Հարցազրույց

Խաղաղության պահը դեռ չի հասունացել. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Անցնող շաբաթ ամենաուշագրավը ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարումն էր։ Ինչո՞ւ այդ հարաբերություններ լարվեցին, մի՞թե Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունն այն իրական պատճառն էր, որ սրեցին հարաբերությունները։

- Հավանաբար, կան օբյեկտիվ պատճառներ այդ ձերբակալությունների համար։ Բայց, իհարկե, կան քաղաքական շարժառիթներ, որոնք արագորեն ազդում են դեպքերի զարգացման վրա։ Գլոբալ հայացքով, տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացման կամ փուլային հեռացման հետ են առնչվում այդ տվյալները։ Հարավային Կովկասը նախապես ռուսական տիրույթ էր համարվում։ Վրաստանում ռուսական ազդեցությունն իր նախկին դրվածքից շատ է հեռացել։ Հայաստանում նկատվում է ռուսական սահմանապահ ուժերի հանգրվանային հեռացման պրոցես, իսկ Ադրբեջանը, հատկապես արցախյան պատերազմից հետո, կտրուկ անցում է կատարում դեպի թուրքական ազդեցության գոտի։ Այս հանգամանքները պետք է նկատի ունենալ ռուս-ադրբեջանական վերափոխվող հարաբերությունների միտումները քննարկելու ընթացքում։

- Ի՞նչ եք կարծում՝ դեռ երկա՞ր կշարունակվի նրանց լարվածությունը և ի՞նչ հանգուցալուծում կունենա։

- Կարծում եմ՝ Ադրբեջանի կախյալությունը Թուրքիայից կավելանա։ Անկարան է հիմնականում ազդելու Բաքու-Մոսկվա հարաբերությունների վրա։ Իսկ Անկարան, իր հերթին, չի կարող նկատի չունենալ ԱՄՆ-ի ճշտած կանոններն ու կարմիր գծերը։

- Սա որևէ ազդեցություն կունենա՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, մասնավորապես, խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, եթե նկատի ունենանք, որ ռուսական կողմը այս միջադեպերից հետո նաև արտատարածքային ուժերի վերաբերյալ ակնարկներ արեց։

- Մոսկվան շատ փորձեր արեց՝ նոյեմբերյան հայտարարությունը վերագործարկելու, հատկապես, դրա 9-րդ կետը։ Չստացվեց։ 9-րդ կետը խոսում էր տարածաշրջանի ապաշրջափակման մասին, և այնտեղ Մոսկվան ստանձնել էր բանալի դեր՝ անվտանգային վերահսկողությունն ստանձնելով։ Թվում է՝ ձևավորվում է կոնսենսուս ռուսական առկայությունը մերժելու և անվտանգության վերահսկողության համար նոր ձևաչափ ու կարգավիճակ ճշտելու։ Պատահական չէ, որ «Քարնեգի» ամերիկյան փորձագիտական կենտրոնը վերստին արծարծում է ամերիկյան մասնավոր ընկերության միջոցով բացվող հաղորդուղիների անվտանգությունը ստաձնելու տեսությունը։

- Կցանկանայի անդրադառնալ նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին. այս համատեքստում ի՞նչ էր նշանակում Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը։

- 3 տարվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն է եղել։ Նշենք որ Ֆրանսիան ամենահակառուս եվրոպական պետության դիրքերից էր հանդես գալիս։ Մի քանի հանգամանք կարող ենք նկատի ունենալ։ Նախ այն, որ հավանական հրադադարի անմիջականությամբ է տեղի ունենում այս զրույցը։ Երկրորդ, որ Մակրոնը, նախ, խոսել է Ուկրաինայի նախագահի հետ և, ապա, զանգել Պուտինին։ Եվ երրորդ, զրույցից հետո կապվել Թրամփին։ Շղթայական այս կապերը խոսում այն մասին որ Մակրոնը փորձել է միջնորդություն անել հնարավոր հրադադարից առաջ։ Հարցրել է նաև Զելենսկուն, թե իրենք պատրա՞ստ են տարածքային զիջումներ անելու։ Փաթեթային են եղել հեռախոսազրույցի կետերը։ Խոսել են նաև Միջին Արևելքի իրադարձությունների և, հատկապես, Իրանի հետ կապված խնդիրների մասին։ Սա ուղերձ է նաև՝ պահպանելու աշխարհագրական տարբեր տարածքներում Մոսկվային դերը։

- Ռուս-ուկրաինական հարաբերություններում խաղաղության հասնելու հեռանկարներ երևու՞մ են։

- Խաղաղության պահը դեռ չի հասունացել։ Դեռևս լինելու են հեռախոսազրույցներ, միջնորդավորված հանդիպումներ, կոչեր, առաջարկների փոփոխվող նախագծեր։ Մոսկվան ուզում է հավելյալ տարածքներ վերահսկել մինչև հրադադարն ու բանակցությունների մեկնարկը։

Արման Գալոյան