Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
- Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգելու իրական պատճառը։
- Իրան-ԱՄՆ բանակցությունների հետաձգելու իրական պատճառը պետք է փնտրել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների տիրույթում։ Իսրայելը և Նեթանյահուն որևէ նպատակադրում չունեն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքվի միջուկային գործարք, Իրանը դուրս գա պատժամիջոցների տակից, և տարածաշրջանը սկսի բացվել։
Իսրայելը շահագրգռված է, որ Իրանը լինի թիրախ, և այստեղ առանցքային դերն անձամբ Միացյալ Նահանգներին է։ Անձամբ Նեթանյահուի շահն այստեղ այն է, որ նրա ներքին դիրքերը երկրի ներսում խաթարված են, նա լուրջ խնդիրներ ունի , նաև ներքաղաքական նպատակներից ելնելով, ամեն ինչ անելու է, որպեսզի սաբոտաժի ենթարկի այն նշմարվող գործընթացը, որ կա ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Այսինքն, այստեղ կա և՛ ներքաղաքական շահ, և՛ անձնական շահ՝։ Նեթանյահուի համար կյանքի ու մահու, իշխանության մնալու կամ դրանից զրկվելու հարց է Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրը։ Ես դիտարկում եմ նախ այս համատեքստում։ ԱՄՆ-ն որևէ լուրջ խնդիրներ, որն անհաղթահարելի է, Իրանի հետ չունի։ Իրանն ամենագլխավոր՝ միջուկային զենքի հարցում, կարծես պատրաստ է գնալ կոնսենսուսի և թույլ տալ, որ այդ ծրագիրը վերահսկվի ՄԱԳԱՏԷ-ի կողմից, նույնիսկ առաջարկ է հնչել, որ նրանց՝ արդեն հարստացված ուրանը փոխանցվի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Իրանը դրան էլ է համաձայն։
- Դրան զուգահեռ ԱՄՆ-ն նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ․ արդյո՞ք սա վկայում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների՝ ավելի լարված դառնալու մասին։
-Իհարկե, Թրամփի հայտարարությունը՝ կապված պատժամիջոցների հետ, պետք է դիտարկել հենց այդ տիրույթում։ Պատժամիջոցները միակ գործիքն է, որով ԱՄՆ-ն կարողանում է ճնշում գործադրել իրանական ռեժիմի վրա։ Ես հատուկ ուշադրություն կդարձնեի Թրամփի ուղերձին իրանական կողմից, որտեղ նա նշել է, որ ցանկացած մեկը, ով կգնի իրանական նավթային արտադրանքը, ենթարկվելու է շատ լուրջ պատժամիջոցների, այդ թվում նաև՝ Ամերիկայի հետ հարաբերություններում։ Այսպիսով, Թրամփը և ԱՄՆ-ի ադմինիստրացիան փորձում են այնպես անել, որ Իրանը վերջնականապես իզոլացված դառնա, և ես դա էլ եմ դիտարկում այդ նույն համատեքստում։ Լարվածությունն ակնհայտ է․ այս լարվածությունն ունի շահառուներ։ Այստեղ հիմնական շահառուն Իսրայելն է։ Նաև մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի ներկայացուցիչները, անձամբ՝ Նեթանյահուն։
-Իսկ այս զարգացումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ տարածաշրջանի վրա, նաև՝ հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից։
-Եթե այս հարաբերությունները գնալով վատթարանան, և չլինի միջուկային գործարք, այսինքն, ԱՄՆ-Իրան հարաբերություններն այդպես էլ չունենան բարեհաջող զարգացում և ավարտ, դա Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի վրա կարող է միայն նեգատիվ ազդեցություն ունենալ, եթե չհաշվենք Ադրբեջանին, որ այդ ամբողջից միայն շահում է։ Մեզ համար շատ կարևոր է, որ Իրանը բացվի ամբողջ աշխարհի համար որպես նավթի, գազի շուկա, որովհետև այդ դեպքում ճանապարհներից նախընտրելին, որով իրանական նավթը և գազը կարող են դուրս գալ միջազգային շուկա, Հայաստանի տարածքն է, և սա մեզ համար հնարավորություն է։ Եթե Իրան-ԱՄՆ հարաբերությունները չեն կարգավորվում, չեն ունենում դրական ավարտ, այդ բոլոր հնարավորությունները մեզ համար մնալու են որպես երազանք։ Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. Իրանը կարող է դառնալ տրանզիտի գոտի, կարող են գնալ կոմունիկացիաներ Իրանի տարածքով, որոնք շրջանցելու են, տվյալ դեպքում, Ադրբեջանը, իսկ դա մեզ համար ևս շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը հիմա մեծ դերակատարում է փորձում ձեռք բերել՝ հաշվի առնելով, որ հյուսիսային ճանապարհը փակ է Ռուսաստանի տարածքում, և պոտենցիալ ճանապարհը, որ կապում է Չինաստանը ԵՄ-ի հետ՝ Իրանի տարածքը, ևս փակ է։ Եթե կոնֆլիկտն ԱՄՆ-ի ու Իրանի միջև շարունակվեց, այդ ճանապարհը շարունակելու է մնալ փակ, Ադրբեջանն էլ փորձելու է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի ստանա այն ճանապարհը, որ մեզնից պահանջում է՝ սկսած այն օրվանից, երբ ստորագրվել էր չարաբաստիկ «Նոյեմբերի 9»-ի թղթի կտորը։ Հետևաբար, այս հեռանկարը մեզ համար կարող է ունենալ միայն բացասական արդյունք և հետևանքներ։
Անժելա Պողոսյան