Չինական մասնավոր տիեզերական ընկերությունը՝ SEPOCH-ը, հաջողությամբ իրականացրել է հրթիռով փաթեթների փորձնական առաքում Taobao էլեկտրոնային հարթակից. գրում է Xinhua գործակալությունը։ Թռիչքից հետո հրթիռը անվտանգ վայրէջք է կատարել ծովի վրա և ետ վերադարձվել ամբողջական վիճակում՝ դառնալով նշանակալի քայլ առևտրային տիեզերական լոգիստիկայի զարգացման մեջ։
Պեկինում հիմնված SEPOCH ստարտափը մայիսի 29-ին իրականացրել է իր առաջին «հրթիռային առաքման» փորձարկումը Չինաստանի արևելյան ափից։ XZY-1 անվանումը կրող չժանգոտվող պողպատից պատրաստված հրթիռը տեղափոխել է ավելի քան 20 կգ ծանրությամբ փաթեթներ և թռիչքից հետո հաջողությամբ վայրէջք է կատարել Շանդուն նահանգի մերձափնյա ջրերում։
26.8 մետր երկարությամբ և 57 տոննա քաշ ունեցող հրթիռը 125 վայրկյանում հասել է 2.5 կմ բարձրության։ 18 ժամ տևած որոնումից հետո հրթիռը վերադարձվել է գործարան՝ առանց որևէ վնասման նշանի։ Հրթիռի բեռնախցիկը՝ 120 մ³ տարողությամբ, նախատեսված է մինչև 10 տոննա բեռ տեղափոխելու համար, ինչը տեսականորեն թույլ կտա փոխադրել նաև ավտոմեքենաներ կամ փոքր բեռնատարներ։
Թեստավորման ընթացքում տեղափոխվել են ապրանքներ Taobao-ի երկու խանութներից, այդ թվում՝ Չինաստանի ազգային գրադարանի պաշտոնական խանութից։
SEPOCH-ի և Alibaba-ի Taobao հարթակի համագործակցությունը նշանավորում է Չինաստանի մուտքը արագ զարգացող հրթիռային փոխադրումների ոլորտ։ Այս տեխնոլոգիան կարող է հեղափոխություն առաջացնել գլոբալ լոգիստիկայում՝ միջմայրցամաքային առաքման ժամանակը կրճատելով օրերից՝ րոպեների։
SEPOCH-ը նախատեսում է մինչև 2025թ․ վերջն իրականացնել իր առաջին ուղեծրային թռիչքն ու վերականգնումը։ Հրթիռը կկարողանա 7 տոննա բեռ փոխադրել 1100 կմ բարձրությամբ ուղեծրով՝ օգտագործելով հեղուկ թթվածին և մեթան։
Հաջորդ փուլում կբարելավվի բեռնախցիկի կառուցվածքը՝ ընդլայնելով փոխադրվող ապրանքների տեսականին, որը կներառի նաև թարմ մթերք և փխրուն ապրանքներ։ Նախատեսվում է նաև փաթեթների անվտանգության համակարգի մշակումը։