Հարցազրույց

«Գուցե հասկացել են, որ Ռուսաստանի պարտության ու կործանման վրա խաղադրույք դնելը սխալ էր». Արման Գրիգորյան

Radar Armenia-ի զրուցակիցն է Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, Դուք Ձեր հարցազրույցներում հաճախ եք պնդում, որ Հայաստանի իշխանությունները փորձում են արտաքին քաղաքական վեկտոր փոխել, մասնավորապես, դեպի Արևմուտք շրջադարձ անել: Սակայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, որ ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում: Այս դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը. ՀՀ իշխանությունները մտափոխվե՞լ են:

- Ես կարծում եմ, որ որևէ ողջամիտ մարդ չի կարող հերքել, որ Հայաստանի իշխանությունները թե՛ հռետորաբանության, թե՛ որոշ իրական քայլերի մակարդակում բազմիցս վեկտորը փոխելու մտադրություններ են արտահայտել։ Իշխանություններն ու նրանց հետ աֆիլացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատ վերլուծաբանների մի ահռելի բանակ արդեն քանի տարի է՝ զբաղված են մեր ժողովրդին համոզելով, որ մեր վարած քաղաքականությունը մեզ պատուհասած աղետների հետ ոչ մի կապ չունի, և որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի դավաճանության, մեր թիկունքում կայացած ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական գործարքների հետևանքով։ Նույն մարդիկ առավոտից իրիկուն մեր ժողովրդին համոզում են, որ միայն Փելոսիով ու Մակրոնով կա հայոց փրկություն, ԵՄ անդամության մուրալու պահանջով հանրաքվեներ անցկացնելու օրինագծեր են ընդունում, բաց տեքստով սպառնում են դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, մերժում էին ռուսական պլատֆորմն և Ադրբեջանի հետ խաղաղություն փնտրում Բրյուսելում ու Պրագայում, և այլն։ Ու հանկարծ այսօր այդ ուժերին ներկայացնող և այդ ամենին մասնակից ԱԳ նախարարը, որը մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում ԵՄ-ի անդամության մասին հանրաքվե անցկացնելու օրինագծի քննարկման ժամանակ ծաղրում էր նման օրինագծի ողջամտության մասին հարցեր տվող ընդդիմադիր պատգամավորներին, այսօր հայտարարում է, թե նման օրակարգ ընդհանրապես գոյություն չունի, որ Ռուսաստանի հետ մեր ստրատեգիական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, և, ընդհանրապես, մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ միայն խորանալու միտում ունեն։

Հիմա իսկապես հարց է առաջանում․ ինչպե՞ս կարող ենք այս ակնհայտ անհամապատասխանությունը բացատրել։ Սա միայն երկու բացատրություն կարող է ունենալ։ Առաջին, Հայաստանի իշխանություններն իրենց խոսքին, իրենց դիվանագիտական կեցվածքին ու, ընդհանրապես, զբաղեցրած դիրքերին ու պատասխանատվության աստիճանին լուրջ չեն վերաբերվում։ Նրանք երկիրը կրկեսի են վերածել, որտեղ խոսքն ու միտքը դադարել են որևէ արժեք ունենալ։ Այսօր կարող են ագրեսիվորեն մի բան պնդել, վաղը բերանի վրա փրփուրի նույն քանակությամբ պնդել դրա ճիշտ հակառակը՝ առանց վարանելու, որ մարդիկ կարող են իրենցից հաշիվ պահանջել նման վտանգավոր անլրջության համար։ Իրականում, այստեղ մեր լրագրողական ու վերլուծաբանական համայնքը մեծ մեղք ունի։

Բոլոր նման դեպքերում ոչ թե իշխանություններից են հաշիվ պահանջում իրարամերժ դիրքորոշումների ու հայտարարությունների համար, այլ նրանց քննադատներից` ասելով, թե տեսնու՞մ եք, դուք սխալ էիք, իշխանությունները բոլորովին այն չէին անում, ինչ դուք պնդում էիք, այլ՝ ձեր պնդածի հակառակը։

Երկրորդ հնարավոր վարկածն այն է, որ նույնիսկ քաղաքական իռացիոնալիզմի ու անկոմպետենտության այս խորհրդանիշները հասկացել են, որ Արևմուտքի հետ որոշակի հույսեր կապելը, Ռուսաստանի պարտության ու կործանման վրա խաղադրույք դնելը սխալ էր։ Թրամփի՝ իշխանության գալուց հետո Արևմուտքը, փաստորեն, ընդամենը զբաղված է Ուկրաինայի պարտության, կամ ավելի ճիշտ Ուկրաիանայում իրենց պարտության պարամետրերը ճշտելով ու բանակցելով։ Թրամփի՝ իշխանության գալուց հետո նաև փուլ է եկել մի ամբողջ համակարգ, որի առանցքային սկզբունքներից մեկը մեր տարածաշրջանում «եթե ուզում եք մեր բարեհաճությանն արժանանալ, թշնամացեք Ռուսաստանի հետ» սկզբունքն էր։ Դրա հետ մեկտեղ զգալիորեն նվազել է դեմոկրատիայի ու մարդու իրավունքների անվան տակ հակառուսականությունը քաջալերելու ֆինանսավորումը։ Գուցե այս ամենն է պատճառը, որ Արարատ Միրզոյանն ու այլոք սկսել են այլ երգ երգել։ Բայց դա ինձ վրա նույն տպավորությունն է թողնում, ինչ ոչմիթիզական արմատականության բոլոր ռեկորդները գերազանցած Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղությունը նորաձև է» քարոզչությունը պատերազմից ու պարտությունից հետո։

-Ձեր կարծիքով՝ Լավրովն ինչու՞ էր այցելել Հայաստան, ընդ որում, նա Երևան էր եկել տևական ընդմիջումից հետո:

- Շատ վստահ պատասխան այդ հարցին չեմ կարող տալ, քանի որ դրա մասին ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում։ Ենթադրում եմ, սակայն, որ նվազող ստրատեգիական անորոշության պայմաններում երևի նպատակահարմար էր Հայաստան գալ ու ինչ-որ հարցեր ճշտել, ինչը դժվար էր անել, երբ դեռ Հայաստանի իշխանությունները լուրջ հույսեր էին կապում Արևմուտքի հետ ու որոշ քայլեր էին անում երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ուղղությամբ։ Գուցե Մոսկվան որոշ ազդանշաններ է ստացել հայկական կողմից, որ նրանք պատրաստ են լրջանալու, ինչը և անհրաժեշտ ու հնարավոր է դարձրել Լավրովի այցը։

- ՌԴ ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ ևս հարց հնչեց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին. ի վերջո, ինչու՞ Ադրբեջանը չի ստորագրում այն, և այս հարցում ՌԴ-ն ի՞նչ դերակատարում ունի, թե՞ ընդհանրապես չունի:

- Ռուսաստանի, որպես միջնորդի, դերակատարությունը հայկական կողմն ամեն կերպ փորձել է սահմանափակել, Ռուսաստանն էլ, զբաղված լինելով Ուկրաինայում, շատ մեծ ջանքեր չի գործադրել այդ դերակատարության ինտենսիվությունն ապահովելու ուղղությամբ։ Հայկական կողմի վարքագիծը թուլացրել է Ադրբեջանին զսպելու՝ ռուսների մոտիվները։ Իսկ քանի դեռ Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու։ Նրանք դեռ վստահ չեն, թե որտեղ է այն զիջումների սահմանը, որը նրանք կարող են կորզել հայկական կողմից, հատկապես, երբ հայկական կողմից հստակ ազդակներ կան, որ նրանց գերնպատակը ռուսներից երկիրն «ազատելն» է, հետևաբար, նրանք պատրաստ են որևէ գին վճարել այդ իղձն իրականություն դարձնելու համար։ Ալիևի համար Հայաստանի հետ վերջնական խաղաղությունը նաև ներքին քաղաքական վտանգներ է պարունակում, որովհետև Ադրբեջանի ժողովուրդը կարող է շատ ավելի անհանդուրժող դառնալ Ալիևի ռեժիմի վարքագծի նկատմամբ, երբ ամեն ինչ արդարացնող «հայկական սպառնալիքի» խրտվիլակն այլևս դադարի գործածելի լինել այդ ռեժիմի համար։

- Այսինքն, խաղաղության համաձայնագիրը չի՞ ստորագրվի։ Տեսանելի ապագայում խաղաղության համաձայնագրի ստորագրման ականատես չե՞նք լինի։

- Եթե Ալիևի վրա լուրջ արտաքին ճնշում չլինի, եթե Ալիևի օրեցօր մեծացող ախորժակը զսպող չլինի, ես այդ հարցում լավատեսության լուրջ հիմքեր չեմ տեսնում։ Համենայն դեպս, պատերազմից հետո նրա որդեգրած քաղաքականությունն ու վարքագիծն ինձ հիմքեր չեն տալիս մտածելու, որ նրան Հայաստանի հետ կայուն խաղաղությունն ու հաշտեցումն են հետաքրքրում, ու որ նա մինչ այս պահը ընդամենը առաջնորդվել է Ադրբեջանի օրինական պահանջները բավարարելու ու Ադրբեջանը որոշ պոտենցիալ վտանգներից ապահովագրելու մտահոգությամբ։

-  Նաև անդրադառնանք ռուս-ուկրաինական հակամարտությանը և այն դադարեցնելու՝ ԱՄՆ ջանքերին. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո տեսնո՞ւմ եք հակամարտության կարգավորման հնարավորություն: Եթե ոչ, ապա ո՞վ է հիմնական տորպեդահարողը:

- Ես նման հնարավորություն տեսնում եմ։ Թրամփը բավական հետևողական է տրամադրված այս հարցում, նույնիսկ, եթե նրա վարչակազմի որոշ քայլեր անկանոն ու հախուռն են։ Նա նորից շատ ոչ երկիմաստ հայտարարություն է արել այն մասին, որ սա Ամերիկայի պատերազմը չէ, որ իրենց փորձում են ներքաշել այդ պատերազմի մեջ, և որ ինքը դա թույլ չի տալու։ Իհարկե, սա չի երաշխավորում, որ շուտով խաղաղություն է հաստատվելու Ուկրաինայում, որովհետև, իսկապես, նման ելքը տորպեդահարելու շահեր ունեցող ուժեր նույնպես կան։ Դա,առաջին հերթին, Ուկրաինայի իշխող վերնախավն է, որի համար պարտությունն ընդունելը հավասարազոր է քաղաքական մահվան, իսկ որոշ մարդկանց համար, հավանաբար, նաև՝ ոչ միայն քաղաքական։ Խաղաղությունը նաև ի ցույց է դնելու եվրոպական նեոլիբերալների վարած կործանարար քաղաքականության ողջ սնանկությունը` նրանց համար բավականին լուրջ քաղաքական հետևանքներով։ Վերջապես ամերիկյան ավանդական վերնախավի համար այդ խաղաղությունն ու ռուսների հետ հավանական դետանտը շատ ծանր հարված է լինելու, քանի որ Ռուսաստանին որպես թշնամի ունենալն այդ վերնախավի արտաքին քաղաքական դիրքորոշման կարևորագույն հենասյուներից է եղել արդեն շատ երկար ժամանակ։ Կարելի է նույնիսկ ասել, որ այդ թշնամանքը նրանց համար քաղաքական ինքնության պես մի բան է դարձել, իսկ մենք գիտենք, թե որքան ավելի կատաղի է լինում դիմադրությունը, երբ հարվածի տակ հայտնվում են ոչ թե այս կամ այն սուբյեկտի տակտիկական նախապատվությունները, այլ նրանց գոյությանն իմաստ տվող հիմնական ենթադրություններն ու վարդապետությունները։ Այնպես որ Ուկրաինայում խաղաղությունը տորպեդահարել ցանկացողների պակաս չկա։

- Ինչու՞ Ուկրաինան չի գնում զինադադարի. ռեա՞լ չեն գնահատում իրենց հնարավորությունները, թե՞, այնուամենայնիվ, այլ աջակիցներ ունեն, որոնք թույլ չեն տալիս: Եվ, այս առումով, ովքե՞ր են շահագրգռված հակամարտության կարգավորմամբ, և ինչու:

- Մի փոքրիկ ճշտում. զինադադար նրանք ուզում են, բայց ժամանակավոր զինադադար, ինչը հնարավորություն կտա մի փոքր ուշքի գալու, վերականգնելու կարողություններն ու պատերազմը շարունակելու։ 

- Նկատի ունեմ՝ վերջնական կարգավորման։

- Այո, նրանք վերջնական խաղաղ կարգավորման են դեմ։ Ինչպես ասացի արդեն, նրանք դեմ են դրան, որովհետև եթե նման կարգավորումը նույնիսկ բխում է Ուկրաինայի շահերից, այն կարող է աղետ լինել Ուկրաինան կործանած նեոֆաշիստների այս ոհմակի համար։ Նրանք նաև որոշ հույսեր են փայփայում, որ եթե ռուսները նույնիսկ նոր տարածքներ գրավեն, նրանք կարող են ինչ-որ պահի կայունացնել ճակատն ու պատային իրավիճակ ստեղծել։ Նրանք հույսեր էն փայփայում, որ այդպիսով կարող են ստեղծել սառեցված կոնֆլիկտի իրավիճակ, երբ սպանդն ու ռուսների առաջխաղացումը կկասեցվի առանց քաղաքական համաձայնության գալու ու առանց ռուսների նվաճած տարածքների կորուստն իրավականորեն ճանաչելու։ Եթե նույնիսկ դա նշանակում է լրացուցիչ տարածքների կորուստ, նրանք նախընտրում են այդ ելքը, քան ավելի պակաս կորուստներով վերջնական խաղաղություն հաստատելու հեռանկարը։

Արման Գալոյան