Հարավային Կովկասում, միաժամանակ, բանակցում է ԱՄՆ-ի հետ։ Իր կորցրած բանակցային դիրքերն ուզում է վերստին ամրակայել, ընդ որում, Հարավային Կովկասում։

Արման Գալոյան