Հարցազրույց

Ներդրումային միջավայրը որոշակի հարված կկրի. Արա Մարջանյան

Radar Armenia-ի զրուցակիցն է էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։ 

- Ինչպե՞ս եք գնահատում ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտությունն ու հնարավոր արդյունավետությունը։

- ՀԷՑ-ի աշխատանքի բարելավման անհրաժեշտությունն իսկապես հասունացել էր։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին որոշակի խնդիրներն էին կուտակվել ոլորտում։ Թե ինչու ընտրվեց պետականացման մեխանիզմը, կարծում եմ՝ զուտ էներգետիկ խնդիրներից դուրս հարց է։ Դա ավելի շատ քաղաքականացված որոշում էր։ Այն հանգամանքը, որ ՀԷՑ-ի աշխատանքներում որոշակի խնդիրներ էին կուտակվել, դա փաստ է, մենք դրա ականատեսն էինք վերջին մի քանի տարիներին։ Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի պետականացմանը, այդպիսի որոշում կայացվել է բարձր մակարդակով։ Չեմ կարծում՝ դա ամենահաշվարկված և խելամիտ որոշումներն էր։ 

- Հայաստանը ֆինանսապես պատրա՞ստ է նման խոշոր ընկերություն վերցնել պետական կառավարման ներքո։

- Այո, կարծում եմ՝ զուտ ֆինանսական տեսանկյունից դա մեծ խնդիր չի առաջացնի։ ՀԷՑ-ի գրավադրված կարգավիճակը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ դա ֆինանսական անհաղթահարելի խնդիր առաջացնի։ 

- Ինչպիսի՞ փորձ ունենք մասնավորի և պետության արդյունավետության համեմատության մեջ։

- Փորձը շատ չէ և այնքան էլ դրական չէ։ Հիշեցնեմ, որ 20 տարի առաջ մենք արդեն անցել էինք ՀԷՑ-երի մասնավորեցման գործընթացը։ Ստեղծվեց 4 առանձին մասնավոր ընկերություն, նրանցից երկուսը միացան իրար, հետո մյուս երկուսը միացան ու դարձավ մի միասնական ՀԷՑ։ Հայաստանն այդ գործընթացների միջով անցել է։ 

- Իսկ այլ երկրների փորձն ինչպիսի՞ն է այս հարցում։ 

- Բազմապիսի, թե՛ պետականացնելու, թե ապապետականացնելու փորձեր կան։ Օրինակ, Միացյալ Թագավորությունը պետականացրեց իր ՀԷՑ-ը, երկաթուղիները, հետո մասնավորեցրեց, հետո էլի պետականացրեց։ Այնպես որ, այդպիսի փորձ թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհի այլ երկրներում շատ են։ Կան հաջողության և անհաջողության օրինակներ։ Օրինակ, պետականացման հաջողության օրինակ է Ֆրանսիայի ատոմային էներգետիկ ոլորտի ընկերությունների պետականացումը։ Կարծում եմ՝ հաջող գործընթացի օրինակ է։ Կան ոչ այնքան դրական օրինակներ։ 

- Ինչպե՞ս կազդի պետականացումը սպառողների վրա՝ դրական կամ բացասական իմաստով։

- Դժվար է հիմա դա գնահատել։ Եթե քայլերը կատարվեն ողջամիտ, ոչ մի էական ազդեցություն չի լինի։ Սակագնային փոփոխություններ եթե լինեն, կապված չեն լինի պետականացման կամ ապապետականացման ծրագրերի հետ։ 

- Կարո՞ղ է այս քայլը վախեցնել ներդրողներին։

- Որոշակի հարված կկրի ներդրումային միջավայրը, որովհետև պոտենցիալ ներդրողի համար ակնհայտ կլինի, որ էներգետիկ կամ տնտեսական դաշտից դուրս գտնվող գործոնների հետևանքով ՀՀ իշխանությունը կարող է դիմել այդպիսի քայլի, ինչը մտահոգություն կառաջացնի երկարաժամկետ ներդրումների համար։ Պետականացումը կարող է աշխատել ի օգուտ ՀՀ տնտեսությանը կամ ի վնաս։ Դա կախված է այն բանից, թե այդ գործընթացն ինչպես կգնա և ինչ հանգրվանի կհասնի։ Դա կարող է լինել միջանկյալ լուծում, որից հետո նորից ՀԷՑ-ը այս կամ այն ձևով սեփականաշնորհվի կամ խառը կարգավիճակով գործի։ Կախված է նրանից, թե ինչքան խելամիտ և երկարաժամկետ մտածված քայլերի կգնա Հայաստանը։ 

- Տեսնու՞մ եք արտաքին քաղաքական ենթատեքստ այս գործընթացում։

- Գաղտնիք չէ, որ լրատվական դաշտում հայտնվեց որոշակի տեղեկատվություն, որ, ահա, ուզում են փոխել սեփականատիրոջը, որ հետագայում հանձնեն թուրքական որոշ ընկերությունների, բայց, կարծում եմ, այդ խոսակցությունները պետք է դիտարկել քաղաքական պայքարի տրամաբանության մեջ։ Փաստացի, այդպիսի նշաններ չկան։ 

Անժելա Պողոսյան