Հարցազրույց

Ռուս-ամերիկյան բանակցություններն ընթանում են վաշինգտոնյան կանոններով. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Թեև փաստաթուղթ չի ստորագրվել, բայց ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Ի՞նչ էին սրանք նշանակում, արդյոք խաղաղության համաձայնագիրն, այնուամենայնիվ, կստորագրվի մինչև տարեվերջ։

- Պաշտոնական մակարդակով պայմանավորվածություններն ընդհանուր են։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ կողմերը լուրջ և բովանդակային քննարկումներ են ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ասպեկտների՝ սահմանազատման, հաղորդակցությունների բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ, ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ ավելի բարձր մակարդակներում: Կարծում եմ՝ հիմնական հանգույցը մնում է հաղորդուղիների ապաշրջափակման կետը և նրա կարգավիճակը։

- ԱԳ փոխնախարարը նշել է, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Ի՞նչ ակնկալել։

- Հետաքրքիր է, որ նախքան այս հանդիպումը «Կարնեգի» կենտրոնը շրջանառության մեջ դրեց ամերիկյան առաջարկը՝ ամերիկյան մասնավոր ընկերության հանձնելու միջանցքի վերահսկողությունը։ Սա այլ բան չէ, եթե ոչ հիմնականում ռուսական զորքերի բացառումը և նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետի իրողական չեղարկումը։ Դիտարժան էր ՀՀ արտգործնախարարի տեղակալի հայտարարությունը Սյունիքի միջանցքի արտապատվիրակման առումով։ Հետագայում չհերքվեց, բայց ասվեց, որ աղճատվել է։ Նախադրյալները հուշում են, որ չի բացառվում արտապատվիրակման ընտրանքը։

- ՌԴ-ն ինչպե՞ս կվերաբերվի այս գործընթացին. կարծես թե, շարունակվում է երկկողմ ֆորմատով գործընթացը։

- ՌԴ-ն ողջունեց Աբու Դաբիի հանդիպումը, բայց, կարծում եմ, սա ռուսական գործոնի շրջանցմանը համազոր է։ Մոսկվան շարունակում է հիշեցնել իր միջնորդության և երաշխավորության մասին, բայց պարզ է, որ այլ ուժերը համամիտ չեն այդ ընտրանքին. ընդհակառակն։

- Նաև կխնդրեմ անդրադառնալ ռուս-ամերիկյան բանակցություններին. ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել ուկրաինական ճակատում։

- Ռուս-ամերիկյան բանակցություններն անցնում են վայրիվերումներից և դեռևս անցնելու են։ Ընդհանուր միտումը ՌԴ-ի շրջափակումն է։ ՆԱՏՕ-ի զորքերը հասել են ՌԴ-ի սահմանամերձ տարածքներ՝ սկանդինավյան երկրներ։ Հիմա մասնավոր ընկերության ճամփով ԱՄՆ-ն առաջադրում է գալ Հարավային Կովկաս։ Բանակցություններն ընթանում են վաշինգտոնյան կանոններով։

Արման Գալոյան