Ժամանց

Տիկտոկերները թաքնվել են սանհանգույցում և մեկ օր անց անվճար դիտել ՉԼ եզրափակիչը

Բելգիացի տիկտոկերներ Նիլ Ռեմերին և Սենե Հավերբեկեն կարողացել են անմիջապես «Ալյանց Արենա» մարզադաշտում անվճար հետևել ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Բլոգերներն իրենց արկածների մասին կիսվել են և պատմել, թե ինչպես են դա արել։ 

Նրանց խոսքով՝ խաղից 27 ժամ առաջ նրանք սանհանգույց են գնացել և մնացել այնտեղ։ 

«Մեզ հետ ուտելիքով ուսապարկ ունեինք, ժամանակն ինչ-որ կերպ անցկացնելու համար հեռախոսներով էինք խաղում։ Լույսերն անընդհատ վառվում էին, բայց նստելը հարմար չէր, իսկ քնելն ընդհանրապես անհնար էր։ Դժվար էր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն»,- պատմել են նրանք։

Երբ հասել է խաղի ժամը, տիկտոկերները, ձևացնելով, թե երկրպագու են, պարզապես դուրս են եկել զուգարանից և, անցնելով ստյուարդներին, բարձրացել ուղիղ երկրպագուների հատված:

«Մենք ուշադիր հետևում էինք, թե անվտանգության աշխատակիցներից ով է մեզ ամենաքիչն ուշադրություն դարձնում, ուղղակի անցնում էինք, հեռախոսով խոսում, ձեռներիս ուտելիք պահում, ու այդպես հայտնվեցինք ներսում»,- պատմել են նրանք։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս խաղում հաղթել էր 5:0 հաշվով, իսկ հանդիպման տոմսերի արժեքը տատանվել է 90-950 եվրոյի սահմաններում: