Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Ստորագրվել է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը, որը վերաբերում է Ուկրաինայի ընդերքի օգտագործմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
- ԱՄՆ-ն դեպի ՌԴ մերձեցման դեկլարատիվ ակնարկներ հղեց, Կիևին հասկացրեց, որ պետք է գնալ հրադադարի համաձայնության։ Հողի վրա, սակայն, ոչինչ չի փոխվել․ միակ համաձայնությունն, ըստ էության, Վաշինգտոն-Կիև գծի վրա է։ ԱՄՆ-ն իր տրամադրած աջակցությունների դիմաց վերցնում է հանքերը։ Կարծում եմ՝ սա է մեխը այս ամբողջ թղթածրարի։
– Արդյո՞ք այս փաստաթղթի ստորագրումը նշանակում է, որ կարող ենք ակնկալել նաև ռուս-ուկրաինական համաձայնագրի ստորագրում կամ, առնվազն, անորոշ ժամանակով ռազմական գործողությունների դադարեցում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՌԴ-ն երկրորդ անգամ է միակողմանի հրադադար հայտարարել:
- Չի բացառվում, որ լինեն ժամանակավոր հրադադարներ։ Մոսկվան վերցնում է տարածքներ։ ԱՄՆ-ն հայտարարել է արդեն, որ որոշ տարածքներ ճանաչում է իբրև ռուսական։ Ուկրաինան՝ հանքերի և տարածքների մասերով, կիսում են Վաշինգտոնն ու Մոսկվան։ Պարզ է, որ Կիևը պիտի չհամաձայնի այս պայմաններով հրադադարին․ գոնե՝ այս պահի դրությամբ։
– Այս համատեքստում ի՞նչ էին նշանակում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունները, որ Պուտինը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, իսկ Ուկրաինան չի կարող ռուսներին ետ մղել մինչև 2014 թվականի սահմանները: Արդյո՞ք Ուկրաինան, այնուամենայնիվ, կհամաձայնի այս տարբերակին:
- Ռուբիոյի ասածն այն է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը պետք է նստեն բանակցությունների։ Հիմնական շահառուն Վաշինգտոնն է․ համ ստանում է հանքային հարստությունները, համ առկայություն է հաստատում ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում։ ԱՄՆ-ի ճշտած կանոններով է ընթանում խաղը։
– Խնդրում եմ անդրադառնալ նաև ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի հասցեին ուղղված հայտարարություններին, որ այդ երկրից նավթ գնող երկրները կենթարկվեն պատժամիջոցների, ինչպես նաև այն փաստին, որ հետաձգվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը:
- Այդ երկու իրողությունները իրար հետ կապ ունեն։ Երբ առկախվում են, ենթադրվում է, որ ինչ-որ խնդիր կա։ Այս կերպ Վաշինգտոնը հիշեցնում է, որ պատժամիջոցները չեն վերանա, եթե համաձայնություն չլինի։ Կարծում եմ՝ բանակցային գործընթացը կշարունակվի։
– Հարավային Կովկասում սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով Իրանի հետ Կովկասի երկրների հարևան լինելն ու առանձնահատուկ հարաբերությունները;
- Իրանն, ԱՄՆ-ի հետ համաձայնության գալով, տնտեսապես կապաշրջափակվի Հարավային Կովկասի ճանապարհով։ Ավելի կոնկրետ՝ Հայաստանի, ավելի մասնակի, իբրև առաջին կետ, Սյունիքով։ Այս կենսաճանապարհն անսակարկելի է Թեհրանի համար․ սրանով էլ պայմանավորվում է Իրանի վճռականությունը՝ Հայաստանի հետ իր սահմանային գոտիներում որևէ փոփոխություն չհանդուրժելու։ Կամ վերջերս պաշտոնական Թեհրանի կողմից հայտարարված Նախիջևան-Իրան-Ադրբեջան կապուղու նախագիծը։ Այս բոլորը կապված են գլոբալ աշխարհաքաղաքականության հետ։ Այս դեպքում՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ։
Արման Գալոյան