Ֆինանսներ

Nestlé-ն և այլ խոշոր ընկերություններ մեղմում են գնաճը ԱՄՆ-ում

Կենցաղային ապրանքներ և փաթեթավորված սննդամթերք արտադրող մի շարք ընկերություններ ԱՄՆ-ում սկսում են զսպել գների աճը։

Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք երկրների նկատմամբ սահմանել է լայնածավալ մաքսատուրքեր, ինչը տնտեսագետների շրջանում մտահոգություն է առաջացրել՝ հնարավոր ռեցեսիայի և հումքի ու կոմունալ ծառայությունների գների բարձրացման կապակցությամբ։

Երկուշաբթի օրը նախագահ Թրամփը հանդիպել է խոշոր մանրածախ առևտրային ցանցերի ներկայացուցիչների՝ այդ թվում՝ Walmart-ի և Target-ի ղեկավարների հետ՝ քննարկելու մաքսատուրքերի ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների վրա։

«Վերջին քաղաքական և տնտեսական որոշումները թուլացրել են արդեն իսկ անկայուն սպառողական վստահությունը»,– այսօր լրագրողներին հայտնել է Nestlé-ի գործադիր տնօրեն Լորան Ֆրեյշը։

Նրա խոսքով՝ ընկերությունն ԱՄՆ-ում՝ իր ամենամեծ շուկայում, գները նվազեցրել է մեկ տոկոսով։

«Գնագոյացման հարցում մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն ծախսերը, այլ նաև հաճախորդների, սպառողների ու մրցակիցների արձագանքը։ Մենք փորձում ենք սահմանել այնպիսի գներ, որոնք թույլ կտան պահպանել ֆինանսական կայունությունը՝ միաժամանակ չկորցնելով սպառողների վստահությունը»,– հավելել է նա։

Dove ապրանքանիշով օճառ արտադրող Unilever-ը, որն էլ իր հերթին հրապարակել է վերջին եկամուտները, նշել է, որ Հյուսիսային Ամերիկայում նկատվում է «սպառողական տրամադրությունների անկում»։ Ընկերությունն այդ տարածաշրջանում գները բարձրացրել է ընդամենը 2.1 տոկոսով։