Հարցազրույց

«Մոսկվան և Վաշինգտոնն արդյունավետ պայմանավորվածության պրոցեսում են». Հակոբ Բադալյան

Ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ հայտարարություններն արվում են ետնաբեմում տեղի ունեցող գործընթացը ծածկելու, քան այդ գործընթացը հանրությանը ներկայացնելու համար․ Radar Armenia-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ 

- Վերջին շրջանում ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչում։ Կողմերը, կարծես, նշում են, որ մոտ են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է սա իրատեսական։

– Մենք տեսնում ենք իրարամերժ հայտարարություններ։ Անգամ օրվա ընթացքում միևնույն մարդու շուրթերից կարող են հնչել տարբեր տրամաբանության հայտարարություններ։ Դա վերաբերվում է անգամ Թրամփին։ Մենք պետք է դատենք պրոցեսով, և ոչ՝ հայտարարություններով։ Առանցքային է, օրինակ, այն, որ արդեն չորրորդ անգամ Թրամփի հատուկ բանագնացը մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պուտինի հետ։ Եթե հատուկ բանագնացը, որը Թրամփի համար ամենավստահելի անձանցից մեկն է, արդեն 4-րդ անգամ մեկնում է ՌԴ ու հանդիպում Պուտինի հետ, սա նշանակում է, որ կա որոշակի արդյունավետ պրոցես։ Այսինքն, Մոսկվան և Վաշինգտոնը ինչ-որ արդյունավետ պայմանավորվածության պրոցեսում են, որովհետև հակառակ դեպքում 4-րդ այց չէր լինի, 1-2 այցից հետո չէր շարունակվի։ Սա պատերազմը դադարեցնելու մասին է, թե ոչ, դժվար է ասել։ Եթե նույնիսկ պատերազմը դադարեցնելու մասին է, այստեղ չենք կարող բացառել տարբերակը, որ դադարեցնելու ճանապարհ կարող է դիտվել նույնիսկ պատերազմն ավելի թեժացնելը։ Պատերազմն այստեղ միջոց է ավելի մեծ պայմանավորվածությունների։ Պայմանավորվածությունների ընթացքը կկանխորոշի՝ երբ, ինչպես, ինչ ծավալով, ինչ տրամաբանությամբ կարող է դադարել պատերազմը, բայց քննարկվող հարցերը շատ ավելի լուրջ են, քան միայն պատերազմը և Ուկրաինան՝ ընդհանրապես։

- ԱՄՆ նախագահն իր վերջին հայտարարություններից մեկում կարծես հիասթափված է Ռուսաստանից և խոսում է պատժամիջոցների մասին։ Ինչի՞ց է դժգոհ Թրամփը։
 

- Թրամփը, բացի նրանից, որ ինչ-որ պայմանավորվածությունների մեջ է Ռուսաստանի հետ, նաև ունի իր գլխավոր խնդիրը՝ իր իշխանության հարցը։ Այդ հայտարարություններով պետք է դիտարկել, որ նա ունի ամերիկյան հանրության համար այնպիսի վարքագծի, հռետորաբանության անհրաժեշտություն, որ իր համար խնդիրներ չստեղծի ներքին դաշտում։ Ակնհայտ է, որ փորձ է արվում պարզապես Զելենսկու հանդեպ ճնշման միջոցով գալ ավելի գործնական պայմանավորվածությունների միջավայր։ Բնականաբար, Զելենսկին դիմադրում է, որովհետև իր համար ընդհուպ կյանքի խնդիր է։ Նա բացառապես լուծում է սեփական իշխանության և կյանքի հետ կապված խնդիրներ։ Ուկրաինայի հետ կապված խնդիրներ նա այսօր չի լուծում։ Ուկրաինան ակնհայտորեն հայտնվել է մանրադրամի կարգավիճակում, ուկրաինացիները՝ մսաղացի մսի կարգավիճակում, մնացածը փորձում են այստեղ իրենց խնդիրները լուծել։

