Հարցազրույց

Թրամփի հաշվարկը այն է, որ Ռուսաստանը չի դիմանա սանկցիաներին․ քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրճատում է մինչ այս ՌԴ-ին Ուկրաինայի հետ համաձայնության հասնելու համար տված 50-օրյա ժամկետը։ Ինչի՞ մասին է վկայում Թրամփի հայտարարությունը՝ որևէ՞ վտանգի։

- Իհարկե, վտանգ կա, բանն այն է, փաստորեն, այսօր Ռուսաստանը հայտնվում է բավականին բարդ՝ ցենոտային իրավիճակում։ Ունի առաջխաղացում ռազմական, ռազմաճակատում, սակայն այդ առաջխաղացումը շատ դանդաղ է ընթանում, և այն, որ Ռուսաստանը մտադիր է հասցնել իր ծրագրերը ավարտին, պարզ է, բայց մյուս կողմից պարզ է նաև այն, որ Միացյալ Նահանգները՝ ի դեմս նախագահ Թրամփի, հաշվի առնելով Կոնգրեսում տիրող տրամադրությունները և առաջիկայում կայանալիք ընտրությունների հանգամանքը, նա, բնականաբար, ստիպված է լինելու իր խոստումը կատարել։ Թրամփին արդեն մեղադրում են, որ նա չի գնում իր խոստումների ետևից։

- ՌԴ ԱԽ փոխնախագահ Մեդվեդևը Թրամփին ուղված իր հայտարարությունում նշել է, որ Ռուսաստանն Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ Ի՞նչ ուղերձ է նա փոխանցում, կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ում հակված չեն 10 օրում գնալ խաղաղության համաձայնագրի։

- Ռուսաստանը, իսկապես, Իրան, Իսրայել կամ Սիրիա չէ։ Ռուսաստանը մնում է Ռուսաստան, և դրանում խոսք չկա, ինչ-որ լրացուցիչ պարզաբանումներ այստեղ անհրաժեշտ չէ։ Ռուսաստանը արդեն հասկացավ, որ իրեն չի հաջողվում ժամանակը զիջել (խմբ.՝ խոսքը՝ ՌԴ-ում հակված չեն 10 օրում գնալ խաղաղության համաձայնագրի մասին է), և արդեն պարզ է՝ հրաժարվում է։ Ռուսաստանի հույսը այն է, որ Չինաստանը ռազմական՝ կոմպլեկտավորող սարքերի մատակարարումները կապահովի, քանի որ այդ բոլոր կանալներով սարքերը ստանալու այլ ճանապարհները փակվելու են։

- Ի՞նչ քայլերի կարող է Թրամփը դիմել, եթե ՌԴ-ն 10 օրում չգնա այդ քայլերին։

- Քայլերը շատ պարզ են, ինքը արդեն ասել է՝ ինչ քայլեր է ձեռնարկելու՝ բաց տեքստով, այսինքն՝ 2-րդական սանկցիաներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսաստանյան նավթը, և այստեղ Ադրբեջանը հայտնվելու է ծանր վիճակում։ Դա լինելու է հարված Ադրբեջանին, քանի որ նա է հիմնական տրանզիտյորը ռուսական էներգակիրների՝ սեփականի անվան տակ, ինչպես նաև մյուս երկրներին, որտեղ հիմնական եկամուտները Ռուսաստանն է ապահովում՝ նավթի և գազի արտահանումը դա է հիմնական եկամուտների աղբյուրը, և Թրամփի հաշվարկը այն է, որ Ռուսաստանը դրան չի դիմանա ու ստիպված կլինի նահանջել իր ներկայիս դիրքորոշումից։

Լիլիթ Աբրահամյան