Հարցազրույց

«Բրյուսելյան եռակողմը տնտեսական տարազով աշխարհաքաղաքական առաջադրանքներ է գրանցել». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Թուրքիայի ԱԳՆ-ն, անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հանդիպմանը, հայտարարեց, որ այն հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է լինի տարածաշրջանային վեճերը լուծելու հիմքը։ Անկարան կոչ է անում 3-րդ երկրներին՝ հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ։ Ձեր կարծիքով՝ ինչու՞ են Թուրքիան և Ադրբեջանը, նաև՝ Ռուսաստանը, անհանգստացել Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպումից՝ հատկապես, որ այս հանդիպման նպատակը տնտեսական բաղադրիչն էր։

- Կարծում եմ՝ Անկարայի չեզոքության խորհուրդները շատ պարզ տրամաբանությամբ ընկալելի չեն լինի։ Թուրքիան ի՛նքը չէ, որ պիտի խոսի չեզոքությունից։ Թուրքիան աջակցել է, դրդել, հրահրել պատերազմը։ Առանց Թուրքիայի ներգրավվածության՝ Ադրբեջանը դժվար թե կարողանար հասնել ռազմական այս արդյունքներին։ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան անհանգստությունը ակնկալելի է՝ թեկուզ տնտեսական բաղադրիչով բացատրվող բրյուսելյան եռակողմով։ Տնտեսության դիֆերսիֆիկացումը համազոր է ՌԴ-ի կախյալությունից դուրս գալուն․ տնտեսություն զարգացնելը ներառում է, բնականաբար, նաև ռազմական բյուջե, ինչը երեք երկրների համար էլ անհանգստացնող ազդակ է։ Աշխարհաքաղաքական ներկա դրույթները նկատելիս՝ հստակ է, որ եռակողմի տարազը, տնտեսական լինելով հանդերձ, ըստ էության ռազմավարական և աշխարհաքաղաքական առանցքներ են։

- ՆԱՏՕ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեսակի աջակցություն։ Նրա խոսքով՝ Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի տա ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին։ Որքանով են թուրքական կողմից հնչող հայտարարությունները ընկալելի միջազգային հանրությանը, և արդյո՞ք նման հայտարարությունները սպառնալիքներ չեն՝ ուղղված Հայաստանին։

- Այո, անվտանգության առումով լուրջ սպառնալիքներ են։ Շուշիի հռչակագիրը արդեն սպառնալիքների հայեցակարգ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի համաձայնեցված փաստաթուղթ։ Սակայն, միաժամանակ, կան զսպիչ գործոններ, հակակշռող կողմեր։ Դրա համար էլ, օրինակ, Սյունիքի անցքը չի բացվում։ Այլապես, երբ թե՛ Բաքուն, թե՛ Անկարան և թե՛ Մոսկվան համաձայն են, որ Սյունիքի անցքը աշխատի, բայց առ այս պահը չի աշխատում, դա ենթադրում է, որ այլ կողմեր չեն թույլատրում։ Սպառնալիքների դիմաց կան զսպիչ գործոններ։ Հակակշիռ քայլերով հատկանշված աշխարհաքաղաքական մրցապայքար է գնում տարածաշրջանում, ընդ որում՝ մեր երկրում։

- Ռուսական կողմից էլ հայտարարում են, թե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները փաստացի հասել են ուղիղ առճակատման մակարդակի: Ի՞նչ եք կարծում՝ այս առճակատումը հնարավո՞ր է մոտ ապագայում վերաճի նոր ռազմական գործողությունների, պատերազմի։

- ՆԱՏՕ-ՌԴ կամ Արևմուտք-ՌԴ պրոքսի պատերազմական գործողությունները չեն բացառվում։ Հիբրիդային ընդհանուր պատերազմ է՝ տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական և ռազմական բաղադրիչներով։ Լայնամասշտաբ նոր պատերազմ, կարծում եմ, չի բռնկվի։ Բայց Ուկրաինայում կշարունակվի ռազմական բախումների գործընթացը։ Այդ ուղղությամբ, եթե լինի հրադադար, դա կառաջնորդի որոշակի թայմ-աութի և տեղի կտա վերահաշվարկների։ Բայց դեռևս այդ հանգրվանում չեն գործընթացները։

- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանը պատասխանելու՝ Թեհրանի սպառնալիքների վերաբերյալ հայտարարել է, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն։ Ի՞նչ զարգացումներ կլինեն այս առնչությամբ։ Նեթանյահուն կլսի՞ Բայդենի հորդորը և կդադարեցնի՞ կրակը Գազայում։

- Իսրայելյան վարչակարգի ուղղությամբ սեղմվում է օղակը։ ԱՄՆ-ն տոնայնության փոփոխություն է գրանցում Իսրայելի հետ խոսելիս։ Սա, ընդհանրապես, տարածաշրջանում Իսրայելի դերի վերանայման մասին է խոսում։ Առ այս պահը Թել–Ավիվը պատերազմը չի հաղթել և չի լուծել իր անվտանգային խնդիրները։ Դա պայմանավորված չէ միայն Իսրայել - Համաս հարաբերակցությամբ։ Միջազգային այլ ուժեր գծել են սահմաններ, կարմիր գծեր, և Նեթանյահուի կառավարությանը չի թույլատրվում հատել այդ գծերը։

Հայկ Մագոյան