Վերջին տարիներին Հայաստանում աճում են կալանքի, որպես խափանման միջոցի, կիրառման դեպքերը. դատարաններն սկսել են ավելի հաճախ բավարարել քննիչների միջնորդությունները։
Սրա մասին օրերս Ազգային ժողովում ահազանգեց նաև ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ փաստը խնդրահարույց համարելով։
Radar Armenia-ն թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։
- Պարոն Սաքունց, ըստ վիճակագրության՝ Հայաստանում կալանքի միջնորդություններն ու կիրառումը շարունակում են աճել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է սրա պատճառը։
- Խափանման միջոց կալանքը, որը մարդուն ազատությունից զրկելու միջոց է, կարող է կիրառվել, երբ կասկածյալը կամ մեղադրյալը կարող են խուսափել պատասխանատվությունից, քննչական մարմնից, փախուստի դիմել, վկաների վրա ունենալ ազդեցություն, նախաքննության, քննիչի վրա ճնշումներ բանեցնել։ Դրանք պետք է առնչվեն ծանր հանցագործությունների հետ, բայց ընդհանուր հանցագործությունների թվում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը մեծ չէ, այսինքն, պետք է կալանքի կիրառումը համաչափ լինի այդ տեսակի հանցագործություններին, որոնցում կարող են լինել լուրջ մտահոգություններ, բայց ամեն կոնկրետ գործ պետք է դատարանը քննի։
Ցավոք, դատարանները չեն իրականացնում արդարադատություն, ու արատավոր պրակտիկա կա՝ բավարարել քննիչների միջնորդությունները։ Դրանք լուրջ քննության չեն արժանանում, և սա այն դեպքում, երբ օրենսգրքով խափանման միջոցների լայն սպեկտր կա։ Կալանք պետք է կիրառվի այն դեպքում, երբ դատարանը հիմնավոր համարի, որ խափանման մյուս միջոցներն արդյունավետ չեն։ Այսօր դա կատարվում է, թե չէ, պետք է հարցնել դատավորներին։ Ցավոք, մտահոգությունները, որ կան՝ արդարադատություն իրականացնողների հետ կապված (բարեվարքության, դատավորի անկախության, քրեագիտության տեսակետից) չեն փարատվել և մնում են օրակարգում, որի դրսևորումներից մեկը կալանքի կիրառման մեծ թիվն է։
- Իսկ ի՞նչն է խնդիրը։ Վերջին շրջանում փոխվեցին քննչական մարմինների ղեկավարները, սակայն այս առումով փոփոխություններ տեղի չունեցան։ Միգուցե օրենսդրակա՞ն փոփոխության կարիք կա։
- Սա արդարադատության խնդիր է։ Իհարկե, կարող ենք հարցն ուղղել նաև քննչական մարմիններին, թե ինչքանով են միջնորդությունները հիմնավորված։ Դեպքեր կան, որ պետք է կիրառվի կալանք, որովհետև անձը կարող է խուսափել արդարադատությունից․ դա վերաբերում է աղմկոտ կոռուպցիոն հանցագործություններին։ Երբ խոսքը վերաբերում է դատավորին, դատախազին կամ նույն ԴԱՀԿ պետին, զարմանալիորեն կալանք չի կիրառվում, իսկ այն դեպքերում, երբ չպետք է կիրառվի, կիրառվում է։ Սա արդարադատության խնդիր է։
- Իսկ դատականում համակարգում, մասնավորապես, ո՞րն է խնդիրը։ Կոմպետենտության պակա՞սն է, թե՞, միգուցե, ճնշումներ կան, կամ դատավորներն են վախենում ինչ-որ բանից։
- Վեթինգ չի իրականացվել․ դա է խնդիրը։ Դատավորները, որոնք սովոր են, որ կատարեն պատվերներ, հիմա իրենց ներքին ցենզուրայով գտնվում են պատվերի մեջ՝ անկախ նրանից, զանգում են, թե չէ։ Ինքը սովորել է, որ քննչական մարմնի կամ դատախազության միջնորդությունը պետք է բավարարի։ Այդ տեսակի դատավորների առկայությունը պետք է չլինի, որովհետև նախկինում ունեցել են նման վարքագիծ, իսկ դա թուլացնում է դատական իշխանությունը։
Անժելա Պողոսյան