Ժամանց

Սկարլետ Յոհանսոնը դարձել է պատմության ամենաշահութաբեր կինոդերասանուհին

Հոլիվուդյան աստղ Սկարլետ Յոհանսոնը սահմանել է նոր ռեկորդ՝ դառնալով կինոյի պատմության ամենաշահութաբեր դերասանուհին։ Այդ մասին հայտնում է The Wrap պարբերականը։

Յոհանսոնի մասնակցությամբ ֆիլմերի համաշխարհային եկամուտները հասել են շուրջ 14.8 միլիարդ դոլարի, ինչով նա շրջանցել է Ռոբերտ Դաունի կրտսերին և Սեմյուել Լ. Ջեքսոնին։

Ռեկորդի սահմանմանը վճռորոշ դեր է խաղացել նոր թողարկված «Յուրայի շրջանի աշխարհ. վերածնունդ» ֆիլմի հաջող պրեմիերան։ Ֆիլմը վարձույթում ընդամենը վեց օրում հավաքել է 318 միլիոն դոլար։ Սկարլետը այդ ֆիլմում մարմնավորել է Զորա Բենեթին՝ հատուկ գործողությունների մասնագետի, որը մեկնում է մի կղզի, որտեղ դեռևս տիրում են դինոզավրերը։

Դերասանուհու համար ամենաշահութաբեր նախագիծը մնում է Մարվելի կինոընտանիքը, որտեղ նա երկար տարիներ խաղացել է Նատաշա Ռոմանովայի՝ Սև այրիի դերը։ Մարվելյան ֆիլմերը Յոհանսոնի մասնակցությամբ ընդհանուր առմամբ բերել են 8.7 միլիարդ դոլար եկամուտ։

Նշենք, որ սա Յոհանսոնի առաջին մեծ ճանաչումը չէ․ 2018 և 2019 թվականներին Forbes-ն արդեն իսկ հայտարարել էր նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։