Radar Armenia-ի զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։
- Վերջին շրջանում հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում լարվածություն է նկատվում։ Հայ արտահանողները խնդիրներ ունեն, վերջերս էլ ռուսական մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ հայկական կոնյակի մեծ մասը կեղծ է։ Ի՞նչ եք կարծում՝ ինչն է խնդիրը։
- Այս ամենի մեջ, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ գոյություն ունեն։ Օբյեկտիվ գործոնն այն է, որ վրացական, ինչպես նաև ռուսական կողմը տեսնում են, որ ՀՀ մեծ քանակությամբ սպիրտ է ներկրվում տարբեր երկրներից, և այդ սպիրտը Հայաստանում վերածվում է կոնյակի, արտահանվում Ռուսաստան և այնտեղ էլ իրացվում է, ինչը, անշուշտ, կասկածի տակ է դնում կոնյակի որակը։ Խոսքը բոլոր կոնյակ արտադրողներին չի վերաբերում, մի քանիսին է վերաբերում, որոնք, ըստ էության, կասկածի տակ են դնում հայկական կոնյակի որակն ու բարի համբավը։ Այդ խնդիրը տարիներ շարունակ կար, ու Ռուսաստանը բարձրաձայնում էր, բայց տարիներ շարունակ ռուսական կողմը անտեսել էր, աչք էր փակել։
Հիմա որոշել է՝ աչք չփակի։ Դա սուբյեկտիվ կողմն է։ Հայկական կողմին մնում է կամ որակի կտրուկ բարելավում անել, կամ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ։ Չի արվել ոչ մեկը, ոչ մյուսը, հիմա փաստի առջև են կանգնել։
- Ինչպե՞ս սա կազդի Հայաստանի արտահանման ծավալների վրա։
- Ակնհայտ է, որ նման մթնոլորտում մենք ունենալու ենք բավականին լուրջ արտահանման ծավալների նվազում, իսկ կոնյակը մշտապես եղել է մեր արտահանվող շուկայի հիմնական ապրանքախմբում և արտարժույթ սիրող ապրանքներից մեկն է եղել։ Կորցնելով այս շուկան՝ մենք բավական լուրջ վնասներ ենք ունենալու, և այդ վնասը վերականգնել հաջորդ տարիների ընթացքում քիչ հավանական է։
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ռուսաստանը որոշել այլևս «աչք չփակել» այդ խնդիրների վրա։
- Գործոնները տարբեր են։ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ մեր ու Ռուսաստանի հարաբերությունները նախկինի նման չեն։ Ակնհայտ է՝ որոշակի քաղաքական տրամադրությունների փոփոխություն կա երկու կողմերի միջև, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։ Բազմիցս նշվել է, որ Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, և մենք պետք է պահենք ամեն գնով այդ շուկան՝ միաժամանակ փնտրելով այլընտրանքներ։ Այս պահին մենք չունենք այլընտրանքային շուկաներ, բայց կորցնում ենք ռուսական շուկան։
- Իսկ Վրաստանում, որպես տարանցիկ երկիր, այս հարցում խնդիրներ ունե՞նք։
- Վրացական կողմը ևս որոշակի խնդիրներ ունի հայկական կողմի հետ։ Հիմնական խնդիրն այն է, որ հայ գինի-կոնյակ արտադրողները չեն մթերել վրացական սպիրտը։ Պայմանավորվածություններ են ունեցել, բայց չեն մթերել, և այդպես վրացական իշխանությունները փորձում են չակերտավոր «պատժել» հայկական ընկերություններին կամ որոշ արտադրողների դրա համար։ Կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք խառնվել են իրար։ Իշխանություններն այդ խնդիրներին չկարողացան պատշաճ արձագանքել, և այդ խնդիրներն օրեցօր ավելի են մեծանում։
Անժելա Պողոսյան