- Կոնկրետ ի՞նչ է ուզում Թրամփը. ինչի՞ է ուզում հասնել։ Արդյո՞ք գլխավոր նպատակը խաղաղությունն է։

- Թրամփի ուզածն իր իշխանությունն ամրապնդելը և պահելն է, նաև՝ հաջորդ ժամկետի համար, անկախ նրանից, թե դա կլինի իր տեսքով, թե, օրինակ, փոխնախագահ Վենսի կամ այլ թեկնածուի։ Թրամփը համարում է, որ պետք է հաշվի նստել ուժերի բալանսի հետ, որն այսօր կա աշխարհում, հաշվի նստել ամերիկյան հեգեմոնության հնարավորությունների նվազման հետ և ուժային նոր կենտրոնների, նոր բալանսի առաջացման հետ։ Ըստ այդմ, պայմանավորվել հետագա հարաբերությունների վերաբերյալ, ոչ թե փորձել այդ համաշխարհային հեգեմոնությունը ամեն գնով առաջ տանելով՝ իրավիճակը հասցնել ընդհուպ միջուկային պատերազմի ռիսկերի։ Բնականաբար, այստեղ ևս յուրաքանչյուր կողմ իր շահերն է առաջ մղում։ Թրամփի ու Ռուսաստանի հարաբերություններում, կարծում եմ, երկու կողմն էլ փորձում են առավելագույնս դնել իրենց շահերը։

- Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել առանց նախապայմանների։ Ի՞նչ եք կարծում՝ մտադրություն կա՞ իսկապես պատերազմը դադարեցնելու, թե՞ սա պարզապես ժամանակի ձգձգում է։

- Ռուսաստանը ևս փորձում է իր առավելագույնին հասնել Ուկրաինայի և համաշխարհային ազդեցության հարցում։ Ռուսաստանը փորձում է պահպանել կամ ամրագրել իր տեղը որպես բևեռ, առանց որի համաշխարհային օրակարգում հարցեր չեն լուծվի։ Ուկրաինան ընդամենը ուղղություններից մեկն է։ Երբ խոսում ենք ռուս-ամերիկյան երկխոսության մասին, պետք է նկատի ունենալ, որ պատերազմը կանգնեցնելը նպատակը չէ, միջոց է։ Իրենք կարող են մի քանի ամիս էլ բանակցել, իսկ Ուկրաինայում պատերազմը շարունակվի, մարդիկ կարող են մեռնել, իրենք բանակցեն մի քանի ամիս այլ հարցերում, այլ ռեգիոններում, այլ ռեսուրսների առումով ինչ-որ համաձայնությունների գալու համար։ Որևէ մեկը նպատակ չունի այնտեղ պատերազմը կանգնեցնել, պարզապես, որովհետև խաղաղասեր է։ ՌԴ-ի դեպքում էլ, եթե պետք է շահերն առաջ տանել պատերազմի միջոցով, բնականաբար, կփորձեն շարունակել, եթե հակառակը, իհարկե, տրամադրված կլինեն, առնվազն այս հարցում, ավելի կոնստրուկտիվ լինելու։ Նաև ակնհայտ է, որ իրենք կարմիր գծեր են դրել, և դրանք նվազագույնն են իմ պատկերացմամբ. այսօրվա ռազմաճակատային գծի պահպանումը որպես հրադադարային գիծ և Ուկրաինայի հարցում դրված անվտանգության հետագա մեխանիզմի կոշտ սահմանումներ, որից մեկը ՆԱՏՕ-ի անդամ և արտաբլոկային որևէ ռազմական դաշինքի մաս չլինելն է։ Ակնհայտորեն, կան պայմաններ Ուկրաինայի զինված ուժերի չափի, հագեցածության և այլնի վերաբերյալ։ Դժվար է ասել՝ դրանք կարմիր գիծ են Ռուսաստանի համար, թե շարժական կարող են լինել։ Բայց ՆԱՏՕ-ի պարագան հստակ կարմիր գիծ է։ 

Անժելա Պողոսյան