2025թ. և 2026թ. չենք պլանավորում նոր պարտատոմսեր թողարկել. այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք հաջողությամբ թողարկել ենք Եվրոբոնդը 750 մլն դոլար ծավալով, տոկոսադրույքը՝ 7.1%: Սովորաբար եվրոբոնդերը գնանշվում են ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների համեմատ։ Դրանք համարվում են ուղենիշային պարտատոմսեր։ Ուրախ ենք, որ սփրեդը, որը մենք ունեցել ենք, 2.86 տոկոսային կետ է կազմել։ Դա մեր վերջին թողարկման համեմատ կազմել է գրեթե նույն մակարդակի։ Շուկայի որոշ փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է։ Այսինքն, մեր նման երկրները բավականին ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում։ Որ մենք նայում ենք շուկային, մենք, օրինակ, Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Հորդանանի, Վրաստանի հետ համեմատ բավականին ցածր սպրեդ ունենք»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ունեցել ենք բավականին մեծ պահանջարկ, որը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որը թողարկվել է։