Հարցազրույց

«Այլընտրանքային խափանման միջոցները դեռևս միս ու արյուն չեն ստանում»․ Նորիկյան

Հայաստանում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը շարունակում են աճել։ Այս մասին է վկայում վիճակագրությունը։ 

Radar Armenia-ն թեմայի շուրջ խոսել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։  

- Պարոն Նորիկյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված կալանքների աճն, ու արդյո՞ք դա խնդիր եք համարում։  

-Հայաստանում շուրջ  25%-ով ավելացել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, իսկ դրանք, գործող քրեական օրենսգրքի համաձայն, այն հանցագործություններն են, որոնց համար որպես պատիժ սահմանվում է 10 տարուց ավելի ժամանակահատվածով ազատազրկում, ընդհուպ մինչև՝ ցմահ։ Սա մտորելու տեղ պետք է տա մեր հասարակությանը։ Ենթադրվում է, որ կալանքը խափանման միջոց ընտրելու թվի ավելացումը պայմանավորված է նաև հենց այդ թվով, որովհետև չեմ բացառում, որ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով է ավելացել կալանքների թիվը։ Միաժամանակ, նաև այն իներցիոն քաղաքականությունն է առկա, որ տարիներ շարունակ Հայաստանի քրեական քաղաքականության վարման ընթացքում վարույթն իրականացնող մարմինների, դատախազության համար կալանքը որպես խափանման միջոց դարձել է հիմնական, որը երբեմն ծառայեցրել են հանցագործությունների բացահայտման համար։ Այսինքն, սա իներցիոն քաղաքականության հետևանք է ու, ինչու չէ, նաև նոր քրեական օրենսգրքով այլընտրանքային խափանման միջոցների չկայացածության հետևանք, որովհետև, ցավոք, եթե այլընտրանքային խափանման միջոցների թվով տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլ խափանման միջոցներ ի զորու են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, իներցիոն  քաղաքականության արդյունքում դրանք դեռևս միս ու արյուն չեն ստանում։  

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում այլընտրանքային խափանման միջոցները չեն կայանում։ 

- Դա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունի։ Վարույթն իրականացնող մարմինների մոտ կա մտավախություն, որ տնային  կալանքի պայմաններում մեղադրյալները կարող են ապացուցման գործընթացի վրա ապօրինի ազդեցություն ունենալ և այս կամ այն հաղորդագրության միջոցով դատավարության կամ վարույթի մասնակցի նկատմամբ ճնշում գործադրել իրենց համար ցանկալի ցուցմունք ստանալու կամ ցուցմունքները շեղելու առումով։ Փաստորեն իրենց մոտ առկա է համոզում, որ միայն կալանքն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, բայց, ցավոք, կարող ենք արձանագրել, որ անազատության մեջ մնալու դեպքում էլ, ցանկության դեպքում, մեղադրյալները կարող են տարբեր միջոցներով դրանք հասցնել։ Ինձ թվում է՝ ժամանակ է անհրաժեշտ, որ այլընտրանքային խափանման միջոցները ունենան համապատասխան վստահություն, հեղինակություն։ Գիտենք՝ մեր հանրային կարծիքը ինչպիսին է։ Քանի դեռ անձը կալանավորված կամ դատապարտված չէ, կրում է այլընտրանքային խափանման միջոց, որը կապ չունի անազատության հետ, շատ դեպքերում մարդիկ ասում են՝ տեսեք, հանցագործություն է կատարել, բայց ազատության մեջ է։ Սա խորքային մտածողության հետևանք է։ 

- Ի՞նչ եք կարծում՝ խափանման միջոց կալանքի՝ այսքան մեծ թվով կիրառումն արդարացվա՞ծ է 

- Ես, որպես իրավաբան, գտնում եմ, որ, ընդհանրապես, կալանքը, որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, ուղղակի արդարադատության արդյունավետությունն ապահովելու համար պետք է ամեն ինչ անել, որ ողջամիտ ժամկետում իրականացվի արդարադատություն, թե չէ ուշացած արդարադատությունը, ինչպես բրիտանական ասացվածքն է ասում, մերժված արդարադատությունն է։

Անժելա Պողոսյան