Հարցազրույց

Չինաստանին սահմանակից լինելը՝ ռազմական գործողությունների նոր աշխարհագրության մեխ. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը:

- Սպասվում է ԱՄՆ նախագահի այցը Մերձավոր Արևելք, և չնայած Իսրայելը հաստատել է Գազայի վրա հարձակման իր պլանը, ենթադրվում է, որ Թրամփի այցից հետո կգնան այդ քայլերի: Խնդրում եմ անդրադառնալ սպասվող այցին. ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ Թրամփի այցից, ինչո՞ւ է նա գնում այնտեղ, ի՞նչ խնդիրներ կլուծի:

- Թրամփի այցը տարածաշրջան պարզ է, որ պետք է լիներ, ընդ որում՝ իր այցերի առաջնային վայրերի շարքում: Իսրայելի հետագա քայլերը պայմանավորված են ոչ միայն Թրամփի այցով, այլ ընդհանրապես ամեն ինչ համաձայնեցվում է Վաշինգտոնի հետ: Կանաչ կամ կարմիր լույսերը վառում է Վաշինգտոնը: Չի բացառվում, որ վերսկսվի իսրայելական հարձակումը Գազայում: Բայց պատերազմական գործողությունները նախկին տարողունակությունը չեն ունենալու: Իրանը աջակցելու նախկին հնարավորությունները չունի, իսկ Թուրքիայի աջակցությունը Գազային ավելի շուտ դեկլարատիվ է, քան ռազմական: Իրադարձությունները հանգեցնելու են Գազայում նոր իշխանության ձևավորման, որը Ռամալլայի հետ համահունչ է լինելու: Թել Ավիվը նպատակ է դրել ՀԱՄԱՍ-ի սպառնալիքն ամբողջովին չեզոքացնել:

- Իսրայելը արդյո՞ք կգնա ռազմական ավելի կտրուկ գործողությունների Գազայում: Սա ի՞նչ հետևանքներ կունենա:

- Ռազմական բախումներին կհաջորդեն բանակցություններ: Գազայի կառավարման համակարգ, իսրայելական ուժերի տեղակայման վայրերի ճշտումներ, ՀԱՄԱՍ-ի զինաթափում: Չի բացառվում, սակայն, որ այս բոլորից հետո միջազգային օրակարգ վերադառնա «երկու պետություն» բանաձևը: Թել Ավիվը նախատեսում է այն, և դրա համար ռազմական սպառնալիքը ձգտում է արմատապես չեզոքացնել:

- Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը վերածվեց ռազմական բախման, սակայն դեռևս լայնածավալ պատերազմ չի սկսվել: Արդյո՞ք ռազմական գործողություններն ավելի կծավալվեն, և ականատես կլինենք պատերազմի:

- Չեմ կարծում, որ կլինի լայնածավալ պատերազմ: Ռազմական բախումները կշարունակվեն գրանցված եղանակներով և ընդմիջվող հանգրվաններով: Գլոբալ հայացքով նկատենք, որ ռազմական բախումների աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ ուղղությունը հետզհետե Չինաստանամերձ շրջաններն են: Հակամարտող Պակիստանն ու Հնդկաստանը Չինաստանի սահմանակից երկրներ են: Սա է մեխը ռազմական գործողությունների նոր աշխարհագրության:

- Խնդրում եմ անդրադառնալ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա այցից հրաժարվելուն: Ինչո՞ւ նա չմեկնեց, իրական քաղաքական շարժառիթ կար, թե՞, Ձեր կարծիքով, իսկապես Հեյդար Ալիևի հիշատակի միջոցառումների համար մնաց:

- Ավագ Ալիևի հիշատակի միջոցառումները, կարծում եմ, պատրվակ են: Մոսկվա գնալը կամ չգնալը համաձայնեցվում է այս դեպքում Անկարայի հետ: Ի դեպ, նկատենք, որ Էրդողանը ևս այնտեղ չէր: Իսկ Էրդողանի չգնալը իր հերթին ճնշումի տակ էր ԱՄՆ-ի: Որքան էլ դեկլարատիվ առումով Վաշինգտոնը Մոսկվայի հետ ապալարվածության իմիտացիա դրսևորի, կարծում եմ, որ ՌԴ-ի հանդեպ մեծ հաշվով և հողի վրա քաղաքականությունը չի փոխվել: Չմոռանանք, որ Ալիևը չմեկնեց Մոսկվա, բայց ադրբեջանական զորքերը շքերթին մասնակցեցին:

- Մոսկվան, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքի այդ քայլին, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ի համար մայիսի 9-ը միշտ էլ կարևոր օր է, հատկապես այս տարի:

- Մոսկվան կոշտ արձագանքելու դրվածքում չէ: Ապամեկուսացման ագրեսիվ քաղաքականություն է փորձում կիրառել: Հյուրերի թիվն ու նրանց ներկայացրած պետությունները շեշտում են, որ ՌԴ-ն շարունակում է մեկուսացված մնալ:

- Խնդրում եմ անդրադառնալ նաև Չինաստանի նախագահի՝ ՌԴ այցին: Այս այցը ի՞նչ էր նշանակում և ի՞նչ հետևանքներ կունենա, եթե հաշվի առնենք մյուս կողմից ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը՝ կապված մաքսատուրքերի հետ:

- Չինաստանի նախագահի այցը Մոսկվա հյուրերից ամենաուշագրավն է քաղաքականորեն: Մոսկվան աշխուժորեն փորձում է Չինաստանի հետ առանցք կազմել՝ ներառնելով այլ երկրներ ևս: Չինաստանը, սակայն, նույն խանդավառությամբ չի արձագանքում: Դա ուղերձ է Վաշինգտոնին՝ կամուրջները բաց պահելու:

- ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագրի բանակցությունների հարցում կարծես թե դադար է: Թե՞ տպավորությունը խաբուսիկ է:

- Այո, ընդամենը դադար է: Պատերազմը շարունակվելու է նման դադարներով, կանգառներով, հիբրիդային համախառն տեսքով: Ուկրաինայի պատերազմի նպատակներից է նաև երկարատևությունը՝ ընթացքում քաղաքական առևտուրներ իրականացնելու համար:

Արման Գալոյան