Հարցազրույց

ՌԴ-ն փորձում է որոշ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Նորայր Դունամալյանն է։ 

- Վերջին շրջանում տեսնում ենք Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրացում։ Եթե շրջանցենք առիթը, ո՞րն է բուն պատճառը։ 

- Ընդհանուր պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն անկախ, ինքնիշխան պետություն է, և այն իրավիճակը, որ ստեղծվել է 2020, 2023 թվականներից հետո որևէ ձևով չեն փոփոխել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների այն խորքային հիմքերը, և Ադրբեջանը չի գնալու զիջումների այդ հարաբերություններում։ Իհարկե, չենք կարող ասել, թե Եկատերինբուրգում ինչու 20 տարվա գործը նորից սկսեցին վերլուծել և դա բերեց զոհերի, սակայն ՌԴ-ն նույնպես փորձում է որոշ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այս բաց կոնֆլիկտը սկսվեց ինքնաթիռի կործանումից, բայց դա ավելի շատ հակամարտության բաց փուլն էր։ Իսկ խորքային հակամարտությունը եղել է միշտ։ Ադրբեջանը միշտ դիտարկել է Ռուսաստանը որպես ոչ բարեկամ ու Հայաստանին աջակցող պետություն։ 

- Բայց վերջին տարիներին ռուս-ադրբեջանական մերձեցում էինք տեսնում։ Ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցին, Արցախի հարցում, կարծես, տեսակետներն ընդհանուր էին։ Ի՞նչ տեղի ունեցավ։ 

- Ադրբեջանը խիստ կառավարվող պետություն է։ Ադրբեջանի նախագահն այդպիսի քայլի գնալով՝ փորձում է ռիսկերը նվազեցնել իր համար այդ կոնկրետ շրջանում՝ 2022-2023 թվականները։ Այդ իրավիճակը բոլոր առումներով օգտագործեց նաև Ռուսաստանը։ Ռուս խաղաղապահները Արցախից 2024-ին դուրս եկան, և դա ներկայացվեց որպես ընդհանուր հաջողություն։ Սակայն Ադրբեջանն այսօր կարողանում է, մանևրելու տեղ ունի, կարող է նաև կոնֆլիկտն օգտագործել իր նպատակների համար։ Ունի մի ռազմավարություն, իսկ այդ քայլերը՝ մերձեցումը Ռուսաստանի հետ, կոնֆլիկտը, դրանք քայլեր են, որոնք ռազմավարությունից դուրս չեն գալիս։ 

- Ըստ Ձեզ՝ ինչ սպասել առաջիկայում։ Կոնֆլիկտը կշարունակվի՞ և մինչև ուր կարող է հասնել։ 

 - Այդ կոնֆլիկտային իրավիճակը պահպանվելու է։ Իհարկե, չի բերելու միջպետական հակամարտության, ավելի շատ՝ միջհանրային հակամարտության ձևով է, նաև՝ դիվանագիտական ձևով կներկայանա։ Պետք է նշել, որ Ադրբեջանի էլիտաների և Ռուսաստանի վերնախավի միջև մինչև հիմա կան բավական սերտ կապեր՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Դա կարող է բերել նրան, որ կողմերը չեն գնա շատ մեծ էսկալացիայի, կփորձեն շտկել խնդիրները։ Դա ավելի շատ նպաստում է նրան, որ Ռուսաստանն ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Ադրբեջանից, շարունակում է զիջումների գնալ՝ փորձելով կոնֆլիկտը չհասցնել ամենաբարձր կետին, իսկ Ադրբեջանը, դրանից օգտվելով, կարող է ավելի ու ավելի ճնշումը բարձրացնել։ Դա կարող է հետագայում բերել անկանխատեսելի իրավիճակի, սակայն այս շրջանում չեմ կարծում՝ էսկալացիայի հասնի։ Կփորձեն այդ հարցը լուծել։ 

- Տեղի ունեցողը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ Հայաստանի վրա։ 

- Ռուսաստանի քաղաքականությունն ընդհանուր Հարավային Կովկասում վերջին տարիներին ուղղակի կամ անուղղակի բերեցին այս իրավիճակին։ Երբ Ադրբեջանը վերահսկողությունից դուրս է մնացել, Հայաստանում նույնպես, կարելի է ասել, Ռուսաստանի քաղաքականությունն ու դիվանագիտությունը հաջողության չհասան։ Վերջիվերջո, Հայաստանը ևս գնում է հակառուսական տրամադրությունների խորացման, Վրաստանի դեպքը կարելի է դիտարկել որպես անոմալիա, բայց Վրաստանը ևս փորձում է իր դիրքորոշումը, անկախությունը պահպանել։ Դա ընդհանուր համակարգի մի մաս է, և այդպիսի քաղաքականությունը կամ կոնֆլիկտի խորացումը կարող է ազդել Հայաստանի վրա նույնպես, սակայն ինչպիսի ձևով, հարց է։ Դա կախված է և Հայաստանի իշխանություններից, և Հայաստանի ներսում եղած քաղաքական պրոցեսներից, որոնք բավականին բուռն զարգացում ունեն, և Ադրբեջանի կողմնորոշումից։ Նաև այս պատկերը կարելի է ներառել ավելի մեծ պատկերի մեջ. օրինակ, Մերձավոր Արևելքում պատերազմի մշտական վտանգը, Թուրքիայի ազդեցությունը և այլն։ Եթե այս ամենը կապենք, Հայաստանի վրա ազդեցություն կլինի, բայց գործոնները բավականին շատ են։

Անժելա Պողոսյան