Հարցազրույց

Հրադադար թելադրողն ԱՄՆ-ն է. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Կխնդրեի անդրադառնալ իսրայելա-իրանական հակամարտությանը, որի ակտիվ ռազմական փուլը դադարեցված է։ Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ, և որքանո՞վ կպահպանվի հրադադարը։

- Հրադադար թելադրողն ու այն հովանավորողը ԱՄՆ-ն է։ Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ իրավիճակ փոխվեց։ Իսրայելը հասկացավ, որ առանց ԱՄՆ-ի իր անվտանգային հիմնական խնդիրները չի կարող լուծել։ Իրանն, միջուկային իր արտադրողականությունը պահելով հանդերձ, հասկացավ, որ ԱՄՆ-ի ճշտած կանոններով պիտի ընթանան հետագա բանակցությունները։ 

- Ինչու՞ ԱՄՆ-ն ուղիղ ռազմական հարվածով միջամտեց այդ գործողություններին։ Չէ՞ որ նրանք դեռ բանակցում էին։

- Կարծում եմ՝ 12-օրյա ռազմական «բանակցությունները» հնարավորություն տվեցին, որ դիվանագիտական բանակցությունները վերագործակվեն ավելի հստակ ուղղություններով և դեպի ավելի մեծ համաձայնություն գնալու ուղեգրեր ապահովեն։ Թիրախայնությունները, կարճատևությունն ու որոշակի սահմանափակվածությունը խոսում են համաձայնեցված ռազմախաղի  կանոնների մասին։ 

- ԱՄՆ-ն հայտարարում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին լուրջ վնաս են հասցրել։ Իրանը հերքում է։ Արդյոք այդպես է, և Իրանն արդյոք կշարունակի ուրանի հարստացման իր ծրագիրը։

- Հայտարարությունները պիտի ընկալել տեղեկատվական պատերազմի տրամաբանության սահմաններում։ Այո, Իրանը կշարունակի ուրանի հարստացման գործընթացն՝ ԱՄՆ-ի վերահսկողությամբ։ 

- ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվե՞ն, և ի՞նչ ուղղությամբ կընթանան դրանք։

- Միանշանակ, կշարունակվեն։ Ամերիկյան վերահսկողության դիմաց Իրանը կստանա փուլային ընթացքով պատժամիջոցների վերացում և տնտեսական ապաշրջաջափակում։ Տարածաշրջանում Իրանի դերի վերաիմաստավորում է տեղի ունենում։

- Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Մերձավոր Արևելքում այս իրադարձություններից հետո։

- Մերձավոր Արևելքում քաղաքական քարտեզի վերագծման գործընթացն արագանում է․ կլինեն նոր ցնցումներ։ Աբրահամյան դաշինքը կվերադառնա օրակարգ։ Իսրայել-արաբական պետություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը կվերագործարկվի։ ԱՄՆ-ն այսկերպ կկրճատի Իսրայելի պաշտպանությանը տրամադրվող բյուջեն։

- Նաև կխնդրեի անդրադառնալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. որո՞նք էին ձեռք բերված արդյունքները։

- Հիմնական որոշումը ԱՄՆ-ի բեռնաթափումն է. անդամ պետությունները պիտի հավելեն իրենց անդամավճարները ու ՆԱՏՕ-ի բյուջեի իրենց մասնակցության չափը։ Սա ևս տեղավորվում է Թրամփի  տնտեսական փիլիսոփայության տրամաբանության պարունակում։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի բյուջեն բեռնաթափել, մյուս կողմից՝ պարզեցված կարգով նոր եկամուտներ ապահովել։ 

- Այս համատեքստում ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ի՞նչ զարգացումներ են սպասվում. արդյոք ի վերջո խաղաղության հնարավոր է հասնել։

- Խաղաղությունն այս ուղղությամբ դեռ տեսանելի չէ՝ հակառակ հայտարարություններին։ Թրամփն այստեղ ևս իր ներդրումների դիմաց վերցնում է Ուկրաինայի պաշարները։ Դեռ հաշիվը չի փակել, դրա համար էլ տեսանելի չէ խաղաղությունը։ Շարունակվում է ՌԴ-ի մեկուսացման քաղաքականությունը։

Զրուցեց՝ Արման Գալոյանը