Հարցազրույց

Ստոկհոլմի որոշումը հաղթանակ չէ. ի՞նչ պետք է անհապաղ անի պետությունը

Radar Armenia-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ 

- Պարոն Բաբաջանյան, ի՞նչ է տեղի ունեցել Ստոկհոլմի հրատապ արբիտրաժում։ Սա Հայաստանի պարտությո՞ւն է։

- Ոչ, սա ոչ թե պարտություն է, այլ ժամանակավոր ապահովման միջոց։ Սամվել Կարապետյանի թիմը փորձում է քաղաքականացնել իրավական մի գործընթաց, որի էությունը բոլորովին այլ է։ Ստոկհոլմի հրատապ արբիտրն ընդամենը ժամանակավորապես արգելել է որոշ դրույթների կիրառում՝ մինչ բուն վեճի քննությունը։ Սա ոչ վճիռ է, ոչ հաղթանակ, այլ իրավական ընթացակարգ՝ նախատեսված հնարավոր անդառնալի հետևանքներից խուսափելու համար։

- Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը խոսում ազգայնացման մասին։ Սա խտրական վերաբերմո՞ւնք է ներդրողի հանդեպ։

- Բացարձակ ոչ։ Խոսքն այն մասին է, որ պետությունը չի կարող չգործել, երբ կենսական ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողությունը դուրս է իր ձեռքից։ Եթե պայմանագրերը խախտվել են, եթե կան չարաշահումներ, հարկային կամ ներդրումային պարտավորությունների խախտումներ, ապա պետությունն իրավասու է վերանայել այդ հարաբերությունները։ Սա ոչ թե ներդրողին պատժելու, այլ պետության վերահսկողությունը վերականգնելու օրինական գործընթաց է։

- Իսկ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է միջազգային արբիտրաժում պաշտպանել իր քայլերը։

- Այո, և հենց դրա համար պետությունը պետք է անհապաղ նախաձեռնի անկախ ֆորենսիկ աուդիտ, ներգրավի միջազգային իրավական փորձագիտական խմբեր և կառուցի փաստերի վրա հիմնված, անխոցելի պաշտպանություն։ Պետք է հստակ ցույց տրվի, որ այս գործընթացը չունի քաղաքական շարժառիթներ, այլ հիմնված է պայմանագրային խախտումների արձանագրման և հանրային շահի պաշտպանության վրա։ Սա միայն ներկա սերնդի խնդիր չէ. սա վստահության վերակառուցման գործ է՝ սերունդների համար՝ էներգետիկ անվտանգությունը որպես ինքնիշխանության հիմք պաշտպանելու նպատակով։

- Իսկ այդպիսի գործընթացները չեն վախեցնի՞ այլ ներդրողների։

- Եթե Հայաստանը գործի անօրինական կամ կամայական կերպով, այո։ Բայց եթե մենք հիմնվենք փաստերի վրա, գործենք թափանցիկ, իրավաչափ և միջազգային նորմերին համապատասխան, ապա ճիշտ հակառակը՝ ներդրողները կհասկանան, որ Հայաստանում գործում է իրավական պետություն, և ոչ ոք չի կարող տարիներով շահագործել պետությունը՝ անպատիժ։ Վստահությունը կառուցվում է ոչ թե լռությամբ, այլ արդարությամբ։

- Կարո՞ղ է այս գործը դառնալ նախադեպ։

- Պետք է դառնա։ Որպեսզի այլևս երբեք Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքները չվերածվեն քաղաքական կախվածության գործիքի։ Այս գործը կարող է դառնալ նախադեպ պետական վերահսկողությունը վերականգնելու, արդյունավետ ու թափանցիկ կառավարում ձևավորելու և վերջապես՝ ինքնիշխանությունն իրականում կիրառելու համար։ Որովհետև անկախությունը բառ չէ, այլ՝ կառավարելի էներգետիկա, ապահով ջուր, կայուն կապ և ազգային վերահսկողության ներքո գտնվող ավիացիա և երկաթուղի։