Հարցազրույց

«Փորձ է արվում բազմազանեցնել Հայաստան-ԱՄՆ համագործակցության ոլորտային կազմը». Խալաթյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանն է։

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս փուլը՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի այցը Հայաստան։

- Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում արձանագրվում է դանդաղ, բայց հաստատուն խորացում: Երկուստեք կաշկանդող հանգամանքները բավական շատ են՝ Հայաստանի պարագայում դա Ռուսաստանից ահռելի տնտեսական կախվածությունն է, ռուսաստանակենտրոն ինտեգրացիոն միավորումներում մնալը, Հայաստանում ռուսական զինված կոնտինգենտի առկայությունը, ԱՄՆ-ի դեպքում՝ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի բարեկամ Իրանի հետ լարված հարաբերությունները, իհարկե, Ռուսաստանի հետ աննախադեպ կոնֆրոնտացիան, Ադրբեջանի էներգետիկ պաշարների կարևորությունը եվրոպական էներգետիկ անվտանգության համար և, դրանով պայմանավորվա, որոշակի կաշկանդիչ հանգամանքները: 

Չնայած այս ամենին՝ կողմերը գիտակցում են, որ արժեքային տիրույթում գտնվում են միևնույն նավում, այսպես ասած՝ արժեքահեն դաշնակիցներ են, և, ըստ այդմ, առկա են նախադրյալներ երկարաժամկետ հեռանակարում հարաբերությունները ռազմավարական և ինստիտուցիոնալ առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Հարաբերությունների զարգացման միտումների մասին է խոսում փոխայցելությունների նկատելի աճը: Ընդ որում, ակնհայտ է՝ փորձ է արվում բազմազանեցնել համագործակցության ոլորտային կազմը․ պաշտպանությունից մինչև տնտեսություն, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև տեղական ինքնակառավարում և ապակենտրոնացված համագործակցություն:

- ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքները համակարգված ընթանում են՝ Երևանին թողնելով հետևում, նաև հավելել, որ արևմտյան երկրներն ինչ էլ խոստանան, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ՝ ՀԱՊԿ-ին արդյունավետ այլընտրանքներ չկան։ Ինչպես եք մեկնաբանում նրա այս հայտարարությունը։

- Ռուսաստանից հնչող և գնալով սաստկացող հայտարարությունները զարմացնող են: Տպավորություն է, որ Ռուսաստանը սադրում է դեռևս կաշկանդվող Հայաստանին՝ լիարժեք խզել դեռևս պահպանվող անվտանգային կապերը, իսկ եթե դրան ավելացնել ռուսական փորձագիտական դաշտում տարածվող այն միտքը, որ Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական կապերը չեն կարող գոյություն ունենալ առանց պաշտպանական և անվտանգային կապերի, ստացվում է, որ Ռուսաստանը գիտակցված վանում է Հայաստանին՝ վերջինիս դրդելով ասիմետրիկ քայլերի:

- Ո՞ւր են գնում հայ-ռուսական հարաբերությունները։

- Ակնհայտ է, որ գոնե հրապարակային մակարդակում Ռուսաստանի մոտ չկա Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը վերանայելու միտում կամ ընկալում: Փոխարենը՝ Ռուսաստանի քաղաքականությունում շարունակում է գերակայել մերկանտիլ տնտեսական շահը, որը, սակայն, Ռուսաստանին գնալով ավելի ու ավելի մեծ կախման մեջ է դնում Չինաստանից և թուրք-ադրբեջանական տանդեմից: Հայաստանը, որքան էլ օբյեկտիվորեն շատ հարցերում սահմանափակ մանևրի դաշտ ունի, պարտավոր է հետևողական գտնվել արտաքին քաղաքականության բազմազանեցման՝ ընտրված ռազմավարությունում և անհրաժեշտ հետևություններ անի Ռուսատանի պահվածքից:

Հայկ Մագոյան