Հարցազրույց

Եթե այդպիսի մտադրություն եղել է, ծայրահեղ վատ եմ գնահատում. Սուրեն Պետրոսյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է։

- Դուք ի սկզբանե մասնակցել եք «Սրբազան պայքար» շարժմանը։ Այժմ շարժման անդամները, համակիրները, ինչպես նաև հենց առաջնորդը՝ Բագրատ Գալստանյանը, մեղադրվում են ահաբեկչության կազմակերպման մեջ։ Ի՞նչ վերաբերմունք ունեք տեղի ունեցողին։  

- Շարժման ամենասկզբից եղել եմ ես՝ իմ ընկերների հետ, դրանից հետո արդեն շեղվել է ընթացքից, տրամաբանությունից և արժեքաբանությունից։ Որպես այդպիսին, ինձ հիմա ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ շարժումը, ոչ մասնակիցները, ոչ էլ մնացածը, որովհետև այս ամենն, ինչ արվում է, իշխանական օրակարգի շրջանակներում է արվում։ Եթե տեռորիստական ակտ էր պլանավորվում, ուրեմն պետք է ամենածայրաստիճան պատիժ սահմանվի, իսկ եթե դա բանսարկություն է, այդ ծայրաստիճան պատիժը պետք է սահմանվի բանսարկուների գլխին, ովքեր չեղած տեղն են նման բան սարքել։ Կարծում եմ՝ այս ամենը շատ արհեստական օրակարգ է ու փոխհամաձայնեցված։ Այդտեղ ընդդիմադիր շարժում չկա։  

- Ձայնագրություններում խոսվում է սպանություններ կազմակերպելու, ավտոբուս պայթեցնելու մասին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։  

- Բնականաբար, եթե այդպիսի մտադրություն եղել է, ավելի վատ հնարավոր չէ. ծայրահեղ վատ եմ գնահատում։ Բայց եղել է, թե չի եղել, չեմ կարող ասել, դրա համար կան մասնագետներ, իրավաբաններ, փաստաբաններ։ 

- Դուք շփում եք ունեցել մեղադրվող անձանց հետ, ժամանակին եղել եք նույն ճամբարում։ Ձեր կարծիքով՝ իրենք ընդունա՞կ էին ահաբեկչություն կազմակերպել։  

- Իմ կարծիքով՝ ընդունակ չէին իրենք որևէ բանի, ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսներին, ընդունակ չէին անգամ դրան։ 

- Կան կարծիքներ, որ տեղի ունեցողը վարչապետ Փաշինյանի և Կաթողիկոսի միջև ավելի վաղ սկիզբ առած տարաձայնությունների շարունակությունն է։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է մեկը մյուսի հետ կապված։  

- Դրա շարունակությունը կարող է լինել, բայց նույնիսկ այս ամենն ունի համատեքստ։ Ես քանի որ այս ամենի հիմքում եղել եմ, մի քիչ ավելի տեղեկացված եմ, այլ տեսանկյունից եմ այս ամենը տեսնում։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձն է սկսել իշխանության ընդունման և հանձնման, որի համար անհրաժեշտ է մարդիկ դուրս բերել փողոց, որտեղ կստեղծվի շղարշ, և դրա ներքո՝ նույն տրամաբանությամբ, ինչպես 2018 թվականին, իբր կգնան իշխանության հանձնման, իբր մենք չկարողացանք պահել իշխանությունը։ Եկեղեցին վերջին կետն էր մնացել, որի շուրջ քիչ թե շատ մարդ դուրս գար փողոց՝ նույնիսկ աչք փակելով, թե վարկաբեկված խորհրդարանական ընդդիմությունից ովքեր ներկա կլինեն փողոցում։ Բայց անգամ դա չաշխատեց։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում նաև ոչ միայն եկեղեցուն, այլև՝ Սամվել Կարապետյանին ու մարած շարժումներն է փորձում վերակենդանացնել։ Բոլորի գերխնդիրը փողոց մարդ հանելն է ամեն գնով, և դա փոխհամաձայնեցված կերպով է արվում՝ խորհրդարանական ընդդիմությունն ու Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը, ինչպես ներկայացվում է, իշխանություն պահելը չէ։ Քանի ամեն ինչն իր վերահսկողության ներքո է, ինքն ուզում է կազմակերպել իր անվտանգ հեռացումը։ Սա է ամենակարևորը, մնացածը կեղծ օրակարգ է, որի մեջ խառնված են բոլորը։  

- Ըստ Ձեզ՝ եկեղեցին պե՞տք է արձագանքի այս դեպքերին, ու եթե այո, ինչպիսի՞ն պետք է լինի արձագանքը։  

- Եկեղեցին, որպես մեր ազգային ինքնության պահպանման առանցքային սյուն, շատ կարևոր է, որ կարողանա մնալ այս պրոցեսում անսասան։ Դա անելու համար միակ տարբերակն այն է, որ անի հայտարարություն՝ ասելով, որ բոլորը եկեղեցու զավակներն են, և եկեղեցին որևէ քաղաքական ուժի ֆիզիկական պաշտպանության կարիքն ընդհանրապես չունի։ Չի կարող երկրորդ նախագահի, երրորդ նախագահի, ՀՅԴ-ի  շուրջը կանգնած մարդիկ գնան, պաշտպանեն, և եկեղեցին չվարկաբեկվի։