Ժամանց

Apple Music-ը նորություն ունի․ ստեղծագործական ստուդիա Լոս Անջելեսում

Apple Music-ի 10-ամյակի կապակցությամբ ընկերությունը հանդես է գալիս երաժշտական ոլորտում նշանակալի նախաձեռնությամբ՝ մեկնարկելով Apple Music Studios ստեղծագործական կենտրոնի գործունեությունը։

Նոր ստուդիան, որի բացումը նախատեսված է օգոստոսի կեսերին, ժամանակակից եռահարկ, 15 հզ․ քառակուսի ֆուտ մակերեսով տարածք է Լոս Անջելեսի Կալվեր Սիթի շրջանում։ Այն նպատակ ունի ոգեշնչել արտիստներին և նրանց հնարավորություն տալ ավելի խոր կապ հաստատել իրենց լսարանի հետ։

Տարածքում ներառված են երկու բարձր տեխնոլոգիական ռադիո ստուդիաներ, որոնք նախատեսված են տարածական ձայնով (spatial audio) հաղորդումների, ուղիղ հեռարձակման հարցազրույցների, անկեղծ զրույցների և անակնկալ կատարումների համար։

Ստուդիայի անմիջական հարևանությամբ գործում է ընդարձակ ձայնային բեմ, որը պատրաստ է հյուրընկալել կենդանի ելույթներ, երկրպագուների մասնակցությամբ միջոցառումներ և կինոնկարահանման բնույթի ծրագրեր։ 

Apple-ի այս նոր ստուդիան լինելու է ընկերության գլոբալ ստեղծագործական ցանցի կենտրոնը։ Նմանատիպ հարթակներ շուտով կբացվեն նաև Նյու Յորքում և Լոնդոնում։

Նոր կենտրոնը կներառի նաև լուսանկարչության և սոցիալական մեդիայի լաբորատորիա, մոնտաժային սենյակ և հյուրերի համար նախատեսված հատուկ տարածք։ Մեկուսացված սենյակները կհարմարեցվեն երգերի ստեղծման, պոդկաստների ձայնագրման և անհատական հարցազրույցների համար։

Ստուդիայի միջանցքներում կցուցադրվեն Apple Music-ի պատմական պահերը պատկերող լուսանկարներ և արվեստի գործեր՝ ներկայացնելով ծառայության անցած ճանապարհն ու մշակութային ազդեցությունը։