Հարցազրույց

Ալիևը որոշակի պայմաններ է դնում, որը գործընթացը փակուղի է մտցնում․ Արմեն Վարդանյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

- Վերջին օրերին Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայկական կամ այլ սահմանապահների հանդիպեն ճանապարհների ապաշրջափակման դեպքում, հայկական կողմն էլ բացառել է այս տարբերակը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչի է փորձում հասնել Ադրբեջանը այսպիսի հայտարարություններով։

- Ադրբեջանը կամ փորձում է գործընթացն ընդհանրապես տորպեդահարել, որպեսզի չլինի ընդհանրապես այդ պայմաններով միջանցքը, կամ նմանատիպ հայտարարություններ է անում՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանի համար դա կարմիր գիծ է, և Հայաստանը երբեք չի համաձայնի այդ առաջարկին, կամ ևս մեկ անգամ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա ու հասնել նրան, որ բարենպաստ պայմաններով միջանցք ստանա։ Ակնհայտ է, որ դա չի լինելու։ Հայաստանը երբեք չի գնա որևէ միջանցքային տրամաբանության, ու Ալիևի նման ցանկությունն այդպես էլ կմնա ցանկության մակարդակում, ոչ ավելին։

- Բանակցություններում ոչ ուղղակիորեն միջնորդ է կարծես հենց Թրամփը, ու ճանապարհի կառավարումը արտապատվիրակելը նրա գաղափարն է։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կարո՞ղ է դեմ գնալ Թրամփին, ու դա ինչ հետևանքների կհանգեցնի։

- Տեսնում ենք, որ Ալիևը ԱՄՆ-ին է շատ հաճախ մերժում, բայց դա չի նշանակում՝ ԱՄՆ-ն լծակներ չունի։ Ես վստահ եմ, որ մեծ ցանկության դեպքում ԱՄՆ-ն ունի այդ լծակները։ Հավանաբար ինչ-որ հաշվարկներ են արել ու մտածում են՝ ԱՄՆ-ը չի կարող ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, բայց ես վստահ եմ, որ մեծ ցանկության դեպքում ԱՄՆ-ն ունի այդ լծակները և այն քիչ երկրներից է, որ կարող է իսկապես լուրջ ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։ Կարծում եմ՝ ինչ-որ մի փուլում այդ ճնշումներն առավել առարկայական կդառնան։ Այս պահին կարծես թե ավելի շատ ԱՄՆ-ն փորձում է տարբեր առաջարկների միջոցով հասնել կողմերի համար փոխըմբռնելի տարբերակի ընդունում։ Ալիևը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պահանջում է, որ հայ սահմանապահները որևէ կերպ չառնչվեն այս գործընթացի հետ, բայց սա անընդունելի է, և կարծում եմ՝ ամերիկյան կողմի համար հասկանալի է հայկական կողմի դիրքորոշումը։ Այս դեպքում արդեն ճնշումներն ընկնելու են Ալիևի վրա։ Ըստ միջազգային իրավունքի՝ եթե երկրի տարածքով ինչ-որ բան է անցնում, և այդ երկիրը չի վերահսկում դա, դա ինքնիշխանության կորուստ է այդ տարածքի նկատմամբ, ինչը չի կարող ընդունելի լինել միջազգային իրավունքին կողմ երկրների համար։

- Ալիևի վերջին հայտարարություններից ի՞նչ կարելի է եզրակացնել, նա դե՞մ է արտապատվիրակմանը։

- Ես կարծում եմ, որ Ադրբեջանը դեմ չէ արտապատվիրակմանը, որ ադրբեջանցիներն առնչվեն ամերիկյան ընկերության հետ, բայց այստեղ էլ որոշակի պայմաններ է դնում, որը գործընթացը փակուղի է մտցնում։ Հայկական կողմը պնդում է, որ դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, այդ անցակետը պետք է լինի ոչ միայն հայկական կողմում, այլ Նախիջևանից Հայաստան մտնող անցակետում, այսինքն՝ ադրբեջանական կողմում, ինչին կտրականապես դեմ է Ալիևը։ Այստեղ նաև փոխադարձության սկզբունքն է ինքը խախտում․ ուզում է միայն Հայաստանի տարածքում լինի անցակետ։

Անժելա Պողոսյան