Ֆինանսներ

Ի՞նչ է Հայաստանը ներմուծում Անգոլայից

Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Անգոլայից շուրջ 13 հազար կարատ չմշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր է ներմուծել, ընդհանուր առմամբ՝ 21 մլն 131 հզ․ դոլարի։ 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ չմշակված քարերի ներմուծումն աճել է 13 անգամ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկանում է ՊԵԿ հրապարակած տվյալներից։ 

Բացի այդ՝ Հայաստանը Անգոլայից ներմուծել է նաև 27.6 տ (շուրջ 6000 դոլարի) գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար։ 2023 թվականին այս երկրից գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր չեն ներկրվել։ 

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ, Հայաստանում Անգոլայից ներմուծումն աճել է շուրջ 8 անգամ։ 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Հանդիպմանը նա հայտարարել է, թե ադամանդի հումքի մշակումը Հայաստանում զարգացած է, և տարեկան մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ է հնարավոր ներմուծել Անգոլայից և մշակել Հայաստանում։ 

Անժելա Պողոսյան