Ծիր Կաթինը և հարևան Անդրոմեդա գալակտիկան ներկայումս տիեզերքում ընթանում են միմյանց ընդառաջ ժամում մոտ 400,000 կմ արագությամբ. հայտնում է Reuters-ը։ Ըստ կայքի, այդպես հնարավորություն է ստեղծվում ապագայում գալակտիկական բախման համար, որը կարող է ավերել երկուսն էլ:
Սակայն որքանո՞վ է հավանական այս տիեզերական բախումը:
Նախկին ուսումնասիրությունները կանխատեսում էին, որ բախումը տեղի կունենա մոտ 4-4.5 միլիարդ տարի հետո, սակայն նոր հետազոտություն, որը հիմնված է վերջին դիտարկումների վրա, ցույց է տալիս, որ բախումը հեռու է հաստատված լինելուց: Հետազոտությունը գնահատում է, որ առաջիկա 5 միլիարդ տարում բախման հավանականությունը 2%-ից պակաս է, իսկ 10 միլիարդ տարում՝ մոտ 50%:
Գալակտիկական միաձուլումները նման չեն ավտոմեքենաների բախումներին, որտեղ աստղերն ու մոլորակները կհարվածեին միմյանց: Դրանք բարդ միաձուլումներ են՝ հսկայական մասշտաբով:
Հելսինկիի համալսարանի աստղաֆիզիկոս Թիլ Սավալան, ով «Nature Astronomy» ամսագրում երկուշաբթի հրապարակված հետազոտության գլխավոր հեղինակն է, նշել է. «Եթե բախումը տեղի ունենա, դա կլինի Ծիր Կաթինի և Անդրոմեդայի վերջը: Երկու գալակտիկաների կառուցվածքը կքայքայվի, և միաձուլումից կծնվի նոր, էլիպսաձև գալակտիկա»:
Սավալան ավելացրել է. «Եթե միաձուլում տեղի ունենա, ավելի հավանական է, որ դա լինի 7-8 միլիարդ տարի հետո: Սակայն ընթացիկ տվյալներով մենք չենք կարող կանխատեսել բախման ժամանակը կամ ընդհանրապես դրա տեղի ունենալը»:
Ներկայումս երկու գալակտիկաները գտնվում են միմյանցից մոտ 2.5 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: