Նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը վերջապես ընդգրկվել է թագավոր Չարլզի ծննդյան պատվավոր պարգևների ցուցակում և շուտով կստանա ասպետի կոչում։ Լուրը հրապարակել է The Sun-ը՝ նշելով, որ Բեքհեմը պաշտոնապես կդառնա սըր Դեվիդ Բեքհեմ։
Նրա կինը՝ մոդելյեր և «Spice Girls» խմբի նախկին անդամ Վիկտորիա Բեքհեմը, այսուհետ հայտնի կլինի որպես լեդի Բեքհեմ։
Դեվիդ Բեքհեմը, որ մայիսին նշեց իր 50-ամյակը, վերջին տարիներին ձևավորել է սերտ հարաբերություններ թագավորի հետ։
Բեքհեմը դեռ 2003-ին արժանացել էր OBE կոչման՝ հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց ստանալով պատվո մեդալ։ Սակայն երկար տարիներ ասպետի կոչումը անհասանելի էր նրան։ Արգելք էին հանդիսացել որոշ հարկային գործարքների հետ կապված բարդություններ, ինչպես նաև 2017-ին տարածված մի շարք գաղտնալսված նամակներ, որտեղ Բեքհեմը դժգոհում էր պատվոգրերի հանձնաժողովից՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ։
Սակայն ժամանակը ամեն ինչ իր տեղն է դրել։ Նախորդ տարի Բեքհեմը նշանակվել է թագավորական հիմնադրամի պաշտոնական դեսպան, իսկ հանրային հեղինակությունը, նրա բարեգործական աշխատանքներն ու անբասիր սպորտային կարիերան ի վերջո առաջնորդել են նրան դեպի սպասված կոչումը։
Թագավորական պարգևների պաշտոնական ցանկը կհրապարակվի հաջորդ շաբաթ։