Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամն արժեզրկվել է, որը որոշակի հնարավորություններ է ստեղծում արտահանողների համար. լրագրողների հետ զրույցում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք տեսնում ենք, որ պահանջարկը արտարժույթի նկատմամբ ավելի քիչ է, քան առաջարկվող արտարժույթը»,- ասել է ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ պետք է նայել իրական արդյունավետ փոխարժեքի վարքագծին, ոչ թե միայն նրան, թե որքան արժե 1 դոլարը դրամով.
«Տեսնում ենք, որ ռուսական ռուբլու կտրուկ արժևորում է տեղի ունեցել տարվա ընթացքում, այսինքն, նոմինալ առումով որոշակի փոփոխություն կա հայկական դրամի և ռուսական ռուբլու փոխարժեքի մեջ։ Բացի այդ՝ ՌԴ-ում գնաճը դեռևս շարունակում է մնալ ավելի բարձր, քան Հայաստանում։ Այդ երկու գործոնի ազդեցության ներքո հասկանում ենք, որ հայկական դրամը արժեզրկված է ռուսական ռուբլու նկատմամբ, իսկ Ռուսաստանը մեր հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է»,- ասել է Գալստյանը։