Ժամանց

«Պաշտում եմ կանանց». Դեպարդիեին դատապարտել են

Փարիզի դատարանը երեքշաբթի օրը ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել երկու կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ և դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման: Դատավարությունը կապված էր 2021 թվականի «The Green Shutters» ֆիլմի նկարահանման հրապարակում կանանց նկատմամբ սեռական բռնության մեղադրանքների հետ։ Դերասանը հերքել է մեղադրանքը:

Փարիզի դատարանը նաև վճռել է, որ 76-ամյա Դեպարդյեն, ով դատավճռի հրապարակմանը ներկա չի եղել դատարանում, կընդգրկվի Ֆրանսիայի սեռական հանցագործների ռեեստրում:

Դերասանին շուրջ 20 կին մեղադրել են պատշաճ պահվածքի ու ոտնձգության համար, սակայն սա առաջին գործն է, որը հասել է դատարան:

«Զղջման բացակայություն»

Մարտին գլխավոր դատախազ Լորան Գայը առաջարկել էր Դեպարդիեի նկատմամբ 18 ամսվա պայմանական ազատազրկում՝ պնդելով, որ դատավճիռը «հաշվի է առնում պաշտպանի կողմից զղջման իսպառ բացակայությունը»:

Դատախազը հայտնել էր նաև, որ Դեպարդիեին պետք է նաև հոգեթերապիա նշանակել և գրանցել Ֆրանսիայի սեռական հանցագործների ռեեստրում:

76-ամյա Դեպարդիեն հերքում է կանանց նկատմամբ սեռական բռնությունը

«Ես գռեհիկ եմ, կոպիտ, գարշելի․ ընդունում եմ։ Բայց ես պաշտում եմ կանանց և կանացիությունը»,- ասել է դերասանը։

Դատավարության ողջ ընթացքում Դեպարդիեին աջակցել են նրա դուստրը՝ Ռոքսանան, նախկին խաղընկեր Կարին Սիլլան և դերասան Վինսենտ Պերեսը։ 

Երկուշաբթի նրան աջակցել է նաև ֆրանսիացի կինոաստղ Բրիջիտ Բարդոն։

«Նրանք, ովքեր տաղանդ ունեն և, ասենք, ձեռ են գցել գեղեցիկ աղջիկների հետույքին, անմիջապես դուրս են նետվում հասարակությունից։ Առնվազն կարող էինք թույլ տալ, որ շարունակեն իրենց կյանքը։ Այժմ նրանք պարզապես չեն կարող ապրել»,- հայտարարել է Բարդոն։

Նշենք, որ Դեպարդիեն աստղ է դարձել 1970-ական թվականներից։ Նա 1990 թվականին ստացել է «լավագույն դերասան» մրցանակը «Սիրանո դը Բերժըրակ» ֆիլմում իր դերի համար: