Հարցազրույց

«ԱՄՆ-ից է կախված պատերազմական հետագա գործողությունների տարողությունը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Մերձավոր արևելքում իրավիճակը  սրվում է. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Ինչու՞ եղավ, սպասելի՞ էր կատարվածը, տարածաշրջանում այլևս նոր պատերա՞զմ է։

- Կտրուկ սրվեց իրավիճակը Իսրայելի միակողմանի հարձակումով։ Չէր բացառվում նման հարձակում, այդուհանդերձ, կար տեսություն, որ դեկլարատիվ, հոգեբանական և ճնշամիջոցային գործողություններ էին սպառնալիքները։ Կարծում եմ՝ սերտորեն առնչվում է ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի հետ, որից գոհ չէ Իսրայելը։ Վաղ է հաստատելը, որ կլինի մասշտաբային պատերազմ։ ԱՄՆ-ից շատ բան է կախված։ Ավելի շուտ հակված եմ մտածելու, որ կլինի վերահսկելի, և դուրս չի գա ԱՄՆ-ի սահմանած գծերից։

- ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ իրենք ներգրավված չեն Իսրայելի գործողություններում։ Իսկապե՞ս այդպես է, իսկապե՞ս Իսրայելը ինքն է որոշել և իրագործում այդ քայլերը։

- Չեմ կարծում, որ առնչված չէ Վաշինգտոնը։ Ամեն ինչ ԱՄՆ-ի հետ է համաձայնեցվում. նկատի պետք է ունենալ նախորդ բախումները ԱՄՆ-Իրան հարաբերակցությամբ։

- Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի ելքը. ռազմական գործողությունները երկա՞ր կշարունակվեն։

- Թել Ավիվը մի քանի շաբաթ հայտարարում է պատերազմի ժամկետների մասին։ Եթե, առընթեր, Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակեն խոսել, դա կնշանակի, որ տարածաշրջանային ծավալ չի ստանա պատերազմը։ Չմոռանանք, որ իրանյան պրոկսիները նախկին վիճակում չեն։

- Ինչի՞ սա կհանգեցնի տարածաշրջանում, եթե հաշվի առնենք, որ շատերը Հայաստանում ասում են, որ իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

 - Չի բացառվում և քաղաքական տրամաբանությամբ ընկալելի է այս հնարավորությունը։ Բայց միայն Իրանը չէ, որ շահագրգիռ է Սյունիքով, այլև՝ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ն և Եվրոպան։ Թուրանական կամրջի կառուցումը միայն Իրանը չէ, որ արգելակում է։

- Նաև կխնդրեմ անդրադառնալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին. Մերձավոր Արևելքի իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան ռուս-ուկրաինական բանակցությունների վրա։

- Դեռ պարզ չէ։ Պարզ է այն, որ ԱՄՆ-ի վարչակարգը համակողմանի խաղաղությունների մասին էր խոսում, սակայն ստացվում է հակառակը թե՛ Ուկրաինայի, թե՛ միջինարևելյան մակարդակով։

Զրուցեց Արման Գալոյանը