Հարցազրույց

«Ռուսաստանը փորձելու է քիթը խոթել հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ». Ռուբեն Մեհրաբյան

Radar Armenia-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ 

- Փաշինյանը Մայիսի 9-ին Ռուսաստանում էր, այժմ էլ Լավրովն է գալիս Հայաստան։ Ըստ Ձեզ՝ հայ-ռուսական հարաբերությունների մերձեցու՞մ է նկատվում։

-Ոչ, քանի որ դրա համար այդ փաստի ամրագրումներ են պետք, որոնք այս պահի դրությամբ մենք չունենք։ Օրինակ, ինչ-որ զիջումներ Հայաստանի կողմից, կամ ռուսներն ինչ-որ նոր դիրքեր վերցնեն Հայաստանի ներսում։ Այդ ամենը չկա։ 

- Նշվում է, որ Փաշինյանն ու Լավրովը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները․ չե՞ք կարծում, որ Ռուսաստանը կրկին փորձ է անում առանցքային գործոն դառնալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ 

- Այո, ռուսները փորձել են, փորձում են և փորձելու են քիթները մտցնել այդ պրոցեսի մեջ, իսկ հայկական կողմն էլ մինչև հիմա ինչ արել է, պատմել է դրա մասին, թե ինչ են խոսել, և թույլ չի տվել, որ քիթը մտցնեն դրա մեջ։ 

- Իսկ Ռուսաստանի մոտեցումներում փոփոխություն չի՞ նկատվում։ 

- Ռուսաստանը չի հրաժարվել իր մտադրություններից, գլխի պարունակությունը չի փոխվել։ ՌԴ-ն, վռնդված լինելով դռնից, հիմա մտնելու է օդանցքից, օդանցքից վռնդվի՝ կմտնի կոյուղուց, Ռուսաստանն այդպես է։ Ե՞րբ է կանգ առնում, երբ իրեն կանգնեցնում են, իսկ Հայաստանը դեռ չի կանգնեցրել Ռուսաստանին։ Այնպես որ, այս փորձերը շարունակվելու են։ Ռուսաստանն ուզում է, որ մենք պետություն չլինենք, լինենք հավաքական Արա Աբրահամյան և Սիմոնյան Մարգո, իրենք ինչ ուզեն, անեն, մենք էլ միշտ լինենք շնորհակալ ու ասենք, որ դուք մեզ փրկեցիք։ Ռուսաստանի պլանների մեջ է՝ նախկին ետխորհրդային տարածքը վերադարձնել իր գերիշխանության տակ, և միութենական պետություն ասվածը այդ գործիքներից մեկն է, բայց ոչ՝ միակը։ 

- Իսկ կանգնեցնելու համար ի՞նչ պետք է անի Հայաստանը։ 

- Ռուսական ներկայության լիկվիդացում Հայաստանի ներսում։ Այն բաները, որոնք արդեն արվել են, պետք է շարունակվի։ Ռուսական ռազմաբազայի դուրսբերում, «Ռոսսատդրուդնիչեստվո»-ի փակում, «Գազպրոմի» և РЖД-ի հետ պայմանագրի խզում, և այդպես շարունակ։ ՌԴ դեսպանությունն էլ լինի ոչ թե մի 10 հարկանոց գործակալական որջ, այլ լինի թերթի կրպակի չափ։ 

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս քայլերը չի անում Հայաստանը։

- Քաղաքական կարողությունները չեն բավարարում։ 

Անժելա Պողոսյան