Հարցազրույց

Ադրբեջանը սկսել է ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնել ՌԴ համար․ Մաթևոսյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում լարված։

- Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարված են, որովհետև Ադրբեջանը սկսել է ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի Դաշնության համար։ Նաև Ռուսաստանի Դաշնության դաշնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ այս վերջին խոշոր ահաբեկչական ակտը, որը Ռուսաստանում տեղի ունեցավ, որ ռազմավարական ավիացիայի նկատմամբ ոտնձգություն կատարվեց ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, դրան մասնակից են եղել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Այդ թվում նաև այդ պատճառով ռուսական կողմի մոտ անհրաժեշտություն է առաջացել ադրբեջանական համայնքի՝ հատկապես կրիմինալ ներկայացուցիչների նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացնել։ Դա իր հերթին Ադրբեջանի հակազդեցությունը առաջացնում, ինչը տրամաբանական է, բայց ավելի խորքային հարցեր այստեղ կան, որոնք կապված են ավելի գլոբալ տարածաշրջանային շահերի չհամընկնման հետ։

Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պրոքսին է մեր տարածաշրջանում, և իր գործունեությունը, որպես պրոքսի պետություն, ինքը ինչ-որ մի պահի պետք է սպառնալիք սկսեր առաջացնել Ռուսաստանի և Իրանի համար, և հիմա այդ պահը եկել է։ Ուղղակի այս բոլոր դեպքերը կապված, ինչպես նաև տվյալ ահաբեկչությունը, Ադրբեջանում «ռուս լրագրողների» և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալման հետ կապված Ռուսաստանի տարածքում, այս բոլորը նպաստել են հարաբերությունների լարմանը։ Նրանք խորը աշխարհաքաղաքական խնդիրներ ունեցող պետություններ են, ինչ-որ մի պահի պիտի այս ամենը դրսևորվեր։

- Դիմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի այս վիճակը։ Արդյոք այս իրավիճակը կկարգավորվի՞։

- Նույն գնահատականները Պեսկովը տալիս է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասով, որ իրենք հույս ունեն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա խնդիրները ևս ինչ-որ մի փուլում կհարթվեն, շարունակում են պնդել, օրինակ՝ վերջին հայտարարությունները, երբ որ մենք վերլուծում ենք, երբ նրանք ասում են, որ Հայաստանը նպատակ ունի կամ պատկերացնում են Հայաստանը 20 տարի հետո լինի Եվրոմիության անդամ և նմանատիպ այլ հայտարարությունների վերաբերյալ, Պեսկովից նմանաբովանդակ էլի գնահատական եղավ։ Ըստ նրա՝ իրենք գնահատում են Հայաստանը և հայ ժողովրդին և այսպես շարունակ, ռուսերեն ձևակերպում կա՝ «дежурная выражения», ավելի շատ դրան է նման, որի ետևում թաքնված չէ ռուսական կողմի իրական մոտեցումը ստեղծված իրավիճակին։ Իսկ խնդիրները խորքային են, իրենք ինչ-որ մի պահի պետք է արտացոլում ստանային Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, իսկ կարգավորումը՝ սպասելի է։