Radar Armenia-ի զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն է։
- Էդմոն Մարուքյանն առաջարկել էր անվստահության գործընթացում որպես վարչապետի թեկնածու իր տեղը զիջել Աջապահյանին, որը, սակայն հայտնել էր, որ հետաքրքրված չէ դրանով: Արդյոք նրա կամ նրա մերձավորների հետ քննարկումներ ընթանո՞ւմ են այս հարցի շուրջ, այս պահին նրա կողմից այլ ազդակ կա՞:
- Այս պահին ոչ մի հրապարակային նոր տեղեկատվություն չկա, բացի այն, որ 36 պատգամավոր կոնսենսուս ունի Միքայել Սրբազանի թեկնածության շուրջ։ Տեսանելի է, որ ավելի շատ դա եղել է Վեհափառի դիրքորոշումը, որ Սրբազանը չառաջադրվի։ Չեմ բացառում, որ այդ հարցում փոփոխություններ կարող են դեռ լինել։
- Կարծում եք՝ Աջապահյանն այն թեկնածուն է, որի օգտին ՔՊ մի խումբ պատգամավորներ ստորագրություննե՞ր կտան։
- Նիկոլ Փաշինյանն այն թեկնածո՞ւն էր, որը կարող էր հանրապետականների քվեարկություններն ստանալ 2018-ին։ Նույնատիպ հարց է։
- Այսինքն, ժողովրդական ճնշման տարբերա՞կն եք դիտարկում։
- Ակնհայտ է, որ ՔՊ-ն հոժարակամ նոր ընտրություն չի կատարելու, պետք է լինի հասարակական լայն կոնսոլիդացիա և պահանջ։
- Գիտենք, որ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը տապալելու, զինված հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ: Նրա գործը կապվում է Բագրատ Գալստանյանի գործի հետ, որն էլ մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման մեջ: Սա չի՞ խանգարում նրան տեսնել որպես երկրի ղեկավար։
- Նիկոլ Փաշինյանն էլ էր 2008 թվականին մեղադրվում հանրային անհնազանդության, խուլիգանության կոչերի մեջ։ 2008 թվականի մարտի 1-ի ձայնագրությունները հիշում եք, երբ ասում էր՝ զինվեք, մետաղական իրեր վերցրեք և այլն։ Հիմա 10 տարի անց իրեն դա խանգարե՞ց դառնալ երկրի ղեկավար։ Ընդ որում, ես չեմ էլ մտնում վիճարկման դաշտ՝ առաջադրված մեղադրանքի հիմքերն օրինակա՞ն են, թե՞ ոչ։ Նույնկերպ և չեմ մտնում Փաշինյանին առաջադրված մեղադրանքների մեջ, բայց փաստ է, որ 10 տարի անց դա Փաշինյանին չխանգարեց։
- Ձայնագրությունների մեջ լսում ենք մարդկանց գյուլլելու, մեքենաներ վառելու մասին։ Սրան ինչպե՞ս եք վերաբերում։
- Բացասաբար։ Մարդկանց գյուլլել չի կարելի, մեքենաներ վառել չի կարելի, դրանք անընդունելի են, բայց անընդունելի է նաև Բագրատ Սրբազանի տեսակետները կապել Միքայել Սրբազանի կամ Սամվել Կարապետյանի հետ։ Ակնհայտ է, որ ապօրինություն է իրար չկապվող այդ հանգամանքներն իրար կապելը։ Դա քաղաքական հետապնդում է Միքայել Սրբազանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ, Բագրատ Սրբազանի բոլոր երբեմնի աջակիցներին կարող էին կապել այդ գործով։
- Հավաքական ընդդիմության կողմից վերջին տարիներին որպես վարչապետի թեկնածու առաջարկվող 4 անձանցից 2-ը հոգևորականներ են: Ի՞նչ եք կարծում՝ հոգևորականը, չունենալով քաղաքական փորձ, կարո՞ղ է այս իրավիճակում երկիր ղեկավարել:
- Կարծում եմ՝ այստեղ երկրի իրավիճակի գնահատման հարց է, այսինքն, ողջամտորեն գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Իմ կարծիքով՝ այդ թեկնածուներից բոլորն ավելի սթափ են գնահատում ստեղծված իրավիճակը, քան Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, լավ կլիներ, որ քաղաքական փորձառություն ունեցող անձ լիներ համախմբողը, բայց, ցավոք, 2018 թվականից հետո Հայաստանի քաղաքական համակարգն այնպես է պառակտված, որ չկա մեկ անձ, ով ունի բացարձակ հեղինակություն։ Դա ներքաղաքական համակարգի ցավերից մեկն է, որ խորացել է 2018 թվականից հետո, չնայած՝ դրանից առաջ էլ մի բան չէր։ Բայց եթե գնահատենք խնդիրների ողջամիտ գնահատումը, այդ ցուցակը կարող է երկար լինել, ովքեր ավելի ընկալելի են, քան Փաշինյանը։
Անժելա Պողոսյան