Հարցազրույց

«Որոշում ունենք՝ չհամագործակցել մյուս խմբակցությունների հետ». Աղազարյան

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ՄԱՍԿ կուսակցությունն ԱԺ-ում նախաձեռնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ վարչապետի պաշտոնում առաջարկելով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

Այս նախաձեռնության մասին Radar Armenia-ն զրուցել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- Ինչո՞ւ եք հենց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը որոշել առաջադրել, առավել ևս, երբ դուք այլ կուսակցություն եք ներկայացնում, ինքը՝ այլ կուսակցություն գլխավորում։

- Մենք վարչապետի 7 թեկնածու ունեինք, որոնցից 2-ը՝ մեր վարչությունից։ Մեկը՝ Լյովա Մխիթարյանը, մյուսը՝ ես։ Տարբեր հանգամանքներից ելնելով՝ 7 թեկնածուից նախնական ընտրեցինք 3-ին՝ Լյովա Մխիթարյան, Հովիկ Աղազարյան և Էդմոն Մարուքյան։ Եւ ահա, այսօրվա վարչության նիստում որոշեցինք առաջադրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Հիմնավորումները շատ պարզ են՝ Էդմոն Մարուքյանը երեք անգամ եղել է ԱԺ պատգամավոր, եղել է վարչապետի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան, բավական հայտնի քաղաքական ուժի ղեկավար է, փորձառու քաղաքական գործիչ և բարձրորակ իրավաբան։ Ահա այդ հանգամանքներից ելնելով՝ որոշեցինք առաջադրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

- Իսկ Մարուքյանի հետ վաղո՞ւց էիք բանակցություններ վարում, նա հե՞շտ համոզվեց։

- Թույլ տվեք այդ նրբությունների մեջ չմտնել։

- Իսկ մյուս ֆրակցիաների հետ քննարկե՞լ եք այդ հարցը։

- Ոչ, ոչ։

- Ի՞նչ եք կարծում՝ ո՞նց կարձագանքեն։

- Ես կարծում եմ՝ իրենք արդեն արձագանքել են, երբ հայտարարությամբ հանդես եկան, որ թեկնածու չեն առաջադրում, բայց պատրաստ են միանալ առաջադրվող թեկնածուներին։ Հետևաբար, մենք արդեն թեկնածու ենք առաջադրում, և եթե նպատակահարմար են գտնում, կարող են միանալ և հասցնել տրամաբանական ավարտին։

- Կարծում եք՝ կմիանա՞ն։

- Շատ հետաքրքիր կլինի, թե ոնց են հիմնավորելու չմիանալը։ Ամենահավանական բանաձևը, որ չմիանան, կասեն՝ Աղազարյան Հովիկը և Հակոբ Ասլանյանը Նիկոլի պրոյեկտն են, Էդմոնը՝ ևս։ Բայց եթե չմիանան, Նիկոլը կմնա։ Հետևաբար, դժվար է  լինելու չմիանալն ու հիմնավորելը։ Բայց ես կարծում եմ՝ կմիանան։ Մենք հայտարարել ենք, որ իրենց նախաձեռնությանը չենք միանա, հետևաբար, իրենք չունեն 36 ստորագրություն, իսկ իրենք հայտարարել են, որ կմիանան ցանկացած նախաձեռնության։ Հիմա ցանկացած նախաձեռնությամբ հանդես են գալիս Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը։ Հիմա 34-ին 2 գումարենք, կստանանք 36 ստորագրություն։

- Լավ, ենթադրենք գործընթացը սկսեցիք, այդքան ստորագրություն է պետք հարցն օրակարգում ներառելու համար, բայց որոշում ընդունելու և վարչապետին անվստահություն հայտնելու համար ավելի շատ ձայն է պետք։

- 54 ձայն է պետք։

- Այդ դեպքում մնացած ձայները որտեղի՞ց եք ստանալու։

- ՔՊ խմբակցության մեր գործընկերներից։

- Նկատի ունեմ՝ կքվեարկե՞ն անվստահության նախաձեռնությանը։

- Կարծում եմ՝ մենք կստեղծենք այնպիսի իրավիճակ, այնպիսի հիմնավորումներ կբերենք, որ, այո, որոշները կմիանան։

- Ի՞նչ եք անելու. փողոցից ճնշում չկա, մի քանի պատգամավորով ինչպե՞ս եք ստեղծելու իրավիճակ։

- Կարող է՝ դիմենք ժողովրդին աջակցության համար։ Չենք բացառում։

- Կընդառաջի՞ ժողովուրդը։

- Եթե չընդառաջեց, կնշանակի՝ ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քաղաքականությանը։ Դա էլ էդքան վատ արդյունք չէ պետականության առումով։

- Ընդդիմադիր խմբակցությունների հետ Դուք քննարկումներ չե՞ք ունեցել այս ընթացքում։

- Ոչ։ Քննարկումներ չենք ունեցել խմբակցությունների հետ, որովհետև ունենք մեր համաժողովի որոշումը, որ չենք համագործակցելու իրենց հետ։

- Այդ դեպքում ինչպե՞ս պետք է նրանք միանան ձեր նախաձեռնությանը կամ աջակցեն ձեզ։

- Մեզ միանալու են «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ որպես անհատ պատգամավորներ, որոնք ընտրված են սահմանված կարգով, և իրենցից յուրաքանչյուրը ներկայացնում է ողջ ժողովրդին։ Այսինքն, Արծվիկ Մինասյանի, Արթուր Խաչատրյանի կամ մյուսների միանալը չի նշանակում, որ մենք համագործակցում ենք «Հայաստան» դաշինքի հետ։

- Իսկ ՔՊ պատգամավորների հետ փորձե՞լ եք բանակցել։

- Կարծում եք՝ եթե խոսացած լինեի, հիմա այդ մասին կհրապարակեի՞։

- Դե, կախված քաղաքական նպատակահարմարությունից։

- Ցանկացած քաղաքական նպատակահարմարությունից բխում է, որ եթե նույնիսկ խոսացած լինեի, չէի հրապարակի։

Արման Գալոյան