Ժամանց

Ջեննիֆեր Էնիսթոնը առաջին անգամ խոսել է Բրեդ Փիթի դավաճանության մասին

Ամերիկացի դերասանուհի Ջեննիֆեր Էնիսթոնը երկար տարիների լռությունից հետո մեկնաբանել է իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի աղմկահարույց պատմությունը։

Vanity Fair ամսագրի սեպտեմբերյան համարում տված անկեղծ հարցազրույցում «Ընկերներ» և «Առավոտյան շոու» սերիալների աստղը պատմել է, որ 2005 թվականի ամուսնալուծությունը դարձել է իր կյանքի ամենադժվար փորձություններից մեկը։

Էնիսթոնի խոսքով, իրավիճակը բարդացել էր լրատվամիջոցների աննախադեպ հետաքրքրությամբ.

«Մարդկանց համար այդ պատմությունը չափազանց «հյութեղ» էր։ Նրանք դադարեցնում էին իրենց սերիալները, որպեսզի կարդան դեղին մամուլը։ Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ, բայց ինչ եղել է, եղել է։ Աստված իմ, իհարկե, ես ամեն ինչ անձամբ ընդունեցի։ Այդ պահին ուժ չունեի անտեսելու»,- ասել է նա։

Դերասանուհին ընդգծել է, որ նույնիսկ համաշխարհային աստղերը մնում են սովորական մարդիկ.

«Նրանք կարծում են՝ եթե դու այս կյանքն ես ընտրել, պետք է դիմանաս։ Բայց ճշմարտությունն այն է, որ մենք այն չենք ընտրել»։

Բրեդ Փիթն ու Ջեննիֆեր Էնիսթոնը ծանոթացել են 1990-ականների վերջին, ամուսնացել 2000-ին, սակայն ամուսնությունը փլուզվել է, երբ Փիթը «Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ հարաբերություններ է սկսել Ջոլիի հետ։ Չնայած անցյալին՝ նրանք այժմ պահում են բարեկամական կապեր։

Ավելի վաղ Բրեդ Փիթը պատմել էր իր կյանքի ամենածանր շրջանի՝ ալկոհոլային կախվածության դեմ պայքարի մասին, որն սկսվել է Ջոլիից բաժանվելուց հետո